ԿարևորՀասարակություն

Կապանցիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մեջտեղով է անցնում Գորիս-Կապան մայրուղին։  ԽՍՀՄ վարչական սահմաններով գյուղը բաժանում է երկու մասի` ադրբեջանական և հայկական։ Արդյունքում` գյուղի 12 տուն կարող է անցնել Ադրբեջանին։

Գյուղապետ Հակոբ Արշակյանն ասում է, որ երեկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հենց այս հարցն է բարձրացրել, սակայն  հստակ պատասխան չի ստացել։

«Նախարարը հստակ չի կարողանում պատասխանել` ներքևի թաղը մնում է մեր հսկողության տա՞կ ,թե՞ անցնում է  իրենց։ Մարդ կա 800  մետր հող, ոչխար  ու կով ունի, ու չգիտի հանի՞ ներքևի թաղից, թե՞ չհանի։ Ոչ մեկ պատասխան չի տալիս։ Կամ եթե ներքևի թաղը մնում է մեր վերահսկողության տակ, ապա բնակչի  տնամերձ այգու տակը ո՞վ է կանգնելու։ Ասում են` ռուս սահմանապահները միայն մայրուղին են պահելու, ոչ թե գյուղը, իսկ գյուղի երեխան, որ մտնի իր բոստանը, հենց թուրքի նշանառության տակ է լինելու»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է գյուղապետը։

Հակոբ Արշակյանն ասում է, որ մինչև պաշտպանության նախարարի հետ հանդիպելը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ, բայց այսօր առավոտյան արդեն չգիտի, թե ինչ ասի։

Երեկ Արշակյանը տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել առավոտյան ժամը 10-ին զինված գալ Շուռնուխ՝ «գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար»։

«Մեր կամավորական ու մարտական ընկերները եկել են, մեզ հետ են։ Մենք ընկճված չենք, բայց դրա հետ մեկտեղ երաշխիք չկա, որ մեր կանանց ու երեխաներին թողնենք այստեղ։ Մենք քննարկում ենք կանանց ու երեխաներին գյուղից հանելու հարցը։ Որ պոստին կանգնած տղայի  ուշքն ու միտքն իր տունը չլինի, այլ առաջ նայի, որ մի փորձանքի չհանդիպի»,- ասել է գյուղապետը։

Սյունիքի մարզում արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիաներ են։ Սահմանամերձ դարձած մարզի բնակիչներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն նշում է, որ պատերազմի օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարները դիրքավորվել էին` պաշտպանելու իրենց համայնքների անվտանգության բուֆերային գոտին։ Բայց այսօր կանգնած են այդ գոտին կորցնելու վտանգի առջև։

«Չունենք հստակ պատասխաներ երեկվանից, ամեն ինչ գնում է այնպես, որ շատ տարածքների պես տրվելու  է թուրքին։ Մենք պարտվեցինք արտաքին ճակատում, դիվանագիտական դաշտում։ Մեր սահմանները գծվել են արյան գնով,  այսօր մի գրչի հարվածով տալիս են թուրք ազերիներին»։

Սյունիքի մարզում սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվել  սահմանամերձ համայնքների պաշտպանությունն ապահովող կարևորագույն դիրքեր։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հաստատել է, որ այսօր մինչև ժամը 17–ը հայկական ուժերը  պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Այսօր արդեն համացանցում հայտնվեցին լուսանկարներ և տեսանյութեր, ըստ որոնց՝ մարդիկ Կապանում այրում են իրենց տները, քանի որ օդանավականայանի հարակից տարածքը նույնպես  տրվում է ադրբեջանցիներին։ Մեզ չհաջողվեց կապ հասատել քաղաքապետի հետ։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մեծ ճեպազրույցի ժամանակ  հայտարարել էր , որ կողմերը Լեռնային Ղարաբաղում պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են եռակողմ փաստաթուղթը ստորագրելու պահին։ Իսկ  դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ։ Նա չէր բացառել, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Back to top button