ԿարևորՀասարակություն

Դասերը կմեկնարկեն առկա, բայց դիմակով ու կարանտինով

Կարանտինը կշարունակվի ևս 6 ամիս, նույնն է թե՝ ևս մեկ ուսումնական կիսամյակ։ 2019-ի տարեմուտին ի հայտ եկած նոր տիպի կորոնավիրուսը 2021-ի տարեսկզբին դեռ ստիպում է մտածել արդեն հին դարձած օնլայն կրթության մասին։ ԿԳՄՍ նախարարությունում մտահոգված են, որ ՀՀ–ում կարանտինային ռեժիմը ևս 6 ամսով  երկարաձգելը կապված է նաև Համաշխարհային առողջապահական կազմակերպության՝ կորոնավիրուսի 3-րդ ալիքի մասին կանխատեսումների հետ, իսկ այդ դեպքում ստիպված կլինենք նորից անցնել հեռավար ուսուցմանը։

Մինչև կարանտինի երկարաձգման մասին որոշումը ԿԳՄՍ նախարարությունն արդեն հայտարարել էր,  որ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից, ի տարբերություն նախորդ տարիների, երբ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը մեկնարկում էին ավելի ուշ։ Մեկնաբանում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։

«Առաջին դասարանցիների վերաբերյալ նման որոշման հիմքում աշնանը դասապրոցեսի մեկ ամսով դադարի փաստն է։ Եթե հիմա դասերը չսկսեին, առաջին դասարանցիները ստիպված ստիպված կլինեին ամռանը դասի գնալ, մինչև հունիսի 25-ը։ Սա, իհարկե, հավելյալ դժվարություններ կստեղծեր շոգ եղանակին դիմակների կրման հետ կապված, բացի այդ պարզ է, որ ամառային ամիսներին ավելի լավ է կազմակերպել երեխաների հանգիստը, քան կրթությունը»,– ասում է Սուսաննա Ազատյանը։

Հանրակրթության վարչության ներկայացուցիչը նշում է՝  նախկինում պարտադիր 6-օրյա ռեժիմը կփոխարինվի ավելի ճկուն գրաֆիկով։ Այն դասարանները, որոնցում աշակերտների թիվը չի գերազանցի 20-ը, հնարավորություն կունենան դասերը կազմակերպել 5-օրյա ռեժիմով։ Իսկ այն դասարանները, որոնք ունեն 20-ից ավելի աշակերտ, դեռ ստիպված կլինեն դպրոց հաճախել խմբերով և 6-օրյա գրաֆիկով։

«Մենք ցանկանում ենք նախարարին առաջարկել որոշման մեջ փոփոխություններ կատարել, և դասասենյակում աշակերտների թվի սահմանափակման փոխարեն, պարզապես պարտադրել համապատասխան սոցիալական հեռավորության պահպանումը»,– պատմում է ԿԳՄՍ ներկայացուցիչը։

Հակահամաճարակային մյուս բոլոր կանոնները կպահպանվեն․ աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով իսկ դասասենյակներում պարտադիր կլինի ախտահանիչ միջոցների առկայությունը։ Տարվա այս եղանակին պարտադիրների շարքում է նաև դասասենյակների համապատասխան ջերմաստիճանի պահպանումը։

«Դպրոցները հիմնականում ջեռուցվում են, իսկ այն տարածաշրջաններում, որտեղ ջեռուցման խնդիրներ կան, հնարավոր է, որ նման ցուրտ եղանակին դպրոցները չկարողանան ապահովել համապատասխան ջերմաստիճան, և այդ պարագայում նրանք պետք է կամ ունեն հնարավորություն անցնելու հեռավար ուսուցման, մինչև կկարողանան ապահովել համապատասխան ջերմաստիճան»,– պարզաբանում է հանրակրթության վարչության ներկայացուցիչ Սուսաննա Ազատյանը։

Նախարարությունում քովիդի 3-րդ ալիքի մասին մտածել են, վստահեցնում են,  որ և իրենք, և դպրոցները համաճարակային պայմաններում անխափան աշխատելու փորձ արդեն ունեն, բայց հակված են դասապրոցեսն իրականացնել առկա ձևաչափով։

«Այնուամենայնիվ առկա դասապրոցեսի արդյունավետությունը անհամեմատ ավելի բարձր է։ Հեռավար դասապրոցեսը իրավիճակային լուծում է․ կախված իրավիճակից հնարավոր է անցնենք հեռավար ուսուցման, բայց առայժմ նման տարբերակ չենք քննարկել»,– ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը։

Հեռավար կրթությունը՝  որպես իրավիճակային լուծում, մերօրյա «կորոնավիրուսյան դարաշրջանում» կիրառվեց  նաև բուհական համակարգում։ Ի տարբերություն դպրոցների՝  բուհերն ավելի  ինքնավար են, և դասերն առկա թե հեռավար համակարգով անցկացնելը թողնված է բուհի հայեցողությանը։ ԿԳՄՍ նախարարությունից «Ռադիալուրին» փոխանցեցին, որ այս մասով փոփոխություն չկա, առաջիկա ամսվա ընթացքում բուհերը կամփոփեն ու ինքնուրույն կորոշեն, թե ինչպես կազմակերպել դասապրոցեսը առաջիկա կարանտինային, բայց ուսումնական տարվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button