ԿարևորՀասարակություն

«Արցախի հերոս» Սև հովազը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ազատամարտիկ «Սև Հովազ»  ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին  հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը՝ որդուն հանձնելով  «Ոսկե Արծիվ»  շքանշանը:  Սև հովազն Արմավիրի ավագանու որոշմամբ  արժանացել է նաև «Արմավիրի  պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Հերոսների փառքն անմահ է, Ռուստամ Գասպարյանը կամ Սև Հովազը նրանցից մեկն է: Դժվար է պատկերացնել, որ նա այլևս մեզ հետ չէ և հավատալ, որ թշնամու գնդակը երբևէ  կարող էր հասնել նրան: Նա ընկավ, բայց ոչ հրազենից, այլ թիրախավորվեց երկնքից: Հենց այս մասին էլ  պատերազմի առաջին ժամից սկսած  հրագանգավորում էր իր զինվորներին:

Նրանք սեպտեմբերի 27-ի առավոտյան արագ  արձագանքել ու զինվորի ճշտապահությամբ հայտնվել էին հրամանատարի կողքին, լսել նրա խորհուրդները.

«Ձեր ցավը տանեմ, շատ ուշադիր եղեք, գիտեք պատերազմն ինչ է, ամենքը չի, որ հետ է գալիս, նորից ու նորից խնդրում եմ՝ շատ ուշադիր եղեք, հիմնականում  օդ նայեք: Էս պատերազմը մյուսներից տարբերվում է բեզպիլոտնիկներով, վտանգը օդից է»:

Վտանգն օդից էր, այս չարաբաստիկ պատերազմում նա հայտնվեց թշնամու թիրախում և  օդից վրա հասավ նրա ու  իր ավագ  որդու՝ Ռաֆիկի մահը: Սև հովազն իր քաջագործությամբ ու խիզախությամբ  հերոսացել էր  դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որի ընթացքում  հասցրել էր ամուսնանալ, 2 տղա ունենալ և  շարունակել պայքարել  Արցախի ազատագրության համար: Ինքը՝ մարտի դաշտում, կինն աջակից՝ թիկունքում: Գյուլնարա Գասպարյան.

«Մեր հարսանիքին ինքն արդեն պատերազմի դաշտում էր, 1990 թվականի հունվարին: Ինքը մեր հարսանիքին եկել է ուրբաթ օրը, կռվի դաշտից: Հետո ծնվեցին տղաներս, էլի պատերազմի տարիներն: Էդ ամբողջ թոհ ու բովով անցել են նույնիսկ երեխեքս,   տանջանքները, կարոտը միշտ զգացել են: Պապայի ոգով են  մեծացել, հայրենիքին նվիրված զավակներ»:

Հայրենասիրությամբ տոգորված հրամանատարը այդպես էր դաստիրակել տղաներին: Կրտսեր որդի Ռոմանն է հիշում.

«1992 թ-ին եմ ծնվել, պատերազմի տարիների: Ռաֆոն ինձնից  մի տարի 7 ամիս էր  մեծ: Մերս պատմում է, որ  ամեն անցնող թրաշով մարդու հետևից մենք վազել ու գոռացել ենք պապա, որովհետև չենք տեսել, ինքը ժամանակ չի ունեցել, որ կռվի դաշտից իջնի ու մենք էլ տենանք, ճանաչենք: Տենց էլ մենք ենք իր ոգով դաստիարակվել,  դարձել հայրենասեր: Իմ ախպերս՝ Ռաֆոն, աշխատում էր Պաշտպանության Բանակում, դիրքեր էին բարձրանում, մեկ ամիս դիրքերում էին, 2 ամիս՝ տանը»:

Ապրիլյան քառօրյային Ռուստամի հետ կռվել են նաև որդիները:  Ավագ լեյտենանտ Ռաֆիկը վաշտի հրամանատար էր: Նրան հետ չպահեց նաև այս պատերազմը՝ կյանքը դնելով հայրենիքի զոհասեղանին:

«Ռաֆոն ամսի 10-ին է եկել, ոնց որ ինձ սմենափոխ անի, էլի, որ ես գամ, մի 10 օր հետո  գնամ: Ինքը գնաց ու 4-րդ օրը խաբարն եկավ: Բայրակթարն էր խփել: Իրենք մեքենայի մեջ չէին, դուրսը  կանգնած են եղել 7-8 հոգով: Զոհվել է կամանդիրը (հայրը), Ռաֆոն, մի գնդապետ ու մեր դոկտորը»:

Ռուստամ  Գասպարյանի անցած ճանապարհն ու հայրենասիրությունն անարձագանք չէր մնացել, նա կենդանության օրոք արժանացել էր բազմաթիվ պարգևների ու մեդալների, իսկ հետմահու Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  Ռուստամ Գասպարյանին շնորհել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և որդուն հանձնել  «Ոսկե Արծիվ»  շքանշանը:

 «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ազատամարտիկ,  «Սև Հովազ»  ջոկատի հրամանատար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին  շնորհել  «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե Արծիվ»  շքանշանը»:

Սև Հովազն  Արմավիր քաղաքի ավագանու որոշմամբ արժանացել է նաև «Արմավիրի պատվավոր  քաղաքացի» կոչմանը: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան.

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, հինք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի և ավագանու առաջարկը, բարձր գնահատելով արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդը Արմավիր համայնքի ավագանին որոշում է   «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհել  «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Սա քաղաքի ավագանու և անձամբ իմ անունից հարգանքի և երախտիքի խոսք է Ռուստամ Գասպարյանին»:

Ռուստամ Գասպարյանի գործը շարունակողները նրա կրտսեր որդին ու թոռներն են: Հերոսացած Ռաֆիկի որդին կրում է պապիկի անունը, նա ընտանիքում մեծացող սև հովազն է, 5 տարեկան, որոշել է  բժիշկ դառնալ: Սև հովազին նվիրված բանաստեղծություններ կան, թոռն անգիր գիտի, մի քիչ թոթովելով արտասանում է.

«Իր արյունահեղ անվանը վայել,

Հայ ազգի համար մարտեր է մղել,

Սև հովազի պես ցատկել է, թռչել,

Եվ հաղթահարել ամեն մի արգելք…»:

Արցախի հերոս, Արմավիրի պատվավոր քաղաքացի Ռուստամ Գասպարյանը վերջին հանգրվանն է գտել հայրենի գյուղում, Թուրքիային սահմանակից Ջանֆիդայում, որի երկնքից  որդու և մյուս նահատակների հետ  հսկում է հայրենիքի  սահմանները:

Back to top button