ԿարևորՀասարակություն

Հակամարտությունը լուծել ՄԽ ձևաչափով․ ակցիա՝ միջնորդների երևանյան այցին զուգահեռ

ԵԱՀԿ ՄԽ միջնորդները Հայաստանում են, Նրանք երեկ Երևան են ժամանել Բաքվից և այսօր հանդիպել են ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանի հետ։ Երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում:

Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

 Մինչ Երևան այցը համանախագահները Բաքվում էին ուր Ալիևի հետ հանդիման ժամանակ ասել են, որ  ՄԽ համանախագահները պատրաստ են փնտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունը, կամքը: Միջնորդներն արձանագրել են, որ  բոլորովին  նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում՝ կայունության և բարեկեցության: «Մենք անցումային փուլում ենք, և ապագայի ծրագրերը կարող են մշակվել և դրա համար լավ հիմք կա, ամեն ինչ կախված է, սակայն,  կողմերից»,- ասել էին միջնորդները։ Համանախագահներին գոհացնում են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնագրի բոլոր դրույթները, լավ է, որ արյունահեղությունը դադարեցվեց` ասել են նրանք Ալիևի հետ հանդիպման ընթացքում։

Ալիևը, սակայն, կոպիտ է խոսել նրանց հետ` ասելով, թե ԵԱՀԿ ՄԽ-ն  որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և, որ նա չի հրավիրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու։ Չնայած Մինսկի խումբը գաղափարներ է ներկայացրել և փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, սակայն  դա արդյունք չի տվել, ասել է Ադրբեջանի նախագահը․․․ Իսկ այսօր, ըստ Ալիևի, հակամարտության կարգավորումն ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում:

Երևանում այսօր լրագրողները դիվանագետներից խնդրեցին արձագանքել Ալիևի կոպիտ  ձևակերպումներին, միջնորդները, սակայն, զերծ մնացին հարցերին պատասխանելուց․

Ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների հետ տարածաշրջան չի ժամանել  ռուս միջնորդը։ Համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳՆ հետ ընթացել է  նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ուղեկցությամբ։ Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը ակցիայի ընթացքում ասել է, որ տեսնում ենք Մինսկի խմբի առնվազն երկու՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների ջանքերը։

«Տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է զրոյացնել այդ ջանքերը և համարում է, որ ամեն ինչ ավարտված է: Մենք պետք է հակառակ ուղղությամբ ջանքեր գործադրենք և թույլ չտանք, որ թշնամու նպատակներն ամբողջությամբ իրականացվեն»: Նա, ըստ այդմ, որպես առաջնային քայլ է համարում ԼՂ գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ տեղափոխելը:

Վարուժան Ավետիսյանի խոսքով, Ալիևը Բաքվում ձեռնոց է նետել միջազգային հանրությանը` ասելով, թե ինքը չի հրավիրել միջնորդներին Բաքու։ Ասելիքը նա մի քանի կետով հայտարարությամբ ներկայացրեց․ «Մերժել կապիտուլյացիան և վերադառնալ ՄԽ ձևաչափ։ Ալիևը ձեռնոց նետեց միջազգային հանրությանը դեկտեմբերի 12–ին։  Դրույթները պետք է առ ոչինչ ճանաչվեն։   Հակամարտությունը պետք է լուծվի ՄԽ ձևաչափով և Ադրբեջանը դուրս բերի իր զորքերը Արցախի տարածքից։  Բևեռի  նախաձեռնությունը պատրաստ է հանդիպել ՄԽ հետ։

Արցախում  և նշված տարածքներում պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի մանդատով գործող խաղաղապահ ուժեր, հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նույնպես կողմնակից է ՄԽ ձևաչափով խնդրի կարգավորմանը։ Նա համոզված է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը  վերջնական փաստաթուղթ չէ։  «Չեն կարող իրենց օտարել, քանի որ տասնամյակներով ՄԽ–ը ներգրավված է եղել բանակցություններում»։

Կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանի կարծիքով  մեզ պատրաստում են նոր պատերազմի, բայց կա այլ ելք։ Այն, ինչ կատարվում է այս օրերին, քաղաքակրթական պատերազմ է։  «Սա հայ–ադրբեջանական պատերազմ չէ, սա քաղաքակրթական պատերազմ է։ Ահա թե ինչու են այստեղ Ֆրանսիայի և ԱՄն համանախագահները, և ահա թե ինչու ՌԴ այստեղ չէ։ Սա նույն ռուս–թուրքական դավադրությունն է։ Եվ ունենք հարց, թե որ քաղաքակրթությանն է պատկանում ՀՀ–ն»։

Պարույր Հայրիկյանը իր համակարծությունը  հայտնեց հնչած  հայտարարությանը։ Նա բացատրեց, թե ինչու հաջողության չենք հասնում․«Այն բողոքի ակցիաները, որ տեղի են ունենում և որտեղ ասվում է թե ինչ եղել եղել է ու այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, դա դավաճանություն է։ Դա է պատճառը, որ հաջողության չենք հասնում»։

Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը հայկական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել է տեղեկացնում է  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Արայիկ Հարությունյանում է ըստ նրա իսկ  հանդիպումը չեղարկելու պատճառը  ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։

Back to top button