ԿարևորՔաղաքական

Ի՞նչ են քննարկել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում էր։ Դեռ երեկվանից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին: Օրվա ընթացքում այդ լուրը չհերքեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը, հանդիպման հնարավոր ժամը մի քանի անգամ փոփոխվեց, վերջապես այն կայացավ։

Հանդիպման ավարտին խորհրդարանական ուժերի ղեկավարները նշեցին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, և նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։

Գագիկ Ծառուկյանի հետ վարչապետի հանդիպումը շատ կարճ տևեց։ Արդեն հանդիպումից հետո Ծառուկյանը հայտարարեց։

«Հանդիպումը երկար տևել չէր կարող, իմ դիրքորոշումը չէր կարող փոխվել, այն, ինչ ասել եմ հրապարակային, այն էլ կրկնեցի վարչապետին՝ երկիրն այս իրավիճակից հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը»,-ասաց Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում Նիկոլ փաշինյանի հետ կայացած կարճատև հանդիպումից հետո:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` Ծառուկյանը նշեց, որ այդ մասին էլ ասել է` դա կարող է լինել, եթե Փաշինյանը չլինի ժամանակավոր պաշտոնակատար։

Երբ դա ընդունելի լինի Փաշինյանի համար, այդ ժամանակ կխոսեն նորից։

Թե ի՛նչ է արձագանքել վարչապետը, Ծառուկյանը չմանրամասնեց. «Այդ հարցը տվեք իրեն»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ինքը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:

«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնեն, և նախապատրաստենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի են նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության փոփոխությունների հարցը, ինչի մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:

Վարչապետն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք: Այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր»:

Նա վերահաստատեց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ինքն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։

«Չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի։ Առանց ԼՀԿ և ԲՀԿ համաձայնության` այս խորհրդարանը չի կարող ցրվել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։

Back to top button