ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում Կոնգրես ներխուժած եղջյուրներով «շամանին» մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում ձերբակալվել է Թրամփի 33-ամյա կողմնակից Ջեյք Անջելի մականունով Ջեյքոբ Չ-ն, որի լուսանկարները՝ եղջյուրներով մորթյա գլխարկով և նիզակի վրա ամրացված ամերիկյան դրոշով, Կապիտոլիումի գրոհից հետո տարածել էին լրատվամիջոցները: Նրան դատարանում մեղադրանք է առաջադրվել՝ հայտնել է Կոլումբիայի շրջանի  դատախազի գրասենյակը:

Դատարանի առջեւ անկարգությունների մասնակիցներից «Շամանի» հետ միասին կանգնել է Ֆլորիդայից 36-ամյա Ադամ Դ.-ն, որին ձերբակալել էին հունվարի 8-ին: Բազմաթիվ տեսանյութերում և լուսանկարներում երևում է, թե նա ինչպես է Կոնգրեսի շենքում տեղափոխում ամբիոնը: Երրորդ մեղադրյալը 35-ամյա Դերիկ Ե.-ն է, որը պարզվում է պատգամավոր է ընտրված Արեւմտյան Վիրջինիա նահանգից:

Տղամարդիկ մեղադրվում են Կապիտոլիում ապօրինի մուտք գործելու, հասարակական անկարգությունների և մի շարք այլ իրավախախտումների համար, իսկ Ադամ Դ.-ին նաև մեղադրանք է ներկայացվել դաշնային գույքը հափշտակելու համար:

Հունվարի 6-ին Վաշինգտոնում կայացած հանրահավաքում ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո նրա կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ ընտրությունների արդյունքները պետք է հաստատվեին Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում:

Ցուցարարներին հաջողվել էր ներխուժել շենք: Կոնգրեսում նիստը մի քանի ժամով դադարեցվել էր և օրենսդիրները տարհանվել էին: Խռովարարները բախվել էին ոստիկանության հետ, իրավապահներն ի պատասխան արցունքաբեր գազ էին բաց թողել: Բախումների արդյունքում զոհվել էր հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան:Մի քանի ժամ անց իշխանությունները կրկին վերադարձել էին Կոնգրեսի շենք:

Back to top button