ԿարևորՀասարակություն

Կազարյանների ընտանիքի սիրտը դեռ Շուշիում է

Արեգնազ Կազարյանը Շուշիում իրենց  տան կարոտն առնում է հեռախոսում պահպանված տեսանյութերի, լուսանկարների միջոցով: 1 տարի առաջ էր Ջավախքից հասել Շուշի, գնացել էին  ժամանակավորապես, բայց դարձան Արցախի բնակիչներ: 2006-ին շինարար ամուսինը մեկնել էր Արցախ, Շուշիի հիվանդանոցն էին կառուցում: Ընտանիքից շատ էր հեռու, որոշեցին միասին ապրել, հիվանդանոցի կառուցումից հետո  վերադառնալ  Վրաստան, Բավրա: Տուն չվերադարձան, քանի որ արդեն նոր առանձնատուն էին գնել Շուշիում:

Արցախի լեռնաշխարհը սիրեցին, սիրտը տաքացավ և 2 որդիներին 2 քույր պարգևեցին: Աղջիկները 3 և 11 տարեկան են, տղաները 19 ու 20: 14 տարվա մեջ  ինչպես ընտանիքն է ընդլայնվել, այնպես էլ  տունն են ընդրաձակել, կառուցել և ամրացել արցախյան հողում: Արեգնազը հայացքը չի կտրում հեռախոսից, թերթում է  լուսնակարները, տան ամեն մի ամկյունից կարոտն առնում և ամեն մի նկարի հետ մի պատմություն պատմում: Անացած ամռանը 20 ամյա որդուն էին նշանել, հարսնացուն արցախցի է:

«Տունը ուզեցանք լավ սարքեինք, հետո իրան, հուլիս ամիսն էր, նշանը դրինք, պսակեինք,  էլ չհասցրինք, էլի»:

Ամռանը նշել են նաև փոքրիկ Մերիի ծնունդը: Երանությամբ է հիշում այդ օրերը: Լուսանկարները թերթելիս ժպտում է, հետո հոգին լցվում տխրությամբ, տանջանքով  ստեղծած տունը չհասցրեցին վայելել: Ավագ որդու համար նախատեսել էին նոր տուն կառուցել իրենց հողամասին կից նոր ձեռք բերված հողակտորում.

«Հողատարածք առանք էս մի երկու ամիս առաջ, ասինք, որ իրա համար տուն սարքեինք: Տարածք ունինք, մի հատ էլ մեծացնենք թող ավելի լավ ըլնի»:

Արեգնազը հիմա համացանցում  որոնում է տեսանյութեր  Շուշիից: Տեսել է, թե ինչպես է թշնամին մտնում ու ոչնչացնում իրենց վերահսկողության տակ գտնվող տների գույքը: Ասում է՝ միգուցե իր տուն էլ մտնեն, նկարեն, ինքը տեսնի:  Ավագ որդին՝ Արարատն էլ հայացքը չի կտրում հեռախոսից,  գուգլ քարտեզով  բացում է իրենց թաղամասը,  ներկայացնում տունը.

«Այ էս իրա ճանապարհն է, հողամասը, գարաժը, ջերմոցը, տունը, կողքի շինությունը: Նոր առած հողամասն էլ էսա, 2-3 հատ տուն կլիներ մեջը լավ, որ սարքեինք»:

Որոշել էին պսակադրվել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, պատերազմը փոխեց պլանները, թերևս Արեգնազը դեռ հույսը չի կտրում, մտածում է խաղաղապահների միջնորդությամբ մի օր  հնարավորություն կտրվի այցելել իրենց մայր տաճարը, այնպես, ինչպես Դադիվանք:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթյունները սկզբում անհասկանալի են եղել: Արեգնազն այդ  օրը  տան միայն  երեխաների հետ էր: Օրը կիրակի էր, ամուսինն էլ որոշել էր հանգստանալ,  գնացել էր Վարադա՝ Ֆիզուլի, ձուկ բռնելու: Կրկնվող պայթյուններից նա  հասկացել էր, որ պատերազմ է սկսվել, երեխաների ու հարազատների հետ իջել էին նկուղ մինչև ամուսնու վերադարձը: Ասում է՝ շատ անսպասել էր ամեն ինչ, խմոր են հուցել, հաց թխել, բայց թողել վառարանի մեջ.

«Հացն էլ ըտենց մնաց գազի մեջը, ըտենց թխած, չեմ մոռանում էդ պահերը»:

Պատերազմի առաջին օրվանից եկել են Հայաստան, սկզբում ապրել են Արտենիում, բարեկամի տանը, ապա տուն վարձել Արմավիրում: Թեև իրենց ընտանիքից ոչ մեկը պատերազմին չի մասնակցել, բայց ամուսինինն իր մեքենայով  տեղահանվածներին օգնել է տեղափոխվել Հայաստան: Հիմա Արցախում է, շինարարությամբ է զբաղված: Պատերազմից հետո Արեգնազը մի անգամ է գնացել Ստեփանակերտ, վարձով տուն են փնտրել, չեն  գտել, նորից վերադարձել է Արմավիր:

19- ամյա որդին՝ Ռուբենը,  հույս է տալիս, բայց այլ մտադրությամբ.

«Ստեղ գործ փնտրեցի, փնտրեցի, չգտա, ինչ էլ ըլներ էլի բան էր, էլի, մինչև գնամ Ղարաբաղ, պապայիս հետ աշխատեմ, աշխատենք մի հատ տուն առնենք թազա, թեկուզ Հայաստան, թեկուզ Ռուսաստան, որտեղ ստացվի էլի: Իմ պլանները հըլը էդա»:

Տղաները ցանկանում են Արցախից դուրս գալ, ծնողները՝ ոչ: Արեգնազն Արցախի համը փորձել  էր  ստանալ Արմավիրում  և որոշել Ժենգյալով հաց թխել: Շուկայից մի քանի կանաչիներ էր գնելլ ու անցել գործի: 11-ամյա Մարիետան օգնել  է մորը  և այդ մասին ինձ պատմեց իր սիրելի արցախյան բառբառով: Թխել են, բայց Արցախի համը չեն զգացել, չէ որ Ժեմգյալով հացի մեջ չկային  Արցախի կանաչիները:

Back to top button