ԿարևորՏնտեսական

Կարանտի՞նն է տնտեսական դժվարությունների պատճառը, թե՞ կորոնավիրուսը

Հայաստանը սովորեց ապրել ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև  արտակարգ դրության  ու կարանտինի   հետ՝ դիմակով ու ախտահանիչ նյութերով։  2020-ի  առաջին կեսն ապրեցինք արտակարգ դրության, երկրորդ կեսը՝ կարանտինային Հայաստանում։ Խիստ սահմանափակումներից  դեպի ավելի մեղմ սահմանափակումներ, մի   քանի համայնքներում մուտքի ու ելքի արգելք, տեղաշարժման հնարավորության սահմանափակում,  անցում  հեռավար կյանքի։ 

Հայաստանում տնտեսական  ու առողջապահական համակարգերը, ինչպես ամբողջ աշխարհում,  պայքարում են  կորոնավիրուսի ու դրա հետևանքների դեմ։ Տնտեսական ոլորտի պատասխանատուները ասում են՝ իրենց թթվածին է պետք, Հայաստան՝ առանց կարանտինի ու սահմանափակումների։

«Մանթաշով» գործարարների միությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած  ևս 6 ամսով կարանտինի երկարացումը պարալիզացնելու է տնտեսական մի շարք ոլորտների  աշխատանքը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է լինելու հասարակության համար:  «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում թվարկում է ոլորտները։

«Ոլորտներ կան, որոնք կարանտինը սպանում է։ Օրինակ՝ տուրիստական ոլորտը։ Զբոսաշրջիկները բացում, տեսնում են, թե որ երկրում է ազատ, բաց, գնում են այդ երկիր։ Մեր հայրենակիցներից շատերը բացում-նայում էին, տեսնում էին Ուկրաինան, Բելառուսը ազատ է, գնում էին այնտեղ։ Կամ Թուրքիան , որ ՌԴ-ի համար բացել էր։ Քիչ երկրներ կան բաց, ընտրությունը քիչ  է , ու շատերը կարող էին գալ Հայաստան։ Մենք, ըստ էության, շանսը բաց թողեցինք»,-ասաց Միրաքյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, ՖԲ գրառմամբ հռետորական հարց էր բարձրացրել՝   արդյո՞ք  կարանտինի իրավական ռեժիմն է   տնտեսական դժվարությունների պատճառը, թե՞ կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները:

Վահրամ Միրաքյանը պարզաբանում է՝ երբ առաջարկում էին   կարանտինը չերկարաձգել, դա չէր նշանակում, որ դեմ են սահմանափակումներին։ Ավելին՝  կարծում են, որ Հայաստան ժամանողները օդանավակայանում  պետք է  հետազոտություն անցնեն։

«Սահմանափակումները պետք է  լինեին ավելի համաչափ և  բիզնեսին չսպանեին, քանի որ մեր բիզնեսին թթվածին է պետք՝ գոյատևելու համար։ Տնտեսությանը զարկ տալու փոխարեն ընդհանրապես փակում ենք կարանտինով»,- նշեց «Մանթաշով» գործարարների միության նախագահը։ 

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը ևս համոզված է, որ համատարած սահմանափակումները բացասաբար են ազդելու տնտեսության վրա։

«Իրավիճակը բավականին բարդ է, թեև կոնկրետ գնահատում դեռ չկա։ Բայց  նաև անհաղթահարելի չէ»,- ասաց փորձագետը։

Քթոյանը դեռ չգիտի՝ արդյո՞ք հակաճգնաժամային բազմաթիվ  ծրագրերը տնետսության վրա դրական ազդեցին, սական, գիտի՝  տնտեսությունը կայունության ու ամրության պաշար ունի, որն էլ թույլ է տվել  ավելի մեծ անկումից խուսափել։  

Հին ու նոր կարատինների դրական  կամ բացասական ազդեցությունն ավելի ուշ կերևա։

Back to top button