ԿարևորՔաղաքական

Ալիևի, Էրդողանի հայտարարությունները ոչ միայն Հայաստանի դեմ էին, այլ նաև Ռուսաստանի․ ռուս քաղաքագետ

Բանակցային ողջ գործընթացում և քննարկված  բոլոր փաստաթղթերում նշված է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի պահպանումը՝ ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղյան խնդիրով Մոսկվայում Sputnik միջազգային լրատվական գործակալությունում  կազմակերպված քննարկման ժամանակ։ 

Ըստ Նալբանդյանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ անդրադարձ չկա գլխավոր հարցին` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին: Ռուսաստանի ղեկավարության՝ հայտարարությանը հաջորդած հայտարարություններում նշվել է, որ հարցը բաց է եւ կարող է քննարկվել հետագայում:  Նալբանդյանի համոզմամբ՝  անհրաժեշտ է պահպանել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը։

Ի դեպ, ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցով լինելու են Երեւանում եւ Բաքվում։  Նալբանդյանը հիշեցրել է, որ ԼՂՀ կարգավիճակի կարեւորություն շեշտում էին ոչ միայն ԵՍՀԿ ՄԽ–ի համանախագահները, այլ նաեւ այդ երկրների ղեկավարները։ Ընդ որում՝ բանակցային սեղանին է եղել ինչպես  վերջնական կարգավիճակի հարցը, այնպես էլ միջանկյալ։

 «Այժմ այս իրավիճակում, երբ  պատերազմ է եղել եւ կոնֆիգուրացիան փոխվել է, դժվար է խոսել վերջնական կարգավիճակի մասին, բայց այդ հարցը կա եւ պետք է լուծվի,  չնայած Բաքվից ասում են թե՝ վերջ, էլ  կարգավիճակի հարց չկա։ Այդ դեպքում ինչի մասին են եղել այս տարիների ընթացքում բանակցությունները»,- ասել է Նալբանդյանը։ 

Բաքվի շքերթին լսեցինք Ալիեւի հավակնոտ հայտարարությունը Երեւանի, Զանգեզուրի, Սեւանի նկատմամբ։ Էրդողանը ավելի հեռուն գնաց՝ հիշելով Հայոց ցեղասպանություն իրագործողներին։ Սա ցույց է տալիս, որ այդ երկրների ամբիցիաները չեն  սպառվել։ Ուր մնաց կրակի դադարեցման մասին բոլոր փաստաթղթերում  նշված կարևոր դրույթը։ «Եթե աչք փակենք այս դրույթի վրա,  միշտ էլ կլսենք նմանատիպ հայտարարություններ»,- ասել է Նալբանդյանը։  Նա հիշել է նաեւ 2016 թվականի ապրիլը, երբ Հայաստանը  պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը։

«3 օրում կանգնեցվեց պատերազմը, հակառակ դեպքում ՀՀ կաներ այդ քայլը։ Ինչո՞ւ մինչ այդ Արցախը Հայաստան չէր, քանի որ դա կկանգնեցներ բանակցությունները»,- բացատրել է նախկին արտգործնախարարը։

ԵԱՀԿ ՄԽ–ի նախկին համանախագահ Կազիմիրովը հիշեցրել է 94 թվականի հրադադարի հաստատման պատմությունը․  

«Պատերազմից հետո  Հեյդար Ալիեւը հրահանգեց, որ իր երկրի ԱԳՆ–ն պայմանագիր կնքի  Արցախի հետ, ինչը եղավ։ Հետո Հեյդարը ինձանից պահանջեց, որ ՀՀ–ն էլ միանա համաձայնությանը, ես ասացի, որ դա հնարավոր չէ, քանի որ գիտեի ՀՀ կոշտ դիրքորոշումը ։ Բայց  Հայաստանին ասվեց այդ մասին  ու նա միացավ։ Այսպես առաջացավ եռակողմ խաղաղության համաձայնությունը»,- նշել է Կազիմիրովը։

Նախկինում էլ կարճաժամկետ հրադադարները ձեռք են բերվել ՌԴ–ի միջնորդությամբ՝ հիշեցրել է Կազիմիրովը և նշել․

«Այն, ինչ արվեց այս օրերին ՌԴ–ի կողմից  խաղաղապահների տեղակայմամբ, պետք է շարունակվի բանակցությունների ձեւաչափով ՄԽ–ի շրջանակներում»։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ ժամանակին Հայաստանը սխալ է արել՝ բանակցությունները վարելով ինքնուրույն և գործընթացից դուրս թողնելով Արցախը։ Նրա խոսքով՝ ինքնորոշման իրավունքի հարցը պետք է երաշխավորված լինի հետագա բանակցություններում։

Զատուլինի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր խորը ճգնաժամի մեջ է, որի պատասխանատուն ոչ միայն Ադրբեջանն է, այլև Հայաստանի իշխանությունները։

Այսօր, ըստ Զատուլինի, պատերազմ սկսողը նաեւ պահանջատեր է դարձել։ Երեկվա հայտարարությունները ցույց են տալիս, որ «ծովը ծնկներից է դարձել», ինչը վատ նախադեպ է եւ շատ վտանգավոր է՝ ասել է Զատուլինը և ընդգծել․ ««Դրանք մեր հողերն են» ձեւակերպումը պետք է գնահատականի արժանանա» ։

Զատուլինը կարծում է, որ Բաքվի շքերթն ու այնտեղ հնչած  հայտարարությունները ոչ միայն Հայաստանի դեմ էին,  այլեւ Ռուսաստանի։

Back to top button