ԿարևորՀասարակություն

70 օր հետո երջանկությունը տուն է եկել․ պատմում են հայրենիք վերադարձած զինվորի հարազատները

70 օր միայն մի երազանք` ապրել… Ապրել կարոտի, սպասումի, անկեղծ աղոթքների, հույսի ու հավատի օրեր․․․ Ապրել մեկի ու մի ամբողջ ազգի համար։ Վերջին 85 օրվա մեջ առաջին անգամ ինչ–որ մեկին շնորհավորում եմ, լսում եմ պատասխան ջերմ շնորհակալություններ: Շնորհավորում եմ ու հեռից հեռու զգում, թե ոնց են ապրել այս մարդիկ 70 օր ու ոնց են ապրում արդեն 2 օր:

Ռուսլան Սարգիսի Թումանյանը թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հայաստան վերադարձած 6 զինծառայողներից մեկն է։ 6 արդեն անբաժան ընկերներով 70 օր անհայտության մեջ են եղել, իսկ այսօր արդեն պատերազմի մեկնարկից 85 օր հետո Ստեփանակերտում են՝ բժիշկների հսկողության տակ։

Մի ընտանիքի ու մի ամբողջ ժողովրդի երջանկությունը  հիմա 6 անուն ունի, բայց թե ինչ է կատարվել Ռուսլանենց ընտանիքում,  եղբայրը՝  Վարուժանը, դժվարանում է բառերով նկարագրել։

«Բառերով դժվար թե կարողանամ նկարագրեմ, թե ինչ էր կատարվում։ Բոլորի մոտ լաց, ծիծաղ, ուրախություն․․․ Թռվռում էին, մանկան պես բոլորը ուրախացել էին, ինչ-որ խառը իրավիճակ էր, ջուր էի շփում բոլորի երեսին, որ ուշքի գան․ այ տենց վիճակ էր։ Խառնաշփոթ, ամեն վայրկյան գնում– գալիս էին լիքը մարդիկ, զանգերը չէին դադարում․․․ լիքը էմոցիաներ․․․ մի խոսքով աննկարագրելի պահեր էին»,- պատմում է Վարուժան Մարգարյանը։

Ռուսլանը ժամկետային զինծառայող է, մինչև պատերազմը խաղաղ պայմաններում հասցրել էր ծառայել ընդամենը 1.5 ամիս։ Ծառայում էր Ջաբրայիլում։ Եղբայրը պատմում է, որ վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 8-ին.

«Հարցրել է՝ ոնց եք, իր շունիկից է հարցրել։ Վախի ոչ մի նշույլ չի եղել խոսքերում, նույնիսկ ձայնի մեջ։  Մերոնք էլ, որ պատերազմի ժամանակ հարցրել են՝ ոնց ես, ասել է հետաքրքիր է անցնում»,– ասում է զինվորի եղբայրը։

Բոլորին երջանկացրած զինվորի եղբայրը պատմում է՝ տղաների վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություններ են անցնում,  շեշտում է՝ ամենակարևորը  Ռուսլանի  տրամադրությունը շատ բարձր է։ Երկու եղբայր 70 օրվա մանրամասների մասին դեռ չեն հասցրել զրուցել։ Երբ Ռուսլանը հանգստանա, կազդուրվի, կնստեն ու շատ երկար ամեն ինչի մասին կխոսեն․ հիմա նրան ավելորդ մտքերով ծանրաբեռնել պետք չէ։

«Ինքը ընդամենը 18 տարեկան է, բայց հայրենիքի մասին ինչ առիթով էլ որ խոսում էր, ասում էր՝ հայրենիքը  սուրբ է, ու պետք է սիրել հայրենիքը, չեմ կարող հստակ պատճառ ասել, թե ինչու, բայց պետք է սիրել»,– պատմում է զրուցակիցս։

Ռուսլանը հենց այս մտքով էլ գնացել է ծառայության, իսկ այսօր արդեն վերադարձել է՝ շատերի երազանքն ի կատար ածած․․․ 70 օրվա երազանք՝ ապրել։ Վերադարձել են 6-ով, 6 արդեն անբաժան ընկերներ, կռվի, կյանքի ու երազանքի 6 ընկերներ։

Back to top button