ԿարևորՔաղաքական

Ազգային համաձայնության կառավարություն՝ նախագահի ինստիտուտի օգնությամբ․ ի՞նչ է առաջարկում Արմեն Սարգսյանը

Նախագահը Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է բարդ, սակայն ոչ՝ պարտված եւ շեշտում, որ Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի ռազմի դաշտում տանուլ տվածի և արտաքին ճակատում տեղի ունեցածի համար։

«Քաղաքացիները լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից, կառավարությունից և վարչապետից ժամանակային ու բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ: Իր դերը և պատասխանատվությունն ունի նաև Հանրապետության նախագահը»,–գրել է Արմեն Սարգսյանը։

Իսկ որո՞նք են ելքերը։ Որպես դեղատոմոս՝ նախագահը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններ անկացնելու մասին է նշում՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով։  Կարծում է, որ ընտրությունները հնարավորություն կտան պետական շինարարությունը սկսել մաքուր էջից։ Իսկ մինչ այդ, ըստ Արմեն Սարգսյանի, «իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն»։

Ազգային համաձայնության կառավարության մասին նախագահը խոսել էր նաեւ նոյեմբերի 16–ին՝ տեսակետ հայտնելով, որ մինչև արտահերթ ընտրույթունների կազմակերպումը  երկրի կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։

Այսօր արդեն Արմեն Սարգսյանը շեշտում է՝ «Նախագահի ինստիտուտի օգնությամբ»  ձևավորվելիք  Ազգային համաձայնության կառավարության մասին։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարության»:

Արտահերթ ընտրությունների մասին հայտարարեց նաեւ իշխող քաղաքական ուժը, սկսեց  խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ։ Սակայն Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց համաձայնության գալ խորհրդարանական ընդդիմության հետ։ Իսկ վարչապետի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերի կարծիքով՝  Փաշինյանի կառավարման օրոք արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն։ Եվ արտախորհրդարանական,  եւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարեւորում են Ժամանակավոր կառավարության ձեւավորումը և որպես վարչապետի թեկնածու տեսնում են Վազգեն Մանուկյանին։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, վերլուծելով ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը, նշում է՝ եթե կա ներքաղաքական ճգնաժամ, ապա հնարավոր է գնալ միայն կայունացման՝ սահմանադրական ճանապարհով։

«Սահմանադրությունը իրավական եւ քաղաքական փաստաթուղթ է, որին հետեւելով  հնարավոր է հաղթահարել քաղաքական ճգնաժամերը։ Ընդդիմադիր հատվածն է, որ բարձրաձայնում է քաղաքական ճգնաժամի մասին, եւ սահմանադրորեն քաղաքական ճգանաժամի հաղթահարումը հնարավոր է արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Բայց նույն ընդդիմադիր հատվածը հրաժարվում է ընտրությունների ճանապարհով գնալ, այստեղ կա տրամաբանական եւ իրավական հակասություն։ Իշխանությունն առաջարկեց, ոմանք մերժեցին։ 17 ուժերը հիմնականում, բայց կան ուժեր, որոնք միացած չեն 17–ին եւ տեսնում են արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ ճգնաժամի կարգավորում։ Քանի որ այդ երկխոսությունը կարող էր կառուցողական դաշտ տեղափոխել քաղաքական ճգնաժամի հաղթահարման խնդիրը, որը չկայացավ։ Ստացվում է կոնֆլիկտային խոսույթը նեղացնում է կողմերի գիտակցությունը,  եւ սահմանադրական ճանապարհով խնդրի լուծում հնարավոր չի լինում։ Ոմանք, եթե պատկերացնում են հեղաշրջում, դա հակասահմանդրական է։  Միակ ճանապարհը սահմանադրականն է, որի երաշխավորը ՀՀ նախագահն է։ Իսկ Ազգային համաձայնության կառավարությունը հիպոթետիկ ընկալում է։ Ի՞նչ հիմքով  պետք է ձեւավորվի, Սահմանադրությունն  արդյո՞ք սահմանում է նման իրավական ընթացակարգ՝ ոչ։ Այսինքն՝ Սահմանադրությունից դուրս ընկալում է,  Սահմանադրությամբ չամրագրված առաջարկները չեն կարող ՍԴ ճանապարհով փոփոխությունների հանգեցնել»,-ասաց Օրդուխանյանը։

Նախագահը հոդվածում շարադրել է նաև Ազգային կառավարության գլխավոր առաքելության երեք նպատակները։ Առաջին՝ պատերազմի անմիջական հետևանքների վերացում՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար: Երկրորդ՝ պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում: Երրորդ՝ խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ:

Back to top button