ԿարևորՀասարակություն

Ժյուրիի կազմում մանուկներ են․ մեկնարկել է «Ռոլան» միջազգային փառատոնը

Արդեն 16-րդ անգամ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը բացում է իր դռները սիրելի հանդիսատեսի առաջ։ Տարիներ առաջ ժյուրիի կազմում և՛ մեծահասակներ էին, և՛ պատանիներ ու մանուկներ, հիմա պատկերն այլ է։

«Մեծերի ժյուրիի և պատանիների ժյուրիների գնահատականները համընկնում էին, և մենք հասկացանք, որ պատանիներն ավելի խստապահանջ են։ Որոշեցինք, որ միայն պատանիներ ու երեխաներ պետք է լինեն, որովհետև դա նաև ճաշակ է զարգացնում։ Այլ է, երբ նրանք ֆիլմերը դիտում են ժյուրիի տեսանկյունից և բոլորովին այլ, երբ նայում են որպես սովորական հանդիսատես»,-ասում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանը։

Փառատոնն առաջին անգամ այս տարի անցկացվելու է առցանց։ Կարինե Գրիգորյանն ասում է, որ այդ ձևաչափը թեպետ լայն հնարավորություններ է ընձեռում և թույլ է տալիս շատերին մասնակցել փառատոնին և դիտել ֆիլմերը, այնուամենայնիվ  կազմակերպչական, տեխնիկական առումով առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որովհետև ֆիլմերն աշխարհի տարբեր երկրներից են  ներկայացվել փառատոնին։  Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 –ը՝ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46-ը։ Համավարկն ու պատերազմը փառատոնը չեղարկելու մտքեր էին առաջացրել, սակայն մանուկների ու պատանիների սպասումը՝ նոր ու հետաքրքիր ֆիլմեր դիտելու, ավելի ուժեղ գտնվեց․

«Մտածում էինք, որ այս տարի չենք կարողանա անցկացնել փառատոնը, սակայն այն ևս մեկ հնարավորություն է երեխաների և պատաիներին ժպիտներ պարգևելու, չէինք կարող զրկել նրանց և որոշեցինք առցանց այնուամենայնիվ իրականացնել»։

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում կան մրցութային և ոչ մրցութային անվանակարգեր, ինչպես նաև «Գրան Պրի» մրցանակը: «Լավագույն խաղարկային ֆիլմ»,  «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ»,  «Լավագույն ռուսական ֆիլմ» և այլն: Այս տարի անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» նոր անվանակարգը: Անվանակարգի հաղթող ֆիլմերը կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները․

«Մեր փառատոնն իր ֆորմատով եզակի է, որովհետև երեխաների ու մանուկների համար ֆիլմերի մեկ ուրիշ փառատոն տարածաշրջանում չկա, մենք առաջինն էինք, որ 2001 թվականից ստեղծեցինք»։

5 օրվա փոխարեն փառատոնն այս տարի կտևի 10 օր։ Մանկապատանեկան փառատոն՝ 0-100 տարեկանների համար։ Փառատոնի մեկնարկվը տրվելու է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարով․

«Բացումը սկսելու ենք այդ ֆիլմով, որովհետև շատ հաջողված ֆիլմ է, թեպետ մյուս բոլոր ֆիլմերն էլ հաջողված են, վստահ եմ՝ և մեծահասակները և պատանիները գոհ են մնալու փառատոնի ֆիլմերից»։

Արվեստի ցանկացած ճյուղ ստեղծում է ճաշակ, որը զարգացնել է հարկավոր դեռ մանկահասակ տարիքից։

Back to top button