ԿարևորՀասարակություն

Իրավական հակահարվածը չի ուշանա․ իրավապաշտպանները՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ քրեական հետապնդման մասին

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակում, մասնավորապես, նշված է, թե հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջանական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի 62 զինծառայողի, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:

Այդ նամակում Հայաստանի քաղաքացի նշված զինծառայողներն անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ ու նշվում է, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած նամակին՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեզ հետ հեռախոսազրույցում շեշտեց, որ ադրբեջանական այդ պնդումներին հակադարձել հնարավոր է եւ հակահարվածը չի ուշանա։

«Իհարկե, հնարավոր է։ Մենք այդ հակահարվածը տալու ենք, բայց չենք ասելու, թե ինչ ենք անելու։ Դրա մասին մենք գիտենք, գաղտնիք ենք պահելու, որ հետո անակնկալ լինի իրենց համար»։  

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ այդ նամակում Ադրբեջանը պարզապես վերացական մեղադրանքներ է վերագրում հայ 62 զինծառայողին։ Այն չունի ո՛չ տեսական հիմք, ո՛չ էլ փաստական։

«Նախ եւ առաջ, պետք է հիմնվել իրավական տեսության վրա՝ ի՞նչ է նշանակում ահաբեկիչ եւ ի՞նչ է նշանակում ահաբեկչություն։ Եվ փաստերով հիմնավորել, որ նրանք չէին կարող համարվել ահաբեկիչներ կամ որ նրանք կատարել են ահաբեկչություն, որովհետեւ նրանք զինծառայողներ են եղել։ Իսկ եթե կան փաստեր պատերազմական հանցագործությունների մասին, այդ փաստերով պետք է ներկայացնել, այլ ոչ թե՝ վերացական նման տեքստ ուղարկել ՄԱԿ։ Բնականաբար, իրենք նման փաստեր չունեն, ուստի՝ մեր իրավասու մարմինները, առաջին  հերթին՝ ԱԳՆ-ն, պետք է ներկայացնի փաստերով, որ նրանք եղել են զինծառայողներ եւ մասնակցել են զինվորական-ռազմական գործողությունների։ Դա ահաբեկչություն չի կարող համարվել։ Զինծառայողները ո՛չ քաղաքացիական անձանց են թիրախավորել, ո՛չ էլ ռազմական օբյեկտները, եւ նրանք որեւէ քաղաքական պահանջ  էլ առաջ չեն քաշել, այսինքն՝ ոչ մի կերպ նրանք չեն կարող համարվել ահաբեկիչներ»։

Հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը խստորեն դատապարտել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են.

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: 

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակին արձագանքել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանն արձանագրել է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը:

«Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Այս եզրահանգումը հիմնված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ու քննության արդյունքների վրա և ամրապնդված է հիմնավոր ապացույցներով:

Ուստի, Ադրբեջանում գերության մեջ գտնվող 62 հայ զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց ահաբեկիչներ կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ռազմական գործողությունների մասնակցելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ»,- ասված է Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարության մեջ:

Սրանք պահանջներ են, որոնք հատկապես ամրագրված են 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայում: Նշենք նաեւ, որ Հայաստանի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ շեշտել է, որ Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են, որոնք վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ի դեպ, լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն է արշավ սկսել «Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին միջազգային տրիբունալի առաջ կանգնեցնելու» ուղղությամբ։ Այդ նպատակով նա հանրային ստորագրահավաք է կազմակերպել։ Հավաքվել է 123.000 ստորագրություն։ Հունվարի 25-ին նա հանդիպելու է Հաագայի Միջազգային քրեական դատարանի փոխնախագահին։

Լեհ գործիչը իր ՖԲ-ում գրել է.  «Զրույցի թեման կլինի ադրբեջանցի հանցագործներին քրեական տրիբունա բերելը: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցները (դրանց մի մասը) կտրամադրվեն։ Ադրբեջանը պետք է պատասխան տա իր հանցագործությունների համար: Նա նաև պետք է ազատ  արձակի ռազմագերիներին»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, սակայն, նման գործընթացից մեծ ակնկալիք չունի.

«Պատգամավորը ուղղակի կարող է միայն միջնորդագիր ներկայացնել՝ խնդրելով  վարույթ հարուցել միջազգային քրեական իրավունքը խախտելու հիմքով, ասենք, դատախազի կողմից, բայց չեմ համարում, որ դա լուրջ է։ Այստեղ տքնաջան աշխատանք է պետք՝ ապացույցների հսկայական քանակություն պետք է հավաքվի եւ այլն»։  

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը նաեւ հայտնել է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի փոխնախագահի հետ  հունվարի 25-ին կայանալիք հանդիպման պատճառով փետրվարի սկզբին  Հայաստան և Արցախ իր նախատեսված իր այցը հետաձգել է։

Back to top button