ԿարևորՀասարակություն

Գերիների հարցը քաղաքականացնելու Ադրբեջանի մոտեցումն անթույլատրելի է․ ՄԻՊ

Սահմանների որոշման գործընթացում ՄԻՊ-ի կատարած ուսումնասիրություններն արձանագրել են խնդրահարույց դեպքեր, և գնահատականներն էլ հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Ամենաշատը քննարկված դեպքերից մեկն էլ Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղն է, որը ճանապարհով բաժանվել է երկու հատվածի՝ հայկական և ադրբեջանական։

«Սահմանների որոշումը չի կարող ընթանալ մեխանիկական որոշումներով», — նասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և հիշատակում Որոտան-Շուռնուխ 68 կմ-ոց հատվածը, որի 21 կմ–ը հայտնվել է ադրբեջանական հսկողության տակ։ Հենց այդ հատվածում էլ ադրբեջանական կողմը ցուցանակ է տեղադրել։ Նման գործողություններն էլ նրանք անում են բացահայտ սադրանքի ձևով՝ Հայաստանի որոշ հատվածներ ներկայացնելով որպես Ադրբեջան։  

« Ինչո՞ւ են բերել «Բարի գալուստ Ադրբեջան»  դրել, մի հատ էլ՝ Հայաստանի տարածքը՝ Զանգեզուրի մասերը ներկայացրել Ադրբեջան։ Դա է անգամ սադրանք։ Ընդ որում, խմբերով՝ զենքի ցուցադրությամբ են հայտնվում՝ դա սադրանք չէ՞ — այն պատերազմական հանցագործությունների, այն թշնամանքի ֆոնին, որն ամեն օր լսում ենք»։

Ուսումնասիրությունները հաստատում են, որ ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև մայրուղու և Կապանից դեպի մի քանի գյուղեր գնացող ճանապարհների համար։  

«Մինչ այս պահը կիրառված մեխանիկական  մոտեցումների պատճառով հայտնվել են սպառնալիքների ներքո խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և մյուս իրավունքները, իսկ առանձին իրավունքներ , հատկապես՝ սեփականության իրավունքը կոպտորեն խախտված են», –նշում է Արման Թաթոյանը։

Գեղարքունիքի մարզում նույնպես կան բնակավայրեր՝ նույն խնդիրների առջև կանգնած։ Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ այդ սպառնալիքներից բխող մի շարք հարցեր կարող են առաջանալ, որոնք երկարաժամկետ առումով, իսկ հիմա՝ ընդհանրապես,  կարգավորված չեն։    

 «Օրինակ, իրավազորության հետ կապված հարցերը։ Օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե այդ ճանապարհին տեղի ունենա ՃՊՏ կամ մեքենա փչանա, և մարդը պետք է կանգնի և նորոգի իր մեքենան։ Այս հարցերն ընդհանրապես կարգավորված չեն։ Մեր պետական մարմինները չունեն պատկերացում։ Այդ հարցերը հրատապ լուծումներ են պահանջում, որովհետև դրանք մարդու իրավունքների ամենակարևոր խնդիրներն են»։

Հայաստանի ՄԻՊ-ը չի պատկերացնում, սակայն, դրանց լուծումն այն դեպքում, երբ Ադրբեջանում ոչ միայն չի դադարել, այլ նաև ավելի է խորանում հայատյացությունը, թշնամանքը, որը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով և դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։  Դա շարունակվում է նաև պատերազմական հանցագործություններով, ինչի մասին է վկայում, օրինակ, նույն ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը։ Գերիների հարցն Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել՝ նրանց ներկայացնելով  որպես ահաբեկիչներ։

«Իրենք իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում։ Այդ կերպ՝ արհեստական իրավական գործընթացներով քողարկում են նրանց վերադարձի հարցերը։ Ադրբեջանը ձգձգել է գերիների վերադարձն անընդհատ։ Նրանք դա անում են հատուկ նպատակով.  մեր ժողովրդին՝ հատկապես ընտանիքներին, հոգեկան տառապանքներ պատճառելու համար, մեր հասարակության էմոցիաների հետ խաղալու համար և լարվածություն առաջացնելու։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա Ադրբեջանի ակնհայտ քաղաքականության մաս է»։

Ադրբեջանը նաև չի հայտնում գերիների իրական թիվը։ Արման Թաթոյանի խոսքով՝ հետպատերազմական փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը քաղաքականացնելն անթույլատրելի է և համարվում է կոպիտ խախտում միջազգային օրենքներով։ Այդ հարցերի արհեստական ձգձգումը նույնպես պատերազմական հանցագործություն է և այդ ամենի մասին պարբերաբար՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, ՄԻՊ-ը թարմացվող զեկույցներ է փոխանցում միջազգային պատկան ատյաններ։

Back to top button