ԿարևորՀասարակություն

Պետք է պատրաստվել 2021-ի տեղեկատվական նոր պատերազմին․ ահազանգում են փորձագետները

Մենք ունենք պատերազմ,  որը դեռ չի ավարտվել, ավելին՝ այս պատերազմում հարձակումներն ավելի ծավալուն ու մասշտաբային են, իսկ զիջումներ ընդհանրապես չկան։ Տեղեկատվական անվտանգության մասնագետներն այսպես են բնորոշում այն,  ինչ այսօր տեղի է ունենում առցանց տիրույթում։ Ի տարբերություն քաղաքական ու ռազմական գործիչների՝ տեղեկատվական անվտանգության մասնագետները վստահ են՝ «մարտական» գործողությունները չեն դադարել, պարզապես դրանք մարտադաշտից տեղափոխվել են վիրտուալ, տեղեկատվական հարթակ։ Ոլորտի  փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ եթե պատերազմի օրերին թշնամու հիմնական նպատակը տարբեր մեսենջերների օգնությամբ մարդկանց վրա հոգեբանորեն ազդելն էր, ապա հիմա մարտավարությունը փոխվել է։

«Հիմա տեսնում ենք, որ փորձում են մասսայական, հնարավորինս շատ մարդու օգտահաշիվներ տանել։ Թե ինչի համար, այս պահին չեմ կարող ասել, արդյոք ինչ-որ բանի են պատրաստվո՞ւմ, թե՞ ուղղակի փորձում են շատ օգտահաշիվներ կուտակել իրենց մոտ։ Բայց փաստ է, որ այդ ակտիվությունը մեծ է»,– ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Տեղեկատվական դաշտում պաշտպանված լինելը և առհասարակ տեղեկատվական անվտանգությունը անդադար պրոցես է։ ԵՊՀ դոցենտ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Դավիթ Ալավերդյանը շեշտում է՝ այս տիրույթում դիրքերն ամրացնելու ուղղությամբ աշխատանքները ոչ մի վայրկյան չպետք է կանգնեն՝ անկախ հանգամանքից, թե բուն ռազմական գործողությունները ինչպիսի ընթացք են ունեցել կամ ինչ հանգուցալուծում ունեն։

«Բնականաբար, իրենք ցանկանալու են և ամեն ինչ անելու են այն ուղղությամբ, որ իրենց հաջողություններն էլ ավելի մեծ ծավալների հասնեն։ Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք էլ ավելի ագրեսիվ տեղեկատվական քաղաքականության Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Եվ պետք է ակնկալենք, որ նրանց կողմից որևէ զիջում չի լինելու ․ իրենք միշտ առաջնորդվելու են այն սկզբունքով, որ ընկածին պետք է ևս մեկ անգամ հարվածել»,– մեկնաբանում է Դավիթ Ալավերդյանը։

Դավիթ Ալավերդյանը պատերազմական և հետպատերազմյան օրերի վերլուծության հիման վրա փաստում է, որ մեր տեղեկատվական դաշտը, ռազմական բառապաշարով, բաց դաշտ է, ընդհանրապես անպաշտպան դաշտ, որտեղ թե կեղծիքը,  թե ապատեղեկատվությունը, թե կիբերհարձակումները հեշտությամբ կիրառելի են ու մեծ վնաս կարող են հասցնել։ Իհարկե, դեռ հստակ վիճակագրություն չկա, թե պատերազմի օրերին թշնամին տեղեկատվական դաշտում ինչ հաջողություններ ու նվաճումներ է ունեցել, բայց Սամվել Մարտիրոսյանը հիշում է, որ այդ ընթացքում թշնամու թիրախում հիմնականում ռազմական ու քաղաքական գործիչներն էին և պետական համակարգերը։

«Թուրք– ադրբեջանական հարձակումների հետևանքով շատ պետական և պետականին կից համակարգեր շարքից դուրս էին եկել և օրերով չէին աշխատում։ Ինչքան մենք գնանք դեպի թվայնացում, այդքան նման հարձակումների հետևանքները ավելի մեծ կլինեն, իսկ մենք նոր ենք հանդիպում այդ տիպի կիբերհարձակումների, երբ ոչ թե  ինչ–որ կայք է կոտրվում կամ ֆեյսբուքյան էջ, այլ համակարգերի աշխատանքն է խաթարվում։ Խոսքը, օրինակ,  բջջային կապի խաթարման մասին է, ինչ–որ ծառայությունների չաշխատելու»,– ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը նկատում է՝ պատերազմի օրերին կիբերհարձակումները դուրս էին մնում հասարակության ուշադրությունից, քանի որ առաջնայինը  ռազմական գործողություններն էին,  սակայն հիմա՝ արդեն հետպատերազմյան փուլում, պետք է գեներացնել ուժերը և պայքարել։ Դավիթ Ալավերդյանը, միջազգային փորձը ուսումնասիրելով, եկել է այն եզրահանգման, որ հասարակության մեդիագրագիտության մակարդակի բարձրացման վրա ծախսվող միջոցները շատ ավելի փոքր են, քան այն գումարները, որոնք ծախսվում են ապատեղեկատվության հետևանքները վերացնելու համար։

«Եթե ուշադրություն դարձնեք, թե ինչ է տեղի ունենում սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքում, ապա կհասկանաք, որ այդ կեղծ լուրերը բերում են նաև ատելության խոսքի բազմապատկմանը, մարդկանց բևեռացմանը, իրար նկատմամբ ատելության աճին և հասարակական համերաշխության իսպառ բացակայությանը, որը սպառնում է նաև մեր տեղեկատվական անվտանգությանը»,– նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Դավիթ Ալավերդյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Դավիթ Ալավերդյանի կարծիքով՝ պատերազմը բացահայտեց մեր հասարակության տեղեկատվական գրագիտության ցածր մակարդակը։ Ակնհայտ էր, որ ներսից ու դրսից  եկող ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերի միջոցով արագորեն տարածվում էր և ծառայում խուճապային ու  պարտվողական տրամադրությունների հաստատմանը ։

«Նաև ի հայտ եկավ այն հանգամանքը որ փաստորեն պետությունը ևս պատրաստ չէր ռազմական գործողությունների ընթացքում ապատեղեկատվության  նման հոսքերին դիմակայելուն, և չէր տիրապետում այն  մեխանիզմներին, որոնց միջոցով կարելի էր շատ արագ հերքել և ինքնուրույն ձևավորել տեղեկատվական քաղաքականության հոսքեր»,– ասում է Դավիթ Ալավերդյանը։

Մասնագետները, այսպիսով, ամփոփում են 2020թ և զգուշացնում՝ 2021–ի մարտահրավերներն ավելի դժվար հաղթահարելի են լինելու․ դրանց պետք է պատրաստվել հենց այսօր։ Հայաստանը հայտնվել է  աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կենտրոնում, ու ակնհայտ է, որ հարձակումները կշատանան նաև տեղեկատվական տիրույթում։ Ավելին՝ մասնագետները կանխատեսում են, որ հարձակումների թուրքական և ադրբեջանական ուղղություններին կավելանան այլ նորերը։

«Նկատվել է ռուսաստանյան մի շարք հաքերային՝ պետական հովանավորչության տակ գտնվող խմբերի ակտիվություն, կան նաև կասկածներ Չինաստանի կողմից հաքերային ակտիվության, Եվ, իհարկե, նաև ամենրիկյան հետախուզությունը, որը տվյալները «քերում է» ամբողջ աշխարհից, այսինքն՝ Հայաստանը ինչ–որ հատուկ թիրախ չէ։ Սրանք հիմնական ուղղություններն են, բայց պետք է հաշվի առնենք, որ կարող է ակտիվանալ նաև իրանական կողմը։ Այնտեղ նույնպես ուժեղ կիբերզորք գոյություն ունի»,– պատմում է Սամվել Մարտիրոսյանը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետները հույս ունեն, որ 2021–ի ընթացքում պետական ուշադրությունը տեղեկատվական անվտանգության ապահովմանը ավելի մեծ կլինի։ Նրանք առաջարկում են համատեղ ուժերով մշակվել մեխանիզմներ, որոնք կիրառելով՝ հնարավոր կլինի եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնել,  ապա գոնե նվազեցնել մեր անվտանգության նկատմամբ տեղեկատվական սպառնալիքների ազդեցությունը։

Back to top button