ԿարևորՀասարակություն

Ընդհատված այց Սյունիք․ վարչապետը եղել է միայն Սիսիանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կիսով չափ է իրականցրել իր այցելությունը Սյունիք։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր աշխատանքային օրն անցկացնելու է մարզում, այցելելու է Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։ Վարչապետն այսօր եղել է միայն Սիսիանում, հանդիպել է հարակից մի քանի համայնքների բնակիչների հետ, իսկ  Գորիս, Կապան, Քաջարան ու  Մեղրի  չի այցելել։ Բազմաթիվ սյունեցիներ վաղ առավոտից փակել են Գորիս տանող ճանապարհը։

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքում էր։ Վարչապետի առաջին կանգառը Գորայք համայնքն էր։ Սառնակունք բնակավայրում Փաշինյանը զրուցեց քաղաքացիների հետ։

«Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 21-ը Ղարաբաղում եմ եղել, Հադրութում։ Հոկտեմբերի 21-ին հետ նահանջի հրաման եմ ստացել, անմիջապես եկել ենք Եռաբլուր՝ մեր ընկերոջ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու։ Հետդարձի ճանապարհին ինչքան արագաչափ կա, նկարվել ենք, նամակներն եկել են, մեծ գումարներ են կազմում։ Ուշադրություն դարձրեք՝ մեղմացուցիչ ինչ–որ բան անեն»։

«Իմ այցը նաև այդ նպատակը ունի, որ գամ, ձեզնից լսեմ՝ ինչ հարցեր կան։ Որ Ձեզ չտեսնեի, չէի իմանա, որ այդպիսի խնդիր կա։ Կլուծենք»։

Ապա վարչապետը եղավ Սիսիան համայնքում, որտեղ նախ պանթեոնում  հարգանքի տուրք մատուցեց  զոհվածների հիշատակին։ Եղավ նաև Սուրբ Գրիգոր եկեղեցում։

Վարչապետը խոսեց մարզի անվտանգության մասին։

«Դա Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է, իրականում ուղիղ հակառակն է։ Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է»։

Չնայած Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ Սյունիքի մարզ այցի ընթացքում լինելու է նաև Գորիսում, Կապանում և Մեղրիիում, բայց այդ քաղաքներ այսօր չայցելեց։ Բազմաթիվ սյունեցիներ փակել էին Տաթև-Գորիս ճանապարհը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը վարչապետի այցի դեմ, նաև պահանջելով ազատ արձակել առավոտյան ձերբակալված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Փաշինյանը ավելի ուշ ՖԲ գրառմամբ բացատրեց, որ սադրանքների չի տրվելու, իսկ Գորիսին, Կապանին, Քաջարանին ու  Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։

Back to top button