ԿարևորՀասարակություն

Ի՞նչ ենք դիտելու․ պայքար՝ հանուն եթերի

Հեռուսատաալիքները վերադիրքավորվում են։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած  «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման» մրցույթը մոտեցել է ավարտին․ մարզերում հեռարձակվելիք ալիքները կճանաչենք հունվարի 14–ին, իսկ հանրապետական և մայրաքաղաքային սփռման ալիքների ցանկը կամփոփվի հունվարի 15–ին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը պարզաբանում է՝ հայտարարվել է 25 հաճախականության մրցույթ․ 13–ը՝ մարզային, 9–ը՝ մայրաքաղաքային և 6–ը՝ հանրապետական ալիքների համար։ Սակայն մրցույթի ընթացիկ փուլում տեղի է ունեցել փոփոխություն՝ պակասել է հանրապետական 1 և մայրաքաղաքային 2 հաճախականություն։

«ՀՀ–ն Ռուսաստանի հետ կնքել է համաձայնագիր։ Գիտեք, որ միջազգային համաձայնագրի հիման վրա՝ տվյալ երկիրն առանց մրցույթի է սլոթեր ստանում։ Մենք հայտարարել ենք 6 հանրապետական ու 9 մայրաքաղաքային հաճախականության մրցույթ, բայց քանի որ Հայաստանն արդեն համաձայնագիր կնքել է Ռուսաստանի հետ, հիմա մեկ հանրապետական ու երկու մարզային հաճախականություն տրվում է Ռուսաստանին»։

Այսպիսով՝ ռուսական«Культура» և «Первый канал» հեռուստաալիքները կհեռարձակվեն Երևանում, իսկ «РТР-Планета»–ն՝ հանրապետության ողջ տարածքում։

5 հեռուստաալիք կունենա հանրապետական սփռում․ այդ իրավունքի համար այժմ պայքարում է 12 ընկերություն՝ «Արմնյուզ», Հ2, «5–րդ ալիք», «Կենտրոն», «Արմենիա», ATV, 1in.am, Freenews, Ա1+, Հանրային, «Շանթ» և «Երկիր մեդիա»։

Այս անունների մեծամասնությունը լսարանին ծանոթ է։ Դրանցից մեկը՝ Ա1+–ը, որքան հայտնի է հեռուսատեսային լրատվության սպառողներին, նույնքան էլ կարող է մոռացված լինել։ 1991 թվականին ստեղծված, օրերս գործունեություն 30 տարին նշած այս ընկերությունը եթերում չէ արդեն 18 տարի՝ 2002–ից սկսած։  Սակայն Ա1+–ը համառում է․ տասնյակից ավելի անգամ դիմելով և պարտվելով մրցութներում՝ այս անգամ դարձյալ հայտ է ներկայացրել։

Հեռուստացույցի խցիկում երբևէ չտեղավորված ալիքներն այս ցանկում 2–ն են՝ 1in.am–ը և Freenews–ը։ Առաջինը առցանց տեղեկատվական տիրույթի հնաբնակներից է, երկրորդը՝  ավելի կարճ կենսագրություն ունի։ Հեռուստացույց նախընտրող լսարանին դեռ չներկայացած՝ Freenews–ն արդեն իսկ քննարկումների  կենտրոնում է հայտնվել․

Հիմնադիրները հայտարարել էին, որ  հաղթելու դեպքում  հեռուստաալիքի ֆինանսական ծախսերը հոգալու է Ուկրաինայի քաղաքացի, այդ երկրում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Այս հայտարարությունից մի քանի օր անց Շատվորյանը նշել էր, թե որևէ  կայքի ֆինանսավորում չի պլանավորում, Ալեն Սիմոնյանին չի ճանաչում։ Իսկ մամուլը Freenews–ի անունը ուղղակիորեն կապել էր Ալեն Սիմոնյանի հետ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում դեպքերի այս ընթացքը պարզաբանում է Մարիամ Մարգարյանը․

«Ես պարզապես Freenews–ում աշխատում եմ որպես գլխավոր խմբագիր և տնօրեն։ Հիմնադիրները Դանիելյան Հասմիկը և նրա ամուսինը էդգար Ավագյանն են։ Էնտեղ խոսքն այն մասին էր, որ ալիքը պատկանելու է Ալեն Սիմոնյանին։ Չգիտեմ՝ գիտեք, թե ոչ, բայց նա իմ ամուսինն է, և առհասարակ կապ չունի ոչ կայքի հետ, ոչ հետո հեռուստատեսության հետ է կապ ունենալու։ Ես պարզապես այնտեղ աշխատում եմ և կարծում եմ՝ իմ անվան հետ են կապել, մտածել են՝ եթե ես աշխատում եմ, ուրեմն ինքն էլ պետք է անպայման մասնակցություն ունենա։ Եթե չեմ սխալվում, պարոն Շատվորյանը ասել էր, որ ինքը չի ճանաչում Ալենին և նրա հետ չի ունեցել նման բանակցություններ։ Բնականաբար չի ունեցել, որովհետև Ալենը կապ չունի կայքի  հետ»։

Հանրապետական հաճախականությանը հավակնող հեռուստաընկերությունը ուկրաինացի մեծահարուստի հետ նախնական պայմանավորվածություն, այնուամենայնիվ, ունի, բայց դա կյանքի կկոչվի, թե ոչ՝ Մարիամ Մարգարյանը չի կարող ասել։ Փոխարենը կարող է պատմել՝ ինչ է անելու հեռուստաալիքը և ինչու պիտի արժանանա հեռարձակվելու թույլտվությանը․

«Ի սկզբանե Freenews–ը ավելի շատ ինտերնետ թիվի–ի ֆորմատով էր աշխատում, որովհետև մեր հիմնական մասը վիդեո կոնտենտն է, ոչ թե այն, ինչ սովորական լրատվական կայքերն են անում։ Մրցույթին մասնակցել ենք, հայտը ներկայացրել ենք հենց որպես լրատվական հեռուստաընկություն։ Հնարավոր է որոշակի մշակութային ծրագրեր լինեն, բայց ժամանցից կխուսափենք, այն հիմնականում կլինի լրատվական, որովհետև մեր կարծիքով դաշտը ուներ նման ալիքի կարիք»։

Մրցույթներն այդպիսինն են՝ յուրաքանչյուրն է մտածում, որ դաշտը հենց իր կարիքն ունի։ Լսարանին ծանոթ, աչքին ու ականջին սովոր հեռուստատեսային լրատվամիջոցներից միայն մեկը՝ ԱՐ–ն է, որ չի հավակնել դաշտի բացն իրենով լրացնելու հնարավորությանը։

1996 թվականից՝ 24 տարի եթերում լինելուց հետո հեռուստաալիքը որոշել է, որ լիցենզիայի կարիք այլևս չունի։ Որոշման հիմքերն ու պատճառները ճշտել չհաջողվեց․ ընկերության աշխատակիցներն արձակուրդում են։ Մեզ հետ զրույցում հեռուստաընկերությունից տեղեկացրին, որ հայտարարությամբ հանդես կգան հունվարի 20-ին։

Back to top button