ԿարևորՀասարակություն

Ծնողները պահանջում են մանրամասն քննել հրամանատարների գործողությունները

Հոկտեմբերի 6-ին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը, այսօր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում էր։  Նա մի խումբ անհետ կորած, զոհված կամ  գերեվարված զինծառայողների ծնողների հետ  նոյեմբերի 2-ին  հաղորդում է ներկայացրել սպայակազմի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ:  Գարիկ Մխիթարյանի պնդմամբ` հրամանատարական կազմի սխալ հրամանի հետևանքով են զոհվել իրենց երեխաները:

«Բարձրաստիճան զինվորականներ կան, գեներալներ, վաշտի, գումարտակի հրամանատարներ, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մինչև այսօր մեր հայցը դեռ բավարարված չէ, մարդիկ կային, որ պետք է հարցաքննվեին։ Մեզ ասացին՝  նրանց հարցաքննել են Ղարաբաղում, Հայաստան չեն բերել։ Ասացին՝ հանգամանքները բավարար չեն, մեր հարցը մնացել է օդում կախված»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Լիլիթ Բադալյանն էլ  հոկտեմբերի 9-ից որևէ տեղեկություն չունի իր տղայի մասին, որը ծառայում էր Ջաբրայիլում:

«Փաստաբաններ պետք է աշխատեն, ցուցմունք ենք տալու, մեղավորները պետք է պատժվեն: Երեխաներին տարել են առաջնագիծ, ու հրամանատարները փախել են: Ջաբրայիլի անձնակազմը բոլորն էլ պետք է պատժվեն: Հո ասեղ չեն, որ կորեին անտառում »,- ասաց Լ. Բադալյանը:

Կոմիտեում ծնողներին հավաստիացրել են, որ գործն առաջ է գնում,  ավելին՝ խնդրել են մյուս ծնողներին ևս դիմում ներկայացնել։

«Մեր պահանջն այն է, որ ոչ թե ծնողները պետք է գնան տվյալները հավաքեն, բերեն տան Քննչական կոմիտեին, այլ մենք զինվոր ենք տվել, տվյալ զորամասից հարցում պետք է կատարեն  ու տեղեկանան, թե քանիսն են վիրավորվել, քանի  անհետ կորած ու գերի կա։ Ոչ մի փաստ չկա։ Մեր ասածն այն է, որ ոչ թե ծնողը պետք է գնա, ապացույցներ գտնի, բերի, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն»,- ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը։

«Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն  մանրամասնել է․

«2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում համապատասխան զորամասերի պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ժամանակ իշխանության անգործություն կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն էին հրավիրվել զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով»:

Ըստ ՔԿ–ի՝  զինվորական քննչական գլխավոր վարչության  ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի  117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:  25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացվել  որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Back to top button