ԿարևորՀասարակություն

Արմավիրում ասֆալտապատվել են ավելի քան 30 տարի չբարեկարգված բակերն ու ճանապարհները

Արմավիր քաղաքում գրեթե ավարտվեցին սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրով նախատեսվել էր հիմնանորոգել շուկայի փողոցն ու հարող Շահումյան փողոցի մի հատվածը, ինչպես նաև բազմաբնակարան 12 շենքերի բակեր, որի համար պահանջվել է ավելի քան 216 մլն դրամ: Սուբվենցիայով ծախսերի 45 տոկոսը ներդրել է կառավարությունը, մնացածը վճարվել քաղաքի բյուջեից

Այս տարի Արմավիր քաղաքում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին համայնքի և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: Սուբվենցիոն ծրագրով  քաղաքի կենտրոնական հատվածում շարունակեցին բարեկարգել ու տեսքի բերել ճանապարհները: Այս անգամ շինարարական աշխատանքները հիվանդանոցից  ձգվեցին շուկայի փողոց և հատվեցին հիմնանորոգվող մայրուղուն: Սա ամենամամարդաշատ ու առևտրի սրահներով, կրպակներով ծանրաբեռնված փողոցն է, որտեղ մայթեզրերին բացօթյա վաճառվում են գյուղատնտեսական ապրանքներ:

Սեպտեմբերի սկզբին այս փողոցում սկսեցին քանդել ճանապարհը: Մարդիկ ապամոնտաժեցին մայթերի ապօրինի երկաթյա կոնստրուկցիաները, որպեսզի չխանգարեն առուների կառուցմանը: Պատերազմի ընթացքում աշխատանքները  չդադարեցին:

Ճանապարհաշինական ընկերության աշխատակից Քաջիկ Հովհաննիսյան. «Հին եզրզքարերը քանդել են, որ նորը տեղադրենք, դրանից հետո բետոնացման աշխատանանքեր ենք կատարելու և  կսկսենք ասֆալտապատման պրոցեսը»:

Ճանապարհի կառուցման համար միայն ջրեհեռացման համակարգի կառուցումը բավարար չէր: Խմելու ջրագծերի վաղեմության ժամկետն անցել էր և հաճախացել ջրագծերի վթարները, որի պատճառով քանդվում էր ասֆատե ծածկույթը: Դա բացառելու նպատակով հիմնանորոգվող ճանապարհներում  խմելու ջրի  երկաթե խողովակները փոխարինեցին պլաստմասսայով:

Բացի կենտրոնական փողոցից սուբվենցիայով բարեկարգվեցին Արմավիր քաղաքի  ծայրամաս համարվող հարավ-արևմտյան թաղամասի Բաղրամյան փողոցի  բազմաբնակարան 12 շենքերի բակերը: Այստեղ նույնպես փոխվել են խմելու ջրագծերը, կառուցվել անձրևաջրերի հեռացման ցանց և ասֆալտապատվել:

«Շատ լավ գործ արեցին, ջրագծերն էլ փոխեցին: Էն վախտ ինչ էր, անձրև էր գալի չէինք կարում էթայինք տուն, ցեխերի միջով, ջրերի միջով, տրորելով: 30 տարի ասֆալտ չէին արել ստեղ, ամեն տարի էն քաղաքապետը ասում էր՝ մայիսին կանեմ, հունիսին կանեմ, էթում էր ու ոչ մի բան»:

«Կարևորը էլ չեմ ցեխոտվում, նորմալ աշխատանքի եմ գալիս, քեզ մարդ ես զգում: Ինչքան տարրական բան է, բայց մենք ինչքան ուրախ ենք, ինչերից ենք զրկված եղել, ցեխերի միջով, կեղտոտ…»:

Սլավոնական Պեյաձև 12  շենքերի  բակերի փոսերն ու ցեխերը մնացին անցյալում, որից ավելի շատ ուրախացել են  երեխաները.

«Շատ լավա, որ սարքին, անձրևաջրերց ու ցեխերից պրծանք էլի: Մեր երազանքն էլ էդ էր, որ սաղ սարքվեր»:

«Առաջ, որ սամակատ էի քշում, ընկնում էի, փոսեր էր ,հող, հիմա էլ չեմ ընկնում»:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ասֆալտապատված հատվածներում անցկացվում է գիշերային  լուսավորություն: Հաջորդ տարում այս շենքերի երեխաներին նոր անակնկալ է սպասվում․

«Սուբվենցիայի շրջանակում նախատեսված չի խաղահրապարակի տեղադրում, բայց քաղաքապետարանն այլ միջոցներով խաղահրապարակ տեղադրելու է, ծառատունկ է կազմակերպելու, բակը բարեկարգվելու է էդ տեսանկյունից: Ասֆալտապատման աշխատանքը պատշաճ որակով է կազմակերպվել, սահմանված կարգով փորձաքննության է ենթարկվելու և գումարը փոխանցվելու է դրական պատասխան ստանալուց հետո»:

Բակերն ու ճանապարհները  բարեկարգվեցին, իսկ հարթ փողոցներում վարորդները արագություն զարգացնելով փորձարկում են իրենց հմտությունները: Բնակիչները բարձրացնում են արգելապատնեշի խնդիրը:

Back to top button