ԿարևորՀասարակություն

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը: 

Այդ շրջանակում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը: 

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար: 

Կարդացեք նաև
Close
Back to top button