ԿարևորՎերլուծական

Երեկ ստորագրված փաստաթուղթը հակամարտության մասին չէ

Մինչ Հայաստանի քաղաքական և վերլուծական շրջանակները փորձում են հասկանալ մոսկովյան բանակցությունների իմաստն ու արդյունքը, կառավարությունում ընթանում են  եռակողմ աշխատանքային խմբի ձևավորման աշխատանքները։ Հայկական կողմից այն կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մոսկվայում ստորագրված փաստաթղթում սեղմ ժամկետներ են սահմանվել ճանապարհների ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման համար։ Նախատեսվում է, որ աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը:

Ազգային ժողովի  ընդդիմադիրները դժգոհ են մոսկովյան այցի արդյունքներից և Հայաստանի վարչապետի կեցվածքից։ Նախանշված խնդիրներից կարևորագույնը՝ գերիների վերադարձի հարցը,  չդարձավ օրակարգային և տեղ չգտավ երեկ Մոսկվայում ստորագրված փաստաթղթում։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Հայաստանի վարչապետը մեկ քայլ ուներ անելու․

«Քննարկվել է, չի հաջողվել։ Չի հաջողվել, չստորագրեր այդ թուղթը, նստեր իր ինքնաթիռը և հետ գար։ Մեզ ասվել է հրապարակային, մամուլով, որ մոսկովյան այցի նպատակը սա է։ Վերջում պարզվում է, որ ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ ռազմագերիների մասին խոսք չկա, ոչ մի պարտավորություն չի ստանձնվել։ Այսինքն՝ նոյեմբերի 9–ի փաստաթղթի 8–րդ կետը չի իրացվում։ Մնացած բոլոր կետերը, որոնք մեր օրակարգը չեն, օրինակ՝ Քելբաջարից դուրս գալ, Լաչինի միջանցքը հանձնել , կարող եմ թվարկել, բոլոր այդ կետերը շվեյցարական ժամացույցի ճշտությամբ կատարվում են, սակայն, հայ ազգին հուզող առաջնահերթ հարցը չի լուծվել, չի լուծվում, բայց ես տեսնում եմ իշխանական պատգամավորների հարցազրույցները և նրանց հրճվանքը, որ «էս ինչ լավ բան է եղել»։

Եռակողմ նոր փաստաթղթի ձեռբերումը ֆեյսբուքում գրառման միջոցով ներկայացրել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նա համոզված է, որ ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, դրա արդյունքում կվերականգնվի  երկաթուղային կապը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։

Մասնագիտական տեսանկյունից գործընկերոջ և եռակողմ փաստաթղթում ներկայացված կետերի հետ համաձայն չէ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այսինքն՝ ի՞նչն եք դուք քննարկում, երբ մինչև Հորադիզ կայարան, երկաթուղի գոյություն չունի։ Սա մեկ։ Երկրորդ՝ եթե խոսքը այն մասին է, որ պետք է Դաղստանով Ռուսաստանից գա Բաքու, այնտեղից գա Արցախի Մարտակերտի հյուսիսում Եվլախ կայարան, այնտեղից գնա Գանձակով հասնի Թբիլիսի, այնտեղից նորից հետ գա Վանաձոր, Գյումրի, Երևան։ Այսինքն՝ հասկանանք էլի, թե դա ինչ է, չորս երկիր հատելով, մենք հավատո՞ւմ եք այդ տիպի ինչ–որ բաների։ Այդ ապաշրջափակումը բարի մտադրություններ են։ Նախ՝ Թուրքիան Նախիջևանի հետ պրոյեկտ ունի, որ կառուցելու է Սադարակի հատվածում 10 կմ–ոց երկաթուղի։ Եթե մենք դրա մասին ենք խոսում, դա ուրիշ բան։ Եթե Կարսից երկաթուղին պետք է գնա միանա չգիտեմ որտեղ, դա այլ հարց է։ Այսինքն՝ այնքան անորոշություններ, անհեթեթ մտադրություններ կան այդ փաստաթղթում, որ ամեն ինչ անհասկանալի է»,- ասաց Մելքումյանը։  

Հայկական որևէ շահ երեկվա փաստաթղթում չեն տեսել նաև վերլուծաբանները։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը անգամ համոզված է՝ հակամարտությունը լուծված համարել չի կարելի․ այն շատ ավելի բարդ փուլում է, քան՝ նախկինում։

«Երեկ ստորագրված փաստաթուղթը ոչ թե հակամարտության, այլ բոլորովին ուրիշ հարցերի ու խնդիրների մասին է»։

Իսկանդարյանը տպավորություն ունի, որ երեկվա հանդիպումը Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական նախաձեռնությունն էր։ Վերլուծական շրջանակներում կա կարծիք, որ երեկվա փաստաթուղթը եթե չէր բխում Հայաստանի շահերից, ապա Ադրբեջանը նույնպես հետաքրքրված չէ դրանով, քանի որ ճանապարհային հանգույցներ ստեղծելու մեծ ծախսեր են նախատեսվում։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը այլ ուղղություն է մատնանշում, թե ում էր անհրաժեշտ երեկվա հանդիպումը և ինչու․  

«Բանակցություններ եթե այնտեղ տեղի էին ունենում, տեղի էին ունենում միգուցե Ալիևի և Պուտինի միջև, Պուտինի երազանքի համար։ Պետք է հասկանալ, թե ինչ էր հունվարի 11–ը միջազգային աշխարհում։ Ինձ թվում էր այն նախապատրաստումն էր, որ ԱՄն ընտրություններից հետո, Եվրոպայում փոփոխություններից հետո այդ կողմերը ակտիվանան, այս տարածաշրջանում լինի այլ իրավիճակ ու փաստ։ Ցավում եմ, որ հայկական կողմը չի գիտակցում, որ իր շահերի համար մեզ այսօր նոր մոտեցում է պետք։ Ցավոք, մենք ունեցանք նոյեմբերի 9–10–ի տեսակի մի փաստաթուղթ, որը հետո  հիշելու ենք, ասենք՝ այս մի կետը չի կատարվել»։

Միայն ասելով գործը չի սահմանափակվի, հավաստիացնում են իշխանական պատգամավորները՝ պնդելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու են ակտիվ աշխատել։ Թեև երեկ ստորագրված փաստաթղթից իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի հատվածը գոհ է, բայց խոսելու ցանկություն այս թեմայի շուրջ նրանք չունեն։ Լրագրողների հետ շփվող «իմքայլականները» սակավախոս են և փորձում են չառնչվել լրագրողների հետ։

Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ այսօր վաղ  է խոսել դիվանագիտական հաջողությունների մասին։   

«Ես կարծում եմ, որ գերիների վերադարձը դա այս փուլում առանցքային հարց է և դրա շուրջ պետք է կենտրոնանան խոսակցությունները։ Թե եռակողմ հանդիպման սկզբում, թե դրան հետևող մամլո ասուլիսի ժամանակ առնվազն 3 անգամ գերիների հարցը բարձրաձայնվել է։ Այդ հարցը լուծելու բանալին գտնվում է երեք կողմերում»։

Ինչ սպասել արդեն ստորագրված փաստաթղթից և ինչ ակնկալիքներ ունեն դրանից իշխող կուսակցությունում․ պատգամավորը հավաստիացնում է, որ այդ հարցերը քաղաքական ուժի ներսում դեռ չեն քննարկվել։

Ցուցադրել ավելի
Back to top button