ԿարևորՀասարակություն

Ինչպես հակազդել կիբերպատերազմներին և հաղթահարել կիբերանգրագիտությունը

2020 թվականը լի էր մարտահրավերներով, համավարակից մինչև պատերազմ ու անգամ անտեսանելի մարտահրավեր տեղեկատվական անվտանգության դաշտում։ Պատերազմի օրերին մարտական գործողություններին զուգահեռ ամեն օր մենք հետևում էինք նաև տեղեկատվական դաշտում եղած հարձակումներին ու դրանց հետևանքներին։  Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասնագետներն արձանագրում են` այն ինչ տեղի էր ունենում աշնանը մեր երկրում, թերևս 21-րդ դարի առաջին ժամանակակից պատերազմն էր, որտեղ ակտիվ ռազմական գործողությունների հետ ընթացել են նաև կիբերհարձակումներ։

IT security ընկերության տնօրեն Արմեն Գնունին ասում է` հոգեբանական ազդեցությունից բացի Ադրբեջանի հիմնական նպատակը եղել է պետական կառույցներից ինֆորմացիա ստանալը, ինչը իրենց, ցավոք սրտի, հաջողվել է։

«Իրենց հրապարակած նյութերից ելնելով` կարելի է ասել, որ իրենք ստացել են հասանելիություն մեր պետական կառույցների ամբողջ փաստաթղթաշրջանառությանը։ Մալբրի համակարգի կոտրման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Եթե նույնիսկ այդտեղ գաղտնի փաստաթղթեր չլինեն, ցանկացած փաստաթուղթ էլ իր մեջ անվտանգության տեսանկյունից վտանգ է պարունակում»,– ասում է Արմեն Գնունին։

Արմեն Գնունին նշում է, որ տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ պետական համակարգում կան տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ։ Սակայն ինչպես պարզ դարձավ վերջին իրադարձությունների ընթացքում, այդ խնդիրներին պատշաճ անդրադարձ չի եղել, կամ անդրադարձը անհրաշեշտ մակարդակի չի եղել։

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը այս խնդրի լուծումը ավելի դետալային է տեսնում․ որքան էլ տեղեկատվական տեղնոլոգիաների մասնագետներն աշխատեն, այնուամենայնիվ ամեն ինչ պետք է սկսել անհատների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելուց։

«ՏՏ անվտանգությունը շղթա է, իսկ շղթան ամուր է այնքանով, որքանով ամուր է դրա ամենաթույլ օղակը։ Գուցե պետք է նաև ֆինանսական կիբերհարձակումները գան հասնեն Հայաստան, մարդիկ սկսեն բանկային հաշիվներից գումար կորցնել, և այդ ժամանակ արդեն սեփական մաշկի վրա հասկանան, որ սա ոչ թե մեկ–երկու դեպք է, այլ պետք է վարքագծի փոփոխությունների գնալ»,– ասում է Ալեքսեյ Չալաբյանը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետնեը արձանագրում են, որ պատերազմի ընթացքում մեր ամենամեծ խնդիրներից մեկը եղել են անվտանգության տեսախցիկները, որոնք, փաստորեն, ավելի վտանգավոր են, քան մենք կարծում ենք։ Մասնագետները նշում են, որ հիմնակում հենց տեսախցիկներ տեղադրողները չեն տիրապետում անվտանգության հիգենիային, չեն գիտակցում, որ պետք է օգտագործողին բացատրեն` եթե ուզում ես էժան սարք տեղադրել, ապա պետք է իմանաս, որ դա նաև թույլ անվտանգություն ունի։ Արդյունքում` արդեն կիբերհարձակումներից հետո մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող է թշնամին հասանելիություն ունենալ տանը տեղադրված անվտանգության տեսախցիկի համակարգին։

«Երեխաներին հեքիաթներ ենք պատմում, օրինակ, գորշ գայլերի մասին, չար մարդկանց մասին, որոնցից պետք է զգուշանալ, այդ նույն պատմությունների մեջ պետք է լինեն նաև ժամանակակից ռիսկերը։ Երեխաներին մանուկ հասակից պետք է բացատրել, որ չի կարելի ամեն ինչ նկարել, կամ, օրինակ պապայի բանկային քարտը կցել ինչ–որ անհասկանալի խաղերի»,– ասում է ՏՏ անվտանգության մասնագետը։

Սա թերևս լուծում է, որը երկար ժամանակ է պահանջում, իսկ IT security ընկերության տնօրեն Արմեն Գնունին այս խնդրի լուծումը առավելապես օրենսդրական դաշտում է տեսնում, քանի դեռ մարդիկ չեն նկատել իրենց տան մեջ ապրող իրենց կողքին աշխատող այդ հետևող աչքը։

Back to top button