ԿարևորՄշակույթ

Հին նոր տարի՞, թե՞ Անվանակոչության տոն․ ի՞նչ նշել հունվարի 13-ին

2100 թվականին Հին նոր տարին հունվարի 13-ի փոխարեն նշել հունվարի 14-ին։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին Հին՝ Հուլյան տոմարով, որից  վաղուց հրաժարվել ենք և 1582 թվականից ապրում ենք  Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծված Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցով, որը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար։ Երկու տոմարներով նոր տարվա միջեւ տարբերությունը 13 օր է։ Հենց այդ տարբերությունը   2100 թվականին կդառնա 14 օր և Հին նոր տարին կնշենք հունվարի 14-ին։

«Հունվարի 13-ը՝ որպես  հին նոր տարի, տոնում են ավանդույթի ուժով, որևէ գիտական  կամ օրացուցային արժեք այն չունի: Ես հիմնական պատճառը տեսնում եմ ուրախանալու ևս մեկ առիթ որոնելու մեջ, ուրիշ որևէ պատճառ չկա»,-ասում է տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։

Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Դրա հիմքում հին՝ Հուլյան տոմարն է, որով  տարին բաժանվում էր 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ տարին «նահանջ» էր ՝366 օրով: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջ Երկրի պտտման պարբերությանը:

Աշխարհում այսօր էլ կրոնական տարբեր կառույցներ շարունակում են օգտվել տարբեր օրացույցներից, օրինակ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մինչ օրս առաջնորդվում է հին տոմարով։

Իսկ մեր եկեղեցական օրացույցով հունվարի 13-ը Քրիտոսի անվանակոչության տոնն է, որը կարծես կորցրել է իր կարևորությունը։

«Խորհրդային, սովետական շրջանում հայ ժողովուրդը հեռացավ եկեղեցուց, և  շատ տոներ սկսեցին մոռացվել, այդ թվում և այս մեկը։ Կարծում եմ դա է պատճառը, որ մինչ օրս անվանակոչության տոնը այդքան մեծ տեղ չի գրավում հասարակության կյանքում»,-ասում է Շավարշ սարկավագը։

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը  առավոտյան եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում։  Տոնն ունի ևս մեկ նշանակություն՝ արժևորել սեփական անունը, հասկանալ՝ ինչու ենք այն կրում, որովհետև անունը ևս մեր կյանքում նշանակություն ունի։

«Տոնը նշելիս ոչ միայն մեր անունների, այլև մեր ապագա երեխաների անունների մասին պետք է խորհենք, ինչպե՞ս ենք անվանակոչելու նրանց, որովհետև շատ մեծ նշանակություն ունի մարդու անունը իր ճակատագրում»,-նշում է Շավարշ սարկավագը։ 

2100 թվականին հին նոր տարին հունվարի 13-ի փոխարեն կսկսենք նշել հունվարի 14-ին, եթե իհարկե, ավանդույթի ուժը դեռ շարունակի գործել։

Ցուցադրել ավելի
Back to top button