ԿարևորՀասարակություն

Արտահերթ ընտրությունների հարցականը

Խորհրդարանական պետության նրբություններից ելնելով` միայն վարչապետի որոշումով խորհրդարանը չի կարող ցրվել և նշանակվել արտահերթ ընտրություններ։

Թերևս դրանով է պայմանավորված փաստը, որ խորհրդարանում ներկայացված 3 ուժերի ղեկավարները ԱԺ շենքում հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Որևէ հանգուցալուծում, սակայն, այդ հանդիպումը չբերեց։

«Ճգնաժամը շարունակվում է»,-Փաշինյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները պնդում են՝ այլ ժամանակավոր կառավարության և այլ ժամանակավոր վարչապետի օրոք են հնարավոր արտահերթ ընտրությունները։ Վերջին իրադարձություններից և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք պատգամավորների հեռանալուց հետո խորհրդարանի իրողությունները փոխվել են և այժմ՝ սահմանադրական օրենքներին և որոշումներին առնչվող հարցերում որոշիչ են դարձել նաև ընդդիմադիրների ձայները։ Այստեղ խոսքը ոչ միայն արտահերթ ընտրությունների որոշման մասին է, կա նաև իշխանության ձգտում և նպատակաուղղված աշխատանք՝ փոփոխել Ընտրական օրենսգիրքը։

Էդմոն Մարուքյանը խիստ կասկածում է, որ երկու հարցն էլ խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա լուծել․  

«Ունի՞ 88 ձայն, որ ընդունի, դե թող ընդունի։ Առանց մեզ՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի, առանց «Բարգավաճ Հայաստան»-ի այս խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ մենք և ԲՀԿ-ն դեմ ենք դրան։ Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի։ Հետևաբար՝ այդ համաձայնությունը չկա և խորհրդարանը չի ցրվի։ Սա խորհրդարանական երկիր է, վարչապետը խորհրդարանին զեկուցող, խորհրդարանին ենթակա պաշտոնյա է։ Եվ եթե վարչապետը նախաձեռնում է մեզ հանդիպում, ունի ասելիք, մենք էլ ունենք, ունի օրակարգ՝ մենք էլ ունենք»։

Կոշտ և անզիջում դիրքորոշումներին իշխանական թևից պատասխանում են դեռ քննարկումները շարունակելու պատրաստակամությամբ։ Բայց անգամ այստեղ նշում են մեկ «բայց»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան․ «Շատ նորմալ է, որ ընդդիմության համար իշխանության գործող ղեկավարի հրաժարականը առաջնային թեմա է։ Շատ նորմալ է, որ իրենք իրենց ղեկավարներին են տեսնում որպես ղեկավար։ Նորմալ քաղաքական գործընթաց է։ Գոյություն ունեն իրավական պրոցեսներ, որոնք պետք է բերեն նոր ընտրությունների, և այդ պրոցեսների կարևոր դերատակատներից են խորհրդարանական կուսակցությունները։ Մենք ունենք ընտրված ԱԺ, որն ունի առաջնային լեգիտիմություն։ Չենք անի ընտրություն, եթե չպայմանավորվենք»։

Որքանով այսպիսի դիրքորոշումը կնպաստի ճգնաժամի լուծմանը՝ որևէ արձագանք այս մասով դեռ չկա։

Արտախորհրդարանական ուժերը նույնպես այս փուլում հանդես են գալիս տարբեր հայտարարություններով, պահանջներով և դիրքորոշումներով։ Որոշ ուժերի հետ, օրինակ, հանդիպումներ արդեն ունեցել է ԱԺ ի նախագահը։ Բայց որևէ մակարդակի հանդիպումների դեռ չեն մասնակցել օրինակ «Ազգային ժողովրդական բևեռ»-ի անդամները։ Որևէ առաջարկ չեն ստացել, բայց հանդիպումների իմաստն էլ չեն տեսնում։  

Նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյան․ «Մենք տեսնում ենք որոշակի զարգացումներ, որ փաստորեն պարոն Փաշինյանը այդ քննարկումները կազմակերպում է մեկ նպատակով, որ քննարկման մասնակիցներին համոզի, մնա վարչապետի պաշտոնում և այդ կերպով  հետագա քաղաքական ընթացքը շարունակվի ու լինեն արտահերթ ընտրություններ կամ չլինեն. դա էլ դեռ հասկանալի չէ։ Բայց ամենակարևորը՝ անկյունաքարում պարոն Փաշինյանը դնում է իր պաշտոնավարման շարունակումը, ինչը բացարձակապես ոչ կառուցողական և ամեն ինչ ձախողող մոտեցում է»։

Եթե արտախորհրդարանական այս ուժը հայտնի է հստակ հակառուսական տրամադրություններով և Հայաստանի «ապագաղութացման» թեզերով, ապա դրան ուղիղ հակադիր դիրքերից է հանդես գալու ներքաղաքական դաշտում ստեղծված նոր միավորումը։  «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության մեջ մտնում են Ռեֆորմիստների, ՍԻՄ, «Ազգային միաբանություն» կուսակցությունները եւ Ղրիմի աշխարազորայինների միությունը։

Ռեֆորմիստներից Վահան Բաբայան. «Մեր նպատակն է ոչ թե Հայաստանի անկախության զիջման գնով ինչ որ բան անենք, այլ մեր նպատակն է գնալ նոր միութենական պայմանագրի և Հայաստանի անվտանգության հարցը լուծել դրանով»։

Այս նախաձեռնության կարծիքով՝ հայ–ռուսական մերձեցման և Փաշինյանին դեմ սկզբունքները բավարար էին, որպեսզի հայտնվեն ուշադրության կենտրոնում։ Բայց լուսաբանման ծավալից դժգոհ են ու արդեն խոսում են ներքաղաքական դաշտում «խանդի» դրսևորումների մասին։

Back to top button