ԿարևորՔաղաքական

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը

Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը․

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը:Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում:

Կոչ ենք անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը»,-ասվում է  հայտարարությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button