ԿարևորՀասարակություն

Արտադրված է ու արտադրվելու է Արցախում

Մարտակերտի շրջանից կոմպոտներ, «Դադիվանքի» հոնի օղի,  Քարվաճառի շրջանի մեղր ու Շուշիի շրջանի Քարին տակից գինի, իսկ վերջում Քարվաճառից թեյի տեսականի։ Այս համեղ սեղանը Արցախի քարտեզին է նման, յուրաքանչյուր արտադրանք իր շրջանին հատուկ գույն, համ ու հոտ ունի։

«Վայրի մեղր է, որը հավաքել ենք Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակա անտառներից ծովի մակարդակից 2500մ բարձրության վրա»։

Արցախցի արտադրող Սասուն Մանուկյանն է։ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում է ծնվել ու մեծացել։ Հենց ծննդավայր գյուղում էլ ընտանեկան բիզնեսն են հիմնել։ Պատերազմից առաջ արդեն ծրագրել էին բիզնեսը զարգացնել․ պատերազմը ստիպեց որոշումներում ավելի հաստատակամ լինել։

«Նպատակ ունենք, իհարկե, հանուն հայրենիքի շարունակել, ավելի մեծացնել, ծաղկացնել մեր բիզնեսը»,– ասում է Սասուն Մանուկյանը։

Սասունը դժվարությունները չի բացառում․ ցավում է, որ հիմա նույն անարատ մեղրը չեն կարող ստանալ, որը ստանում էին Քարվաճառի շրջանում։ Պետք է այստեղ՝ Հայաստանի տարածքում էլ գտնեն անհրաժեշտ պայմանները նույն որակի մեղր ստանալու համար։ Բայց այնուամենայնիվ ապրանքատեսակներ ունեն, որոնք պատերազմից հետո դարձել են եզակի։

«Օրինակ Շուշիի Քարին տակի շրջանի գինին էլ չի լինի․ հնարավոր չի ստանալ։ Վայրի մեղրից ու էս ալպիական մեղրից էլ չի լինի»,– պատմում է արցախցի գործարարը։

Պատերազմը Հադրութեցի Անդրեյին ևս ստիպել է ընտանեկան բիզնեսի ծրագրերում մի քանի փոփոխություններ անել։ Արդեն 34 տարի է Սարյանների ընտանիքը Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում օղու արտադրությամբ էր զբաղվում։

«Պատրաստվում էինք արդեն մեր արտադրանքը խանութներին տալ, խոսել էինք՝ որտեղ, ինչքան, ոնց․․․ բայց դե պատերազմը խանգարեց․ օղիները, իրանց սարքերով ամեն ինչով մնացին այնտեղ՝ թուրքի սահմանում»,– ասում է Անդրեյը։

Անդրեյը չի հուսահատվել, ընդհակառակը վստահ է, որ շատ շուտով հետ ենք վերադարձնելու Հադրութը ու կորցրած բոլոր տարածքները։

«Երևանում բիզնեսը կշարունակենք մինչև տեսնենք՝ ոնց ենք մեր կորցրած տարածքները հետ վերցնում։ Հետո նորից հետ կգնանք ու մեր Ղարաբաղում մեր պատմական հող ու ջրի վրա, մեր հայրական տանը կշարունակենք նույն գործը»։

Արցախցի գործարարը վստահ է՝ հաղթանակը շատ մոտ է, թշնամու ուրախությունը երկար չի տևելու։ Հաղթանակից հետո պապական հողում առաջին կենացը սեփական արտադրության օղիով են խմելու, խմելու են «մեր ազգի ու մեր հաղթանակի կենացը»։

Back to top button