ԿարևորՀասարակություն

Վերադառնա՞լ, թե՞ ոչ. Արցախից տեղահանվածները դեռ անորոշության մեջ են

 Պատերազմի ընթացքում Արմավիրում ապրող  արցախցիների մի մասը վերադարձել է տուն, մյուսները դեռ մնում են: Նրանցից շատերը տեղահանվել են տարածքները հանձնելու պաճռաով, իսկ բերձորցիները դեռ անորոշության մեջ են: Տեղահանվածներին հագուստով ու սնունդով ապահովում են տեղական իշխանությունները՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով:

Պատերազմի հենց սկզբից  Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված քաղաքացիներին հյուընկալեց Արմավիրը: Կրակի ճիրանների փրկված արցախցիները  օթևան են գտել հարազատների տանը, ժամանակավոր կացարաններում, կամ էլ ապրում են վաձով բնակարաններում: Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից 32-ամյա Յուլիանա  Գևորգյանի տունը պատերազմի ընթացքում կիսավեր է դարձել: 4 երեխայի մայր է: Սեպտեմբերի 27-ից երեխաների ու սկեսրոջ հետ  Արմավիրում է.

«Մի ամիս բարեկամի տանն ենք մնացել, հետո տուն ենք վարձել ու 2 ամիս վարձով տանն ենք ապրում: Մենք ենք վճարում, ամուսինս գյուղում աշխատում է, մեքենա ունի, բեռ է տեղափոխում, էդ գումարով, երեխաների նպաստով ու սկեսրոջս թոշակով  տան վարձ ենք տալիս՝ 55000 դրամ, կոմունալներ ենք մուծում:»

Ամուսինը մնացել է գյուղում, սկսել է  տունը մաս-մաս վերանորոգել,  ամսվա մեջ  2-3 անգամ գալիս Արմավիր, ընտանիքի մոտ,  նորից մեկնում  Մարտակերտ: 11- ամյա որդին՝ Արթուրը, տուն վերադառնալու օրերն է հաշվում:

Երեխաներից 2-ն են դպրոցական, մյուս երկուսը՝ մանկահասակ: Արդեն 2 ամիս սովորում են Վարդան Բախշյանի անվան թիվ 2 դպրոցում: Մայրն ասում է, որ անպայման վերադառնալու են Արցախ՝ իրենց շենը ամուր պահելու համար: Սպասում են օրերը տաքանալուն․

«Մի քանի սենյակ ունենք, բայց դեռ ցուրտ է, հնարավոր չէ այնտեղ մնալ: Մինչև վերանորոգումը չպրծնի, չենք գնա: Գյուղում դպրոցը բացվել է»:

Արմավիրում արցախցի ընտանիքներին նյութական աջակցություն են տրամադրում  տեղական իշխանությունները՝  բարեգորրծական տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով: Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը պատերազմի առաջին օրերից զբաղվում է իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիների կեցության ու խնամքի հարցերով.

«Սկզբում հագուստ ենք տրամադրել, այն ինչ ունեցել ենք դրանով ենք ապահովել, տաք հագուստ, կոշիկ: Հայկական Կարմիր խաչից ստացել ենք անկողնային պարագաներ, ծալովի մահճակալներ, ստացել ենք տաքացուցիչներ  «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունից, որպեսզի կարողանանք ժողովրդի կարիքները հոգանք»:

Սննդային փաթեթները տրամադրվում են համայնքապետարանների միջոցով: Արմավիրի քաղաքապետարանի սպասասրահն ու մի քանի աշխատասենյակ 2-3 ամիս  դարձել էր սննդամթերքի պահեստ: Արցախցիներն այստեղից էին ստանում սնունդը: Քաղաքապետարանի աշխատակից Արամ Տիգրանյանը  նշում է, որ հատկացրել են անհրաժեշտ կալորիականություն ապահովող սննդամթերք.

«Բանջարեղենի պահածո, տուշոնկա, տոմատ, շաքարավազ, խտացրած կաթ, ջեմ, թեյ, ձեթ, բրինձ, ոսպ, լոբի, մակարոն, հնդկաձավար… Սկզբից 950 հոգի էին, հիմա արդեն մնացել են 400-500 հոգի»:

Արցախից տեղահանված բնակչության մի մասն արդեն է, մի մասը դեռ այստեղ է, անորոշության մեջ: Բերձորից բուժքույր Լուիզա Մկրտչյանը ընտանիքին է միացել հոկտեմբերի 20-ից, մնացել ու մարսնագիտական պարտքն էր կատարել:

«Ես  հիվանդանոցում եմ եղել, բայց մայրս ու երեխաներս սեպտեմբերի 27-ից տեղահանվել են: Երեք երեխա ունեմ, էստեղ բարեկամի տանն ենք ապրում, տեսնենք մինչև ինչ է լինում, երբ ենք գնում, թե մնում ենք: Մեզ դեռ չեն պատասխանում, թե Լաչինը՝ Բերձորը, ինչ կարգավիճակում է, ոչ ասում են դուք փախստական եք, ոչինչ մեզ չեն ասում, ոչ էլ գիտենք՝ ինչ է լինելու մեր հարցը»:

6 հոգուց կազմված ընտանիքն Արմավիրում այժմ  բաժանվել է 2 մասի,  ապրում են Լուիզայի քեռու և հողեղբոր տներում: Երեխաները հաճախում են Շենավան գյուղի դպրոց, մայրն է այդպես ցանկացել, որպեսզի հեռավար դաս չանեն: Բերձորում տնից մի քանի իրեր են վերցրել, դուռը փակել ու դուրս եկել:

«Մեզ ասում են՝ գնացեք ապրեք: Ոնց ապրենք, եթե Բերձորի միջով իրանք գալիս են, գնում են: Ոնց կարող ենք ապրել իրանց հետ միասին: Ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ մի բան չի գործում: Ես երկու դպրոցական երեխա ունեմ»:

Նրանք  չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից: Լուիզայի ընտանիքը դեռ կշարունակի ապրել Արմավիրում մինչև կհստակեցվի բերձորցիների կարգավիճակը, հետո  կորոշեն՝ վերդառնալ Արցախ, թե մնալ Արմավիրում:

Back to top button