ԿարևորՀասարակություն

Հացթուխ Հարութը զոհվեց` փրկելով բուժակի կյանքը

Արմավիրցի հացթուխ Հարություն Խաչատրյանը պատերազմ մեկնեց ուրիշի ծանուցագրով: Զինվորական հավաքակայանում անծանոթի ձեռքից խլել էր ծանուցագիրն ու դրել զինկոմիսարի սեղանին՝ պահանջելով իրեն ուղարկել մարտական ծառայության: Հոկտեմբերի 30-ին մեկնեց՝ հորը փոխանցելով նոր գնած կոշիկները, որոնք մինչև հիմա խնամքով փայլեցնում ու դնում են իր տեղը:

Պատերազմի դաշտից հավաքած ձնծաղիկները Հարութն  այդպես էլ չկարողացավ հասցնել մորը, չէ որ նրա համար էր քաղել, իսկ  մարտական  ընկերը՝  պահն  անմահացրել: Ռումբերից, արկերից վնասված ու արյունով սնված  արցախյան հողը տնքալով շարունակում է ապրել ու ծիլեր տալ: Հարութը  որոշել էր հաղթնակից հետո Արցախի լեռներից մի մեծ փունջ ծաղիկներ հավաքել ու նվիրել իր ամենասիրելիներին: 

Նա հավատացած էր, որ հաղթելու ենք, հուզմունքը կոկորդում մի կերպ խեղդելով ասում է մայրը՝ Նազիկ Պողոսյանը. «Հարութս համոզված էր, որ էս պատերազմում պետք է հաղթեինք, ասում էր՝ մամա, ես տուն եմ գալու: Ամեն մի առաջընթացի համար զանգում էր, ուրախ-ուրախ պատմում: Երբ խփեցին Գյանջայի օդանավակայանին, զանգեց, ոնց էր ուրախացել՝ մամա, լսել ես ինչ ենք արել: Ինքը վստահ էր, որ պետք է հաղթեինք, վստահ էր, որ տուն պիտի գար»:

Հարություն Խաչատրյանի մանկությունն անցել է հայ-թուրքական սահմանին,  Բագարան գյուղում: Տատից ու պապից բազմաթիվ պատմություններ է լսել իրենց նախնիների մասին: Հաճախ նստել է Ախուրյանի ափին երազել,  մտովի հասել հին Բագարան: Հոգու խորքում թշնամու հանդեպ պահած ոխ ուներ: Թերևս սա էր պատճառը, որ այս պատերազմի 2-րդ օրը Հարութը հանգիստը կորցրած՝ չէր սպասել իրեն  բանակ  կանչելուն, գնացել ու  կամավորագրվել էր:

«Հարությունս արդեն 10 տարի հացթուխ էր, ամբողջ քաղաքն իրեն ճանաչում էր հացթուխ Հարութ: Պատերազմի առաջին իսկ օրվանից ինքը ցանկություն ուներ գնալու, կամավորագրվել էր մեր մոտ, Արմավիրում: Եթե ես իրեն չթողեի՝ էլի գնալու էր»:

Հացթուխի գիշերային աշխատանքն ավարտելուց հետո նա նորից էր  գնացել Արմավիրի 8-րդ դպրոց, որը ժամանակավորապես դարձել էր զինվորական հավաքակայան, հետաքրքրվել, թե երբ են իրեն ուղարկելու մարտական դիրքեր, բայց  իր հերթը դեռ  չէր հասել: Հետո նկատել էր զինկոմիսարիատի աշխատակցի հետ զայրացած ու բարձր տոնով խոսող երիտասարդին, ով բողոքել էր իրեն բանակ կանչելուց, այն դեպքում ,  երբ իր կրտսեր եղբայրը ծառայության մեջ էր: Հարությունը մոտեցել է,  նրա ձեռքից խլել  թուղթն ու դրել սեղանին  ասելով ՝ փոխարենը ինքն է գնալու:

Այս մասին հարազատներն ավելի ուշ են իմացել:  Պատմում է 13-ամյա քույրը՝ Ռոզան.

«Ինքն աշխատանքի էր գնում, ցերեկները գալիս քնում էր, գիշերներն աշխատում: Էդ օրը մտավ տուն ու ասեց՝ ես գնում եմ պատերազմ: Էդ պահին չհավատացինք, խառնվեցինք իրար, գնացի, որ գրկեմ, ակնոցս կոտրվեց: Թեքվեց, տեսավ լացում եմ, ասեց՝ չլացես, չնեղվես, հաղթելու ենք, հետ եմ գալու: Իրեն չէին կանչել, ինքը գրվել  ու ուրիշի պովեստկայով էր գնացել»:

Հարազատները նրան հետ պահել չէին կարող, քանի որ հայրենասիրությունը  Հարությունի երակներով հոսել ու անթեղվել էր  հոգում:

«Աշխատավարձը ստացել էր, գնացել իրեն շորեր առել, ամեն ինչ, պայուսակը պատրաստել էր:  Հետո ամուսնուս հետ գնացին, ինքը իր անձնագրով չէր, ուրիշի անվան տակ»:

Հովհաննեսը տղային ճանապարհելուց հետո գրեթե լուսադեմին մտել էր տուն՝ Հարութի կոշիկները ձեռքին, դրել  տեսանելի մի տեղ՝ սպասելով նրա վերադարձին:

«Թազա կոշիկ էր առել, դրել ուսապարկի մեջ: Հանեց, տվեց, ասեց՝ վերցրու ափսոս է, տանեմ էնտեղ, կճղվի: Ասեցի, դե  տանում եմ տուն…»:

Չկարողացավ շարունակել: Տղային ասել էր՝ կոշիկները տանում եմ տուն, որ գաս,  հագնես: Այդ կոշիկներն արդեն 2 ամիս ամեն օր խնամքով փայլեցնում են ու դնում նույն տեղը: Հարութն ամեն  օր զանգել է, առավոտյան տնեցիների հետ սրճել, կատակներ արել, մինչև հոկտեմբերի 24-ը. «Սկզբում Մարտունի 2-ում էր, հետո հրամանատարին ստիպել էին իրենց առաջնագիծ տանի: Տեղափոխել էին Ֆիզուլի, ինձ չէր ասել, թե որտեղ է: Երկու օր չէր զանգել, երբ զանգեց ես լացում էի, ասեց՝ մամա, մի լաց, ասեցի՝ Հարութ, ես քեզնով էնքան շատ եմ հպարտանում ու շատ եմ սիրում, ասեց՝ մամ, ես էլ ձեզ եմ շատ սիրում: Մյուս օրն էլ եմ խոսել հետը, վերջին օրն էր»:

Գիշերային հերթափոխին սովոր երիտասարդը, հերթապահել էր  նաև մարտական դիրքերում, գիշերը հսկել, իսկ առավոտյան փայտ կոտրել, կրակ վառել ու սուրճ եփել, արթնացրել խրամատի մարտական ընկերներին: Հրաձիգ էր, ճիշտ նշանառու, մայրն ասում է, որ 5-թիրախից՝  5-ն էլ  չէր վրիպում: Ամենօրյա զանգերն ընդհատվեցին  հոկտեմբերի 24-ին: Թեժ մարտեր էին և չէին կարող դիրքերից հեռանալ ու լիցքավորված հեռախոսները բերել թաքստոցից.

«Առավոտ էր զանգում, ժամը 8-ին ամեն օր սպասում էի, բայց էդ օրը չէր զանգել: Ասեցի մինչև իրիկուն չզանգի, ես չգիտեմ իմ հետ ինչ կլինի: Ցերեկը ընկերներից մեկը զանգեց, ասեց, գնում ենք իրեն բերենք»:

Նա  զոհվել է հերոսաբար՝  փրկելով  բուժակ ընկերոջ կյանքը.

«Որտեղ, որ տրաքել էր սմերչը, գոռացել էին՝ օգնեք: Վազել էր, հրամանատարն ասել էր հետ արեք, հեսա  2-րդն է գալու, չէին լսել: Ֆելշերին փրկել էր, 2 ոտքերը չկա, բայց ինքը կենդանի է»:

Բեկորային վնասվածք ստացած ժամանակ էլ է կատակել, թե տեսեք մի ոտքով էլ եմ կարողնում քայլել: Նրա կյանքը չհասցրեցին փրկել, ընկերները մորն ու կնոջը փոխանցել են Հարութի վերջին  խոսքը՝ կասեք Հովուլիս ու քրոջս  լավ պահեն:

Որդու կորստից հետո Հարութի մայրը փարատվում է նրա 4-ամյա որդով՝ փոքրիկ Հովհաննեսով, ով ուժ է հաղորդում ընտանիքին և ստիպում կրկին ապրել:  Հոր խրատները   փոքրիկին են փոխանցվել Պարույր Սևակի  «Որդուս» բանաստեղծության միջոցով:

Ձայնագրությունը թաքուն քույրն էր արել, երբ տեսել էր եղբորը՝ փոքրիկին գիրկն առած, արտասանելիս. «Ախ, մի նվա, հայրդ երբեք չէր հանդուրժում նվացողին:  Ազնիվ եղիր ամեն ինչում: Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում՝  ոնց էլ շուռ տաս: Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե 7-8 գունեղ աստառ: Ազնիվ եղիր, ոչ թե գոռոզ, դատարկ մարդն է գոռոզանում: Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում: Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել, խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե: Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր: Թող տա աստված»:

27-ամյա Հարություն Խաչատրյանի աճյունն ամփոփված է Արմավիրի զոհված ազատամարտիկների պանթեոնում: Հավերժ փառք քեզ, հերոս, կյանքդ տվիր հանուն կյանքի:

Back to top button