ԿարևորՄշակույթ

Նա զոհված զինվորներին անմահացրեց քարե աղբյուրներում

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արխիվը, որ մի քանի ամիս առաջ դեռ մասնագիտական ձեռքերի չէր հանդիպել, հիմա մասամբ ուսումնասիրվել է և պատրաստ է հետաքրքրասեր հայացքների հետ հանդիպմանը։ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում «Քարն ու ջուրը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Ռաֆայել Իսրայելյանի նախագծած հուշաղբյուր- հուշակոթողները: Դրանք այնպես են միահյուսվել ազգային ճարտարապետությանը, որ թվում է՝ միշտ եղել են։

«Իսրայելյանը հուշարձան–աղբյուրների ճարտարապետական դպրոցի, մշակույթի հիմնադիրն է։ Ժողովրդի մեջ տպավորություն կա, թե մշտապես Հայաստանում, հայության մեջ եղել են հուշարձան–աղբյուրները, բայց հին սերունդը գիտի, որ չեն եղել, ու այդ միտքը Իսրայելյանինն էր։ Քարակերտ կոթողը համադրել է ջրի հետ, որն իր մեջ կրում է հավերժության, հարատևության, կյանքի սիմվոլներ»,– նշում է Ռաֆայել Իսրայելյանի թոռը՝ Արամ Ղանալանյանը։

Նա չէր կառուցում սովորական աղբյուրներ, նա ստեղծում էր հուշարձաններ։ Ռաֆայել Իսրայելյանի ձեռքում քարը զրկվում էր միապաղաղությունից և սկսում խոսել գրերի, ստվերների ու զարդանախշերի լեզվով։ Հուշաղբյուր–հուշակոթողների մասին Ռաֆայել Իսրայելյանը գրել է․

«Աղբյուրներ Հայաստանում շատ կան, առանձնապես ուշագրավ են Հաղպատի և Սանահինի աղբյուրները, բայց ես ուզում եմ, օգտագործելով մեր նախնիների հարուստ փորձը, նոր խոսք ասել այդ ուղղությամբ, աղբյուրների մեջ արտահայտել ժամանակի շունչը»։

Իսրայելյանի այս գաղափարը ուշադրության արժանացավ հայ ճարտարապետների կողմից։ Կառուցվել են հազարավոր աղբյուր–հուշարձաններ, որոնք այսօր էլ կարելի է տեսնել ամեն մի գյուղում։ Աղբյուրներ կառուցվել են Փարաքարում, Կաթնաղբյուրում, Բյուրականում, Հռիփսիմե և Գայանե եկեղեցիների բակերում, Ստեփանավանում և այլուր։

 «Երբ մենք մտածում էինք ցուցահանդեսի կոնցեպտի մասին, հասկացանք, որ դա ոչ միայն հուշաղբյուրներին է վերաբերում, այլև ավելի լայն է իրական միտքը,  որովհետև քարն ու ջուրը Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործություններում միշտ իրար կողքի են ՝ սկսած հուշաղբյուրներից մինչև այլ ձևեր ու ժանրեր։ Եվ այստեղ կան մի քանի ստեղծագործություններ, որոնք, ըստ էության, հուշաղբյուր չեն, բայց անընդհատ խոսում են այդ թեմայի շուրջ․ քարը և ջուրը»,– պատմում է Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան – ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

100-ից ավելի հուշաղբյուր-կոթողների մեծ մասը ներկայացված է ցուցահանդեսին։ Բանանցում՝ ներկայիս Ադրբեջանի և պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգում, նախկինում  կառուցվել էր մեկ հուշարձան–աղբյուր, որը բացումից առաջ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել էին։ 

«Բազում աղբյուր–հուշարձաններ կան Հայաստանի տարածքում և ոչ միայն Հայաստանի՝ 40–ից ավելի։ Մեծ մասը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հայկական այս կամ այն բնակավայրի բնակչության մասնակցությանը և զոհերին։ Պատերազմը դեռ չավարտված՝ Իսրայելյանը արխիվների վրա նշում էր հաղթանակած ելքի մասին»,– ասում է Արամ Ղանալանյանը։

Ճարտարապետը քարին էր փոխանցում միջնադարյան հայկական մանրանկարչության նրբագեղությունը։ Ներկայացված նախագծերի մի մասը կառուցվել է, մի մասն էլ մնացել՝  որպես ճարտարապետական միտք և առաջարկ։ Ամենաառաջին հուշաղբյուրը Ռաֆայել Իսրայելյանը նախագծեց 1943–ին, երբ պատերազմը դեռ շարունակվում էր։

«Քարի և ջրի համադրությունը Իսրայելյանի համար ունեցել է հատուկ նշանակություն։ Երկուսն էլ բնություն են, բայց իրար հակադրվում են։ Ճարտարապետությունը նույն քարն է, բայց՝ մշակված։ Սրանով ճարտարապետությունը հակադրվում է քարին, մշակված և չմշակված բնությանը։ Ռաֆայել Իսրայելյանի համար ճարտարապետությունը բնություն էր, ուղղակի կազմակերպված բնություն, և դրա օրինակները մենք այստեղ տեսնում ենք»,– ասում է Մարկ Գրիգորյանը։

Ցուցահանդեսը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ավելի քան 10 000 միավորից կազմված արխիվի միայն մի մասն է։ Արխիվի ամբողջական ուսումնասիրմանը կհետևեն նոր ցուցահանդեսներ, որոնք կշարունակեն բացահայտել Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ժառանգությունը։

Back to top button