ԿարևորՀասարակություն

Տող գյուղի միջադեպը քարոզչական սադրա՞նք․ ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում

Որոնողական խմբերն այսօր չեն  կարողացել Հադրութ հասնել, թեեւ նախապես ռուս խաղաղապահներն ու ԿԽՄԿ-ն  ադրբեջանական կողմի հետ համաձայնություն էին  ձեռք բերել որոնումները շարունակելու մասին։ Տեղեկությունը «Ռադիոլուրին» հայտնեց Արցախի ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։  

«Նախատեսվածի համաձայն՝ Արցախի ԱԻՊԾ  երեք խումբ մեկնել էր  Հադրութի ուղղությամբ որոնողա–փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել եւ պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում»,-ասաց նա։

Այսօր նախատեսված որոնողական աշխատանքներից առաջ՝ երեկ  գիշերվանից, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում Հադրութի Տող գյուղում հայկական ու ադրբեջանական ԶՈՒ–երի միջեւ բախումների մասին։ Այս տեղեկությունը չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ, ըստ Արցախի  նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի, Տողը գտնվում է շփման գծից բավականին հեռու, եւ այնտեղ հայկական զինված ուժերը չէին կարող հասնել․

«Անհնար է, որ հայկական ուժերը հասնեին այդ տարածք, շատ հեռու է գտնվում շփման գծից։ Գուցե այնտեղ մնացած հայկական ԶՈՒ–ից զինծառայողներ լինեն, որոնց հետ է տեղի ունեցել հրաձգություն։ Ոչինչ չենք կարող բացառել»։

Ռուս լրագրող, բլոգեր Սեմյոն Պեգովի «Վարգոնզո» տելեգրամյան ալիքը նույնպես գրում է Ղարաբաղում ռազմական նոր բախումների մասին։ Նախնական տվյալներով՝ Ղարաբաղում կան անհայտ քանակությամբ խմբեր Արցախի եւ Հայաստանի ռազմական ուժերից եւ կամավորականներից, որոնք շրջափակման մեջ են մնացել՝ տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո։ Մարտիկները, հնարավոր է, գտնվում են հենց Հադրութի եւ Ֆիզուլու անտառներում, ամենայն հավանականությամբ այդ խմբերից որեւէ մեկը բախման մեջ է մտել Ադրբեջանի ԶՈՒ–ի հետ։ Դեկտեմբերի 20-ին 6 հոգանոց այդպիսի մի խումբ   ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի որոնողական խմբի կողմից դուրս բերվեց Ջեբրայիլի անտառներից և տարհանվեց Ստեփանակերտ։

Տող գյուղն ամբողջությամբ ադրբեջանական ուժերի  վերահսկողության տակ է։ Հենց այդ պատճառով, ըստ Դավիթ Բաբայանի, թշնամու հաղորդած այն տեղեկությունը, թե երկու կողմից զոհեր կան, ճշտել հնարավոր չէ։ Նա հակված է կարծել, որ տեղեկությունը սադրանք է եւ հատուկ նպատակ ունի։

ԱՀ ՊԲ-ն նույնպես վերահաստատեց, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ «Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք, հնարավոր չէ որակել»,– ասված է հայտարարության մեջ։

«Սադրանք է, որի նպատակն է վհատություն սերմանել բնակչության շրջանում, որ չգան Արցախ ապրելու,  բացի դրանից՝  այդ տեղեկությունը հարված է Ռուսաստանի վարկանիշին եւ նպատակ ունի վնաս հասցնել  հայ–ռուսական հարաբերություններին։ Վստահ եմ՝ հիմա ռուս խաղաղապահները տեղում են  պարզելու կատարվածի իսկությունը»,- նշում է Բաբայանը։

Մինչ ռուս խաղաղապահները կպարզեն, թե ինչ է կատարվում Հադրութում, իրանական MiranPress տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի է ունեցել ոչ թե  Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա:

Ալիքը հայտնում է երեք զինծառայողների՝ իրենց ծառայակիցների ձեռքով սպանության մասին։

Back to top button