ԿարևորՀասարակություն

Շուռնուխի գյուղապետը ՊՆ-ից հստակ պատասխան չի ստանում` գյուղի ներքևի թաղն արդյո՞ք անցնելու է Ադրբեջանին

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մեջտեղով է անցնում Գորիս-Կապան մայրուղին։ Այն ԽՍՀՄ վարչական սահմաններով գյուղը բաժանում է երկու մասի` ադրբեջանական և հայկական։ Արդյուքում` գյուղի 12 տուն կարող է անցնել Ադրբեջանին։

Գյուղապետ Հակոբ Արշակյանն ասում է, որ երեկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հենց այս հարցն է բարձրացրել, սակայն  հստակ պատասխան չի ստացել։

«Նախարարը հստակ չի կարողանում պատասխանել` ներքևի թաղը մնում է մեր հսկողության տա՞կ ,թե՞ անցնում է  իրենց։ Մարդ կա 800  մետր հող, ոչխար  ու կով ունի, ու չգիտի հանի՞ ներքևի թաղից, թե՞ չհանի։ Ոչ մեկ պատասխան չի տալիս։ Կամ եթե ներքևի թաղը մնում է մեր վերահսկողության տակ, ապա բնակչի  տնամերձ այգու տակը ո՞վ է կանգնելու։ Ասում են` ռուս սահմանապահները միայն մայրուղին են պահելու, ոչ թե գյուղը, իսկ գյուղի երեխան, որ մտնի իր բոստանը, հենց թուրքի նշանառության տակ է լինելու»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է գյուղապետը։

Ըստ նրա` Շուռնուխի ձախ հատվածի տներն էլ «Ալիևի GPS–ով ցույց է տալիս, որ իրենցն է»։

Հակոբ Արշակյանն ասում է, որ մինչև պաշտպանության նախարարի հետ հանդիպելը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ, բայց այսօր առավոտյան արդեն չգիտի, թե ինչ ասի։

«Մեր կամավորական ու մարտական ընկերները եկել են, մեզ հետ են։ Մենք ընկճված չենք, բայց դրա հետ մեկտեղ երաշխիք չկա, որ մենք կանանց ու երեխաներին թողնենք այստեղ։ Մենք քննարկում ենք կանանց ու երեխաներին գյուղից  հանենք։ Տղան, որ պոստին կանգնած  ա իր ուշքն ու միտքը տունը չլինի, այլ առաջ նայի, որ մի փորձանքի չհանդիպի»,- ասել է գյուղապետը։

Երեկ Արշակյանը տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ «գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար»։

Սյունիքի մարզում սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք  կարևորագույն դիրքերը։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հաստատել է, որ այսօր մինչև ժամը 17։00 պետք է թողնել զբաղեցրած դիրքերը։ Ըստ այդմ, Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։

Ընդ որում` Ադրբեջանի հետ սահմանը կարող է անցնել Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածից 100 մետր և բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա։

Back to top button