ԿարևորՀասարակություն

ԲՀԿ-ն կարող է կորցնել ԱԺ-ում ունեցած իր պաշտոններից մեկը

 «Բարգավաճ Հայաստան»–ից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այլևս ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չէ։ Այդպես որոշվեց փակ գաղտնի քվեարկությունից հետո։ ԱԺ որոշմանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, 4–ը դեմ էին։ Ընդդիմադիր պատգամավորին պաշտոնից զրկելու հիմնավորումը՝ այդ պաշտոնին անհամատեղելի պահվածքն ու արտահայտություններն են, ընդդիմադիր խմբակցությունից պատասխանում են, որ խնդիրն ավելի խորքային է։ ԲՀԿ–ն այս հարցով դիմելու է ՍԴ։  

Մեկ ծառայողական ավտոմեքենա և մի քիչ ավելի մեծ աշխատասենյակ․ այսպես է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացնում այն «կորուստները», որոնք ունենալու է պաշտոնանկությունից հետո։ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցով վիճաբանությունը ԲՀԿ–ի և խորհրդարանական մեծամասնության միջև «հեռավար» է։ «Բարգավաճ Հայաստան»–ը չի մասնակցել հարցի քննարկմանը։

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները որոշակի ժամկետով կկատարի մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ հանձնաժողովի փոխնախագահ, ԼՀԿ–ական Անի Սամսոնյանը։ ԱԺ ղեկավարությունը սպասելու է երկու շաբաթ․ այդ ընթացքում, կարգի համաձայն, ԲՀԿ–ից  հանձնաժողովի ղեկավարի մեկ այլ թեկնածուի առաջադրում պետք է լինի։ Նման բան, սակայն, տեղի չի ունենա, դեռ երեկվանից զգուշացրել են «Բարգավաճ Հայաստան»–ից՝ նախաձեռնությունը որակելով որպես քաղաքական հետապնդում։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյան․

«Համաձայն «Դոնթի բանաձևի»` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի քվոտան պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ զրկեք տիկին Զոհրաբյանին նախագահի ղեկավարի լիազորություններից, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որևէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար»։

ԱԺ ում փակ գաղտնի քվեարկությունից հետո ԲՀԿ–ն պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Փաստաթղթերը պատրաստ են, միջբերվում է Հայաստանի Սահմանադրության այն կետը, որով պատգամավորը չի կարող հետապնդվել զբաղեցրած պաշտոնում իր արտահայտած կարծիքների և դիրքորոշման համար։

Կարծիքները յուրահատուկ են և առնչվում են Հայաստանի քաղաքացիների կրթական ցենզին ու ընտրության իրավունքին՝ վկայակոչելով պատգամավորի «ֆեյսբուքյան» գրառումները հակադարձում են նախաձեռնության հեղինակները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նույնպես վկայակոչում են Սահմանադրությունը։  

Սուրեն Գրիգորյան. «Չի կարող մարդկանց ըստ կրթական ցենզի տեսակավորող մարդը և ասելով, որ մարդը եթե օրինակ, ինչ–ինչ պատճառներով որակվում է որպես տգետ, չպետք է ինքը ասի, թե ով պետք է լինի իր իշխանությունը։ Տիկին Զոհրաբյանի կողմից ոչ թե էթիկական կանոններ են խախտվում։ Իր կողմից, ըստ էության, ՀՀ սահմանադրական կարգն է վիճարկվում»։

Արթուր Հովհաննիսյան. «Սահմանադրության առաջին գլխի անփոփոխելի երկրորդ հոդվածով ամրագրվում է, որ ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով»։

Հայկ Կոնջորյան. «Պատկերացնում էին, որ տիկին Զոհրաբյանը ինքը պետք է լիներ այն անձը, որը հենց իր համախոհների կողմից ժողովրդին «ուժեղացնելու» այս փորձերի դեմը պետք է առներ՝ հանդես գալով որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ»։

Քննարկումներն ու քվեարկությունն, ըստ էության- տեղի ունեցան մեկ ուժի մասնակցությամբ՝ «Բարգավաճ Հայաստան»–ի պատգամավորները բացակայում էին, «Լուսավոր Հայաստան»–ը ներկա էր, բայց քննարկմանը չմասնակցեց։

Ինչ կլինի երկու շաբաթ հետո. մեծամասնությունը սպասելու է քաղաքական զարգացումներին։ Ասում են՝ «ԲՀԿ–ի կողմից վկայակոչվող «Դոնթի բանաձև»–ը պաշտոնը իրենց պահելու գրավական չէ։ Հանձնաժողովների բաշխումը տեղի է ունեցել քաղաքական համաձայնությունների արդյունքում, այնպես որ, եթե «Բարգավաճ Հայաստան»–ից նոր թեկնածու չառաջադրեն մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, ապա այն կփոխանցվի քաղաքական մեծամասնությանը, զգուշացնում են «Իմ քայլ»–ը խմբակցությունից։  

Back to top button