ԿարևորՀասարակություն

Կապան-Ագարակ հիմնական ճանապարհը՝ թշնամու վերահսկողության տակ

Կապան-Ագարակ ճանապարհի՝ Սյունիք բնակավայրից Ագարակ ընկած ճանապարհահատվածը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ ճանապարհը ասֆալտապատ էր ու կարճ։ Այժմ վարորդներ գնում են գրունտային ճանապարհով, որը վատ վիճակում է ու դժվարանցանելի։

Անցնում ենք դժվարանցանելի, գրունտային ճանապարհով, որը իրար է կապում Կապանն ու Ագարակ բնակավայրը, մոտ մեկ ժամ ճանապարհ պետք է գնանք։

Իսկ կարճ՝ Կապան-Ագարակ ճանապարհի՝ Սյունիք բնակավայրից Ագարակ ընկած ճանապարհահատվածը, որը տևում  է 10-15 րոպե, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վարորդ Սերժիկ Վարդանյան․

«92 թվականին նորից այս պատմության մեջ էինք եղել, ուզած-չուզած այս ճանապարհը մի կերպ բացել են՝ տրանսպորտային միջոցների աշխատելու համար։ Հիմա այդ նույն պատմության մեջ ենք, ավելի վատ դրության մեջ ենք։ Այստեղով համ ծախսերն են շատ, հետո ինչքան էլ սարքես՝ սա ճանապարհ դառնող չի, այն ճանապարհի մակարդակին կյանքում չի հասնի»։

Ագարակի բնակիչ Նվեր Սաֆարյանի համար էլ նախընտրելին ասֆալտապատ ճանապարհն է։

«Մենակ ասֆալտապատի հարցը չի էլի։ Այստեղ արդեն ճանապարհի կառուցվածքն է․ իր ձևը ծանր չի համարվում, թեթև ճանապարհ է համարվում, իսկ մյուս այլընտրանքային ճանապարհը՝ երկարում է 3 կիլոմետր ու կեսը, երևի թե, անմխիթար վիճակում է այս պահին. գրունտային, խճապատ ճանապար է։ Այս եղանակին դժվարանցանելի է ու կտրուկ ոլորաններ է»։

Վարորդ Թաթուլ Մելքոմյան։ «Վաղուց չի շահագործվել, տարիների ընթացքում․․․մի անմխիթար վիճակ է»։

Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանի  խոսքով` համայնքապետ Գևորգ Փարսյանն է ասել, որ այժմ փակեն ճանապարհը` հավելելով, որ հետագայում կփորձեն ինչ-որ բան անել։

«Ես կուզեմ բանակցելու միջոցով բացեն ճանապարհը․ 10 րոպեի ճանապարհ է գյուղից Կապան, հիմա մեկ ժամ տևում է,  որ գնում գալիս են։ Ես հույս ունեմ այն, պարզ պատճառով, որ համայնքապետը հնարավոր ամեն բան կանի, որ ճանապարհը բացվի»։

Վարչական ղեկավարը եզրափակելով խոսքն ասում է՝ ճանապարհը փակ է, թշնամին էլ չորս կողմից շրջապատած։ Դեռևս հետ են գալիս, բայց հույս ունեն, որ բանակցությունների միջոցով կարող ենք գոնե ճանապարհը մեզ պահել։

Back to top button