ԿարևորՀասարակություն

Հարսանիք, կնունք ու թաղում՝ անսահմանափակ թվով մարդկանցով, բայց՝ դիմակներով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է կորոնավիրուսի  համավարակի երրորդ ալիքի վտանգի մասին։ Հիմքում  Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում գրանցված միտումներն են։ COVID-19–ի տարածման ռիսկը նախօրեին  Հայաստանի կառավարությանը ստիպեց  երկրի   ամբողջ տարածքում և պետական սահմանի բոլոր անցակետերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված  կարանտինը երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը։

Հայաստանում և Արցախում պատերազմի ձայները լռել են, սակայն պատերազմը կորոնավիրուսի հետ շարունակվում է։ Հրադադարի մասին էլ խոսելը դեռ վաղ է․ մասնագետներն ասում են պարզապես նվազել է հիվանդության ինտենսիվությունը։ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի  տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը փաստում է՝ վերջին օրերին հիվանդության դեպքերի թիվը պակասել է․ հունվարի 12-ին, օրինակ, դրական է եղել կատարված թեստերի  19, իսկ հունվարի 11-ին՝ 15 տոկոսը։

Տարեսկզբից հաստատված դեպքերի ամենաքիչ  քանակն արձանագրվել է հունվարի 2-ին՝ 11 տոկոս։ Հիվանդությունից մահվան դեպքերի ցուցանիշը շուրջ 2 տոկոս է, COVID-ից այսօր փաստացի բուժվում է  8300  հազար մարդ։  Հիվանդության  տարածվածությունը  մեծ է  55-60 և 30-35 տարիքային խմբերում։

«Պետք է նաև չմոռանանք , որ տոներին մարդիկ բազմատեսակ շփումներ են ունեցել, չնայած սահմանափակումները շարունակվում էին։ Կանխատեսվում է, որ առաջիկայում մի փոքր աշխուժացում կունենանք»։

Չնայած  վտանգին՝ Հայաստանը մեղմացրեց հակահամաճարակային կանոնների պահպանման ռեժիմը։  2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված  կարանտինը երկարաձգել  6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը՝ ժամը 17–ը։  ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի  գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն ասում է, որ   նոյեմբերի  1-ից օդային ճանապարհով երկիր մուտք գործելիս անհրաժեշտ էր ունենալ  թեստի բացասական պատասխան։ Նոր որոշմամբ՝ նույն ռեժիմը վերաբերելու է նաև ցամաքային ճանապարհին։

«Եթե ինչ–որ մեկը եկել ու հասել է անցակետ, չունի բացասական   թեստի  հավաստագիր, ապա այն  պետք է հանձնի տեղում  և ինքնամեկուսանա՝ մինչև պատասխանի հայտնի լինելը»։

Հանվել է նաև միջոցառումներին՝ հարսանիք, թաղում, համերգ, մինչև  60 հոգու մասնակցության պահանջը։  Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է՝ դիմակ, ալկոգել, սոցիալական հեռավորություն։ 

Թեսթերի քանակը,  ըստ պատասխանատուների, բավարար է։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցում է  մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով, բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝

«Սպուտնիկ V»-ն,   «Pfizer-Bi oNTech»-ը,  «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:  «Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ”:  

Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք, պարզ չէ։ Նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռք բերման ուղղությամբ զուգահեռ աշխատանքներ են տարվում: Մինչ այդ պատասխանատուները հիշեցնում են  համավարակի երրորդ ալիքի վտանգի մասին, հորդորում չանտեսել հակահամաճարակային կանոնները։ 

Back to top button