ԿարևորՀասարակություն

«Նոր արյուն» արտահերթ ընտրություններում․ քաղաքական ուժերի ակնարկները

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է արտահերթ նստաշրջան։ Սակայն ԱԺ տարածքն անհանգիստ է եղել թե ներսում, թե դրսում։ Իշխանական պատգամավորների համար ընդդիմությունը «ամոթի պատ» է կազմել, ակցիան ուղեկցվել է  միջադեպերով ու ծեծկռտուքով։ Խորհրդարանում խոսվել է նաև արտահերթ ընտրությունների մասին։ Մեծամասնությունը կարծում է, որ դրանք կհանգուցալուծեն իրավիճակը, ընդդիմությունը խոսում է դրանց անհնարինության և հնարավոր նոր բախումների մասին։   

Անցանկալի քաղաքական զարգացումների մասին այսօր խոսել են թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Վերջինն՝ ի դեմս «Հայրենիքի փրկության շարժման», մերժում  է արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներ սկսելու  իշխանության առաջարկը։ Այս ուժերը պայքարի ներկա փուլում շեշտը դնում են «սահմանային» խնդիրների վրա։

Ոչ թե արտահերթ, այլ՝ արագացված ընտրությունների մասին խոսելիս վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ակնարկում է «արյուն թափվելու» վտանգը․ «Ես նույնիսկ չեմ կարծում, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների։ Դիտմամբ դաշտը նորից ուզում է բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում։  Պետք է նախ և առաջ ինքը հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ–որ ժամանակում, նախատեսված է մեկ տարի, մի քիչ գոնե ուշքի բերի, մի քիչ բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ, որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր կենտկոմը ու իրենց կենտկոմը իրար հետ կռվում էին։ Իսկ այստեղ առանց որևէ բանակցությունների, առանց միջազգային իրավունքի, տրվում են սահմանները։ Այս պահին ընտրությունները նշանակում են նորից տրոհել Հայաստանը։ Այս վիճակում իմաստ ունի՞, որ նորից այդ պրոցեսի մեջ մտնենք։ Չենք թողնի։ Մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու։ Կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի ինչ ընդհարումների Հայաստանի ներսում։ Կռիվ է լինելու մինչև վերջ, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու»։

ԱԺ–ի շենքի մոտ այսօր «թափվել» են միայն հավկիթներ։ Խորհրդարանի արտահերթ նիստի շտապող «իմքայլական» պատգամավորներն առավոտյան բախվեցին անակնկալի․ փակված ճանապարհներ,  մեղադրանքներ ու վիրավորանքներ,  հավկիթներով հարվածներ, որոնք որոշ դեպքերում ծեծկռտուքի վերածվեցին։

ԱԺ–ի շենքի մոտից ոստիկանությունը բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների, որոնց թվում էին նաև նախկին պատգամավոր, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, նույն կուսակցությունից ևս մի քանի գործիչ։

Այն, ինչ այսօր առավոտյան կազմակերպվել էր ԱԺ–ի մուտքերի մոտ,  ընդդիմադիրներն անվանեցին  «ամոթի պատ»: Ակցիայի կիզակետում «իմքայլական» պատգամավորներին էին՝ Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հայկ Սարգսյանը։ Վերջինն արդեն Աժ–ի ամբիոնից «սադրանք» որակեց կատարվածը՝ հրավիրելով  ուժային կառույցների ուշադրությունը  և զգուշացնելով նրանց․

«Շատ արագ Երևան քաղաքում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների»։  

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր պահվածքը և ծեծկռտուքը ցուցարարների հետ հիմնավորեց ինքնապաշտպանությամբ՝ հիշեցնելով ԱԺ–ի նախագահի վրա ցուցարարների հարձակումը․

«Նոյեմբերի 9–ի գիշերը այդտեղ ծեծել են ԱԺ նախագահին։ Դու գալիս են աշխատանքի և տեսնում ես մոտ 15 ագրեսիվ երիտասարդ վազում է քո վրա, և իմ արձագանքը այդ պահին, ասում էի՝ լավ, գոնե ինչ լինի, պետք է ինքնապաշտպանվեմ, որովհետև ոչ փախել եմ, ոչ էլ կփախչեմ։ Կա մարդկանց մի խումբ, որը ասում է, օրինակ՝ պետք է հեռանանք, կա մի խումբ, որն ասում է՝ պետք է չհեռանաք, կա մի խումբ էլ, որ ասում է՝ պետք է հեռանաք, բայց քանի դեռ իրենք կան դեռ մի հեռացեք։ Հիմա այս ամեն ինչի լավագույն լուծումը ընտրություններն են։ Թե չէ այսպես մենք կարող ենք տարիներով վիճել․ պարոն Վազգեն Մանուկյանը ասի՝ ինքն է վարչապետ, իշխանական թևը, բնականաբար, ասի՝ ինքն է վարչապետ։ Լավ, ի վերջո թող ընտրություններ լինի, հասկանանք՝ իշխանությունը ունի՞ աջակցություն, թե՞ կտրված է իրականությունից, ընդդիմությունը ունի՞ ռեսուրս, թե՞ ինքն է կտրված իրականությունից»։

Արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին իշխանության հետ քննարկումներից, ըստ էության, այսօր հրաժարվեց նաև «Լուսավոր Հայաստան»–ը։ Պատճառն այսօրվա միջադեպն էր արդեն խորհրդարանի դահլիճում՝ Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ վիճաբանությունը։

 «Դուք այսօր ապացուցեցիք, որ չեք կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի և որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովել։ Բոլորին զսպվածության կոչ եմ անում, բայց ուզում եմ ասել, երբ արտահերթ ընտրության մասին խոսում եք, իմացեք, որ դա հղի է արյունահեղություններով»։

Աշնանային նստաշրջանի մեծ մասը բոյկոտած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր վերադարձել էր նիստերի դահլիճ։ Խմբակցության անդամների մեծամասնության ելույթները կապված չէին օրվա քննարկվող հարցերի հետ՝ սահմանային իրավիճակ, ներքաղաքական զարգացումներ և ԲՀԿ–ի հետ կապված նոր օրենսդրական նախաձեռնություն։ Վերջինը վերաբերում է  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Օրակարգում է «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությունը՝ Նաիրա Զոհրաբյանին զրկել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ պատգամավորն իր քաղաքական պայքարում թույլ է տալիս այդ պաշտոնին ոչ համահունչ հայտարարություններ և ձևակերպումներ։ Ինքը՝ Զոհրաբյանը, հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման և պատճառը ամենևին իր որակումները չեն․  

«Բացեք Սուքիասյանի բառարանը «ժեխ»–ի հոմանիշը անմաքուրն է, «ժեխ»–ի հոմանիշը թեփն է։ Սա քաղաքական հաշվեհարդար է»։

Նաիրա Զոհրաբյանին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցով ԲՀԿ–ն պատրաստվում է դիմել ՍԴ։ Համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Խմբակցությունից պարզաբանում են՝ «Դոնթի բանաձևով» այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը հատկացվել է ԲՀԿ–ին և իրենք չեն պատրաստվում այլ թեկնածու առաջադրել այդ պաշտոնի համար։ Բացի դրանից՝ պնդում են, որ մշտական հանձնաժողովի նախագահ փոխելու օրենսդրական քայլերի մեջ չի մտնում այն տարբերակը, որին դիմել է «Իմ քայլը» խմբակցությունը։   

Back to top button