ԿարևորՀասարակություն

Հունվարի 11–ը կդառնա՞ նոյեմբերի 10

Փաշինյանը և Ալիևը պատերազմից հետո առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու են մի քանի օրից՝ հունվարի 11–ին Մոսկվայում։ Նրանց հանդիպմանը ներկա է լինելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մոտավորապես այսքանն է հայտնի նախատեսվող հանդիպումից, մնացածը ենթադրությունների դաշտում է։ Պաշտոնական տեղեկությունները չկան, թե քննարկումները, բանակցությունները, առավել ևս՝ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթերը հարցերի ինչ շրջանակ են ներառելու։ Նոյեմբերի 10–ի նախադեպը, սակայն, պատճառ էր, որ թելեգրամյան ալիքներից մեկի մեկ հրապարակումը հանրային նոր անհանգստություն առաջացներ։

Հունվարի 11–ի մոսկովյան հանդիպմանն առնչվող որևէ կարգավիճակի փաստաթուղթ արդարադատության նախարարությունում չկա և չի ստացվել։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հերքում երեկվանից տարածվող լուրերը, թե հերթական ոչ հայանպաստ փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի Փաշինյանի և Ալիևի միջև, գաղտնիության պայմաններում, համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրությանը։  

«Նոր ոճ է ի հայտ եկել․ ինչ-որ անհայտ տելեգրամյան ալիքների միջոցով ապատեղեկատվության հրապարակում, որը հետո տարածում են մյուս ԶԼՄ–ները, և հասարակությունում առաջանում են հուզումներ, սխալ տեղեկությունների հիմա վրա անհանգստություններ։ Ես կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին։ Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, միջազգային պայմանագիր, գոյություն չունի։ Չի ստացվել։ Չկա»։

Նախարարի հերքումը առնչվում է արդարադատության նախարարությանը, որտեղ ըստ ընդունված ընթացակարգի՝ պետք է նախապատրաստվեն միջազգային պայմանագրերը։ Սակայն նաև որպես կառավարության անդամ է Ռուստամ Բադասյանը հայտարարում՝ տեղյակ չէ որևէ փաստաթղթի գոյության կամ նմանատիպ քննարկումների մասին։

Հերքումների և անորոշության  պայմաններում շատերը փորձում են հասկանալ՝ ինչ է սպասվում հունվարի 11–ին Մոսկվայում։ Անհանգստությունների առիթը, թերևս, նոյեմբերի 10–ի նախադեպն է։ Թե ինչպես այն ճիշտ անվանել, հստակեցնում է նախարարը․

«Դա մտադրությունների մասին հայտարարություն է։ Եթե ուսումնասիրեք միջազգային պայմանագրերի հետ կապված կարգավորումները, պրակտիկան, որը ձևավորվել է որակելու որևէ փաստաթուղթ՝ որպես միջազգային պայմանագիր կամ չորակելու։ Կան հստակ տարբերակումներ, թե ինչն է համարվում մտադրությունների մասին հայտարարություն՝ որպես զուտ բանակցությունների մաս և այլն, ինչն է համարվում միջազգային պայմանագիր»։  

Մտադրությունների մասին հայտարարության հիման վրա չեն կարող ճշտվել սահմանները, և այդպիսի՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց այս պահին չի իրականացվում, պնդում է Ռուստամ Բադասյանը։

Ամեն դեպքում կան քաղաքական գործիչներ, որոնք վերապահումով են մոտենում հերքումներին և հունվարի 11–ին ընդառաջ պահանջում են հանրության հանդեպ լինել բաց և թափանցիկ։ Այդ մտավախություններն էին այսօր արդարադատության նախարարության շենքի մոտ բերել նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանին և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին։

«Հանրությունը իրավունք ունի նոյեմբերի 9–ին նման անակնկալի չգալ։ Հարցը միայն հերքում տարածելը չէ։ Հարցը թափանցիկ և հրապարակային լինելն է։ Այսինքն՝ եթե կան կասկածներ, որ կա այդպիսի փաստաթուղթ, իսկ ես շարունակում եմ մնալ իմ կասկածներին, ապա ճիշտ կլինի հրապարակել այդ փաստաթուղթը և ոչ թե պարզապես հերթական անգամ, ինչպես 44 օր շարունակ էր, հիմա ևս ասել, որ այդպիսի փաստաթուղթ չկա։ Եթե որևէ մեկը ինձ կհամոզի, որ հունվարի 11–ին Նիկոլ Փաշինյանը անպատրաստ գնում է Մոսկվա, եթե իշխանությունը չի պատրաստվում այդպիսի ճակատագրական հանդիպումների, նշանակում է պարզապես չունենք իշխանություն»:

«Բնականաբար, իմ աչքով եթե ես չեմ տեսել, չեմ կարող պնդել, որ այդ տեղեկությունը վստահաբար իրականությանը համապատասխանում է։ Դրա մասին չէ խոսքը։ Մենք ունենք ճշմարտանման իրավիճակ, որովհետև մի քանի օրից նախատեսվում է այց։ Այս ընթացքում ինչ–որ տեղեկատվություն է շրջանառվում անընդհատ՝ Մեղրի բառը չի լինելու, միջանցք է, թե այլ տերմին է այդտեղ կիրառվում, նորից ռազմագերիների վերադարձի մասին է խոսվում, այն դեպքում, երբ այդ հարցը վերջնական լուծված էր նոյեմբերի 9–ի փաստաթղթով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ինչ–որ փաստաթուղթ, ըստ երևույթին, պատրաստ է»։

Արդարադատության նախարարի հավաստիացումները՝ որևէ տեսակի փաստաթղթի բացակայության մասին, որոշակիորեն փարատեցին նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի անհանգստությունները։

«Քանի որ այդպիսի փաստաթուղթը չի կարող ապագայում «օդից ծնվել», գալ առանց այս ընթացակարգն անցնելու, առանց նախարարությունում առկա լինելու, այս պահի դրությամբ հավաստիության կանխավարկածով մենք առաջ պետք է շարժվենք։ Բայց սա չի նշանակում, որ մեր պայքարը ավարտում ենք։ Շուռնուխի, Որոտանի և մյուս մասերով մենք հիմա դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ։ Շուտով վարչական դատարան ներկայացվելու է նման պահանջ, հիմա փակագծերը թույլ տվեք չբացել, որպեսզի կանխենք և հիմք ստեղծենք հետագայում հետ բերելու համար ՀՀ տարածքները, որոնք հանձնված են այս պահի դրությամբ ադրբեջանական կողմին»։

Տարածվող մտահոգություններին զուգահեռ, հունվարի 11–ին ընդառաջ «մտադրությունների մասին» նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարության հստակեցումներ այսօր ֆեյսբուքում գրառման միջոցով արեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշադրություն է հրավիրել, որ հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: «Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»,- գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունները, ըստ գրառման, երկուսն են։ Առաջինն առնչվում է  հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործմանը. ըստ այդմ՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում և ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործում:

Երկրորդ կետն արդեն առնչվում է տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Փաշինյանի գրառման համաձայն՝ դա նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրան, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան:

Back to top button