ԿարևորՄիջազգային

ԵՄ հնարավոր պատժամիջոցները չեն զսպի Անկարայի ագրեսիվությունը

Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարում  են, որ Թուրքիայի պահվածքը գնալով վատթարանում է։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնում է, որ էվոլյուցիան դրական չէ։

Թուրքիայի պահվածքը, ըստ նրա, կքննարկվի ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների համաժողովում, որը նախատեսված է դեկտեմբերի 10-ից 11-ը:

Նախորդ անգամ պատժամիջոցների հարցը քննարկվել էր հոկտեմբերին, սակայն կարծիքները կիսվում էին այս հարցում։ Եթե Հունաստանը ուզում է պատժել Թուրքիային Միջերկրական ավազանում իր հավակնությունների համար, ապա եվրոպական այլ երկրներ  անհանգստացած են Կիպրոսում, Սիրիայում Լիբիայում Թուրքիայի գործողություններով, ինչպես նաև Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցմամբ։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներին կողմ է Ֆրանսիան՝ Ավստրիայի աջակցությամբ, սակայն Գերմանիան և Իսպանիան առայժմ հրաժարվում են սատարել նրանց գրում է Բի-Բի-Սի-ն։ Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ, Բաքու մեկնելուց առաջ, Թուրքիայի նախագահ Էրդողանը, սակայն, հայտարարել էր, թե եվրոպական պատժամիջոցների հեռանկարն իրեն չի մտահոգում։

Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավորներ նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին:

Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:

«Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող է օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,- ասվում է նամակում: 

Նման պայմաններում արդյո՞ք ԵՄ երկրները Թուրքիայի նկատմամաբ պատժամիջոցներ կսահմանեն։

ԳԱԱ–ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով հավանական է որ այս անգամ Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեն ԵՄ երկրները, բայց դրանք լուրջ սպառնալիքներ չեն․

«Իրական չեն այդ պատժամիջոցները և լուրջ ազդեցություն Թուրքիայի քաղաքականության վրա կարծում եմ չեն ունենա, հիմնականում ուղղված են անձերի դեմ։ Անընդհատ կոնսուլտացիաներ են ընթանում երկրների միջև,  հնարավոր է մինչևպատժամիջոցների սահմանումը փոխեն դիրքորոշումները երկրները, տեսնենք․․․ Բայց ինչ էլ լինի չեմ կարծում, թե դա Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության վրա զսպող ազդեցություն կունենա։ Այո Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ և չի բացառվում, որ այդ երկրի ագրեսիվ պահվածքը Հարավային Կովկասում շարունակվի և ավելի լայն դրսևորում ունենա»։

Back to top button