ԿարևորՀասարակություն

Քաջարանի երեք տասնյակից ավելի շենքեր կջերմամեկուսացվեն

Գալիք 2021-ին Քաջարանի ավելի քան 3 տասնյակ բազմաբնակարան շենքեր կլինեն ջերմամեկուսացված։ Այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում էր, որ այս տարի բոլոր ծրագրերի 50 տոկոսը կհանձնվի, սակայն պայմանավորված քովիդով ու պատերազմով հետաձգվեցին։

Սյունիքում դեռևս միակ քաղաքը Քաջարանն է, որը սուբվենցիոն ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետ արդիականացման ծրագիր է իրականացնում։ Մասնագետները դեռևս սեպտեմբերից մեկնարկեցին աշխատանքները, պարբերաբար լինում են շինհրապարակում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության փորձագետ Անդրե Օհանյան․ «Շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում ենք նախատեսել, տանիքներում ենք ջերմամեկուսացում իրականացնելու և բաժնային սեփականություն  հանդիսասող տարածքներում, այսինքն՝ հիմնականում շքամուտքերում և աստիճանավանդակներում փոխարինելու են դռներ և պատուհաններ և նաև շքամուտքերում տեղադրվելու են լուսադիոդային լուսատուներ։ Ջերմամեկուսացման աշխատանքների շնորհիվ մենք ակնկալում են մինչև 50 տոկոս ջերմային էներգիայի խնայողություն»։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության փորձագետ Ապրես Նազարյանի խոսքով Քաջարանի շուրջ 3 տասնյակից ավելի շենք կնորացվի, քաղաքի կոլորիտը կփոխվի ու, իհարկե, խնայողություն կլինի.

«Շենքն ունենում է չորս ճակատ։ Չորս ճակատից էլ պետք է անես, բացի դրանից պետք է փակես նաև 5, 6 կողմերը․ տանիքը և նկուղը։ Սառը օդի մուտքը պետք է արգելենք։ Մարդը, օրինակ՝ ձմեռ ժամանակ ծախսում է իքս գումար, որպեսզի իր տունը տաքացնի, այն էլ հասցնում է 16-17 աստիճանի։ Հիմա դրա կես գնով կհասցնի 20 աստիճանի։ Հարմարավետ տներ կլինեն»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային ծրագրերի աջակցության կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշում  է, որ նախատեսվում էր, որ այս տարի բոլոր ծրագրերի 50 տոկոսը կհանձնվի, սակայն պայմանավորված քովիդով ու պատերազմով հետաձգվեցին։ Այժմ որոշակիորեն վերսկսվել են։

«Աշխատանքները սկսվել են, իրականացվում են, բայց քանի որ 2 ամիս համայնքներում  աշխատանք չի տարվել տեխնիկայի, աշխատուժի բացակայության պատճառով, այժմ կլիմայական պայմաններից ելնելով հնարավոր չէ այդ աշխատանքները իրականացնել, կշարունակվեն եկող տարվանից»։

Ծրագրին դիմել են 14 համայնքներ։

Back to top button