ԿարևորՀասարակություն

Աստվածահաճո գործը` կյանքի ուղի

Հոգևոր կյանքը, Կարմիր խաչի կամավորությունն ու մարդասիրական մոտեցումները ընդհանրացված են արմավիրցի երիտասարդ Հովհաննես Հովհակյանի  կենսակերպում: Հատուկ մանկավարժի մասնագիտությամբ երիտասարդ տնօրենին ոչինչ հետ չի պահում բարձրանալ խորան, մասնակցել սուրբ պատարագին, ինչպես նաև առաջին օգնություն ցուցաբերել տուժածին: Դպիրի կարմիր շապիկն այսօր երեկոյան էլ է հագնելու, Հայոց եկեղեցում սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվելու:

Յուրաքանչյուր կիրակի և տաղավար տոներին Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում  մատուցվող պատարագներին Հովհաննես Հովհակյանը շապիկ է հագնում, վերցնում բուրվառն ու բարձրանում խորան, իսկ խորան բարձրանալ վիճակված չէ ամենքին: Նա հավատքով լցված խոնարհաբար ծառայում է տիրոջը:

Եկեղեցի հաճախող հավատացյալ ժողովուրդը նրան լավ գիտի: Աստծո տուն  է մտել ներքին մղումով, նախապապը հոգևորական է եղել,  իրեն էլ կոչել են Հովհաննես Մկրտչի անվամբ. «Իմ մորական պապի պապին ևս եղել է հոգևորական, Քահանա էր, Սուրմալույում են ապրել, երևի գենը նշանակություն ունեցավ, ինչպես նաև սուրբ Հովհաննեսը»:

12 տարեկանում իր մեջ  արթնացած գենը  Հովհաննեսին  ուղեկցեց Աստծո տաճար և նա սկսեց հաճախեց կիրակնօրյա վարժարան: Հոգևոր կյանքը շատ էր ձգում: Ասում է՝ առաջին անգամ շապիկ է  հագել սուրբ Հռիփսիմյաց կույսերի հիշատակի տոնին նվիրված  ուխտագնացության ժամանակ.

«2002թ-ից, դեռ դպրոցական տարիներից հաճախել եմ Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի կիրակնօրյա վարժարան: Միջոցառումներ, ուխտագնացություններ կազմակերպելով կապը եկեղեցու հետ շատանում է և իմ մեջ ցանկություն առաջացավ խորան բարձրանալ, մասնակցել պատարագներին: Խորան եմ բարձրացել 2006 թ-ից, ես մեծ բավարարվածություն և հոգու հանգստություն եմ զգում»:

Արդեն 6 տարի նա ձեռնադրված դպիր է և չնայած զբաղվածությանը՝ ամեն կիրակի ժամանակ է գտնում մասնակցելու սուրբ պատարագին: Այսօր երեկոյան էլ է բարձրանալու խորան՝   սուրբ ծննդյան  ճրագալույցի պատարագ է  մատուցվելու:

Մարդասիրությունը Հովհաննեսին բնորոշող հատկանիշներից է: Բացի հոգևորականի շապիկից նրան կարելի է տեսնել կարմիր խաչի տարբերանշանով սպիտակ շապիկով՝ առաջին օգնության դեղատուփը ձեռքին, որն  իր պայուսակի  անբաժան իրերից մեկն է: Երիտասարդը նաև Հայկական  Կարմիր խաչի ընկերության Արմավիրի մասնաճյուղի  կամավորներից է: Միշտ առաջինն է օգնության հասնում վնասվածք ստացած քաղաքացիներին, գործի դնում մասնագիտական հմտությունները: Պատմում է այդպիսի մի դեպք, որը տեղի էր ունեցել  Արմավիրի  «Մանուշակ» մանկապարտեզում: Առևանգնված երեխայի հայրը հոգեկան հանգստություն չգտնելով՝ վնասել էր ձեռքը.

«Հայրն անհագիստ էր, երեխան իր մոտ չի ու չգիտեր ինչ էր կատարվում, ձեռքով հարվածել էր պատին ու վնասվածք ուներ: Ես արագ ձեռքին վիրակապ դրեցի և փորձեցի հորը հոգեբանորեն հանգստացնել»:

Առաջին օգնություն ցուցաբերելիս չեն բացառվել զավեշտալի պատմությունները.

«Ուսանողական տարիներին մանկավարժական համալսարանի դիմաց ավտովթար եղավ: Գնացել եմ, օգնություն եմ ցույց տալիս տուժածին մինչև շտապօգնությունը եկավ տարավ ու ոստիկանները ինձ տարան բաժին: Ասեցին՝ պետք է բացատրություն տաք, ես ասեցի, բայց ես առաջին օգնություն եմ ցուցաբերել, ասացին՝ պետք է գաք: Գնացինք, քննիչը հարցնում է,պատմեցի, թե ինչ է եղել, ինչ եմ արել, ասաց, իսկ առաջին օգնություն ցուցաբերելու իրավունք ունեք, ասացի՝ հա ու ցույց տվեցի Հայկական Կարմիր խաչի անդամատոմսը, շրջվեց պարեկապահակային ծառայության ոստիկաններին ու ասաց,՝ էս մարդն առաջին օգնություն է ցույց տվել, ինչու եք բերել բաժին»:

Սակայն քչերը գիտեն, որ հոգևորականի կարմիր շապիկ հագնող և արագ արձագանքող մարդասեր երիտասարդը Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենն է, մասնագիտությամբ՝ հատուկ մանկավարժ: Նա անվերապահորեն նվիրված է իր գործին.

«Ես իմ մասնագիտությունը շատ-շատ եմ սիրում: Աշխատանքս հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ է: Նրանց փորձում ենք ինտեգրել հասարակություն: Մանկուց սիրել եմ երեխաների հետ աշխատել, առավել ևս, երբ կան երեխաներ, ովքեր ունեն քո իսկ  աջակցության, քո օգնության կարիքը: Չգիտեմ, դա կարող եմ կապել իմ աստվածավախ, աստվածապաշտ լինելու հետ»:

Տնօրենի պաշտոնը նրան չի փոխել, Հովհաննես Հովհակյանը  շարունակում է աստվածահաճո գործը,  դա նրա կյանքի ուղին է:

Back to top button