ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍ-ից արձագանքում են խնդրահարույց օրինագծի շուրջ քննադատություններին

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի կյանքի առաջին օրվանից դրա շուրջ քննարկումները ու բանավեճերը չեն դադարում։ Նախագծի ընդդիմախոսները պնդում են, որ այն հապշտապ է ուղարկվել ԱԺ։ ՄԻՊ–ը դեկտեմբերի 5-ին հրապարակեց իր դիրքորոշումը Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծի վերաբերյալ, որում մասնավորապես ասում էր, որ Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը: Սրան ի պատասխան ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարիբեկյանն պնդում է, որ առաջարկվող օրենքը ինչ–որ տեղ նաև ուշացած է համակարգի առաջ կանգնած խնդիրների լուծման տեսանկյունից։

«Մենք արդեն ամռանը, երբ պատրաստեցինք փաթեթը կառավարություն ներկայացնելու համար, խնդրել ենք Կառավարությանը, քննարկել օրենքի նախագիծն արագացված կարգով։ Պարզապես թյուրիմացության, կամ թյուրըմբռնման արդյունք է, որ դա կապվում է այսօրվա իրավիճակի հետ։ Որևէ հապշտապության մասին խոսք լինել չի կարող»,- ասում է Սամվել Կարիբեկյանը։

ՄԻՊ հաջորդ դիտարկումը վերաբերում էր նոր օրենքի նախագծի այն դրույթին, ըստ որի բուհերի ռեկտորները բուհի կառավարման խորհրդի կողմից  ընտրվելու փոխարեն կնշանակվեն նախարարի կողմից։ Արման Թաթոյանի կարծիքով՝ բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը: ԿԳՄՍ նախարարի կողմից ռեկտոր նշանակելու նոր կարգավորման վերաբերյալ իրենց դեմ դիրքորոշումն էին հայտնել նաև ԵՊՀ դեկաններն ու ստորաբաժանումների ղեկավարները։ Նրանք իրենց հրապարակման մեջ նշում էին, որ նախագիծը խախտում է կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես, ըստ նրանց անընդունելի է, որ կառավարչի կամ բուհի ռեկտորի համար ոչ մի պահանջ  չի սահմանվում։  Ընդդիմախոսները պնդում են, որ սա առաջին հերթին շատ մեծ հարված է բուհերի ինքնավարությանը և կարող է հանգեցնել բուհերի քաղաքականացմանը։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարիբեկյանը հակադարձում է․

«Արդյոք ընտրել կամ նշանակելը քաղաքականացվելու հե՞տ է կապված։ Մի շարք երկրներում` օրինակ Նիդերլանդներում, Իսպանիայում, գործում է այդ մեխանիզմը։ Դա նշանակում է` պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, բայց դա որևէ կերպ չի խաթարում գոյություն ունեցող ակադեմիական ազատություններին։ Այսինքն, պետությունը չի կարող միջամտել բուն ակադեմիական պրոցեսին, ինչը, ցավոք սրտի, մենք հիմա տեսնում ենք ամեն քայլափոխին տարիներ շարունակ ընտրված ռեկտորների պարագայում»։

Սամվել Կարիբեկյանը ուշադրություն է հրավավիրում նաև այն հանգամանքի վրա, որ շատ հաճախ բուհական ինքնավարությունը չի տարածվում հաստատությունների ներսում։

«Մենք դեռևս աշխատում ենք ուսումնական պլաններով, որոնք բավականին կոշտ են, դրանք ճկուն չեն, և դա անդրադառնում է ակադեմիական ազատության իրացման վրա»։

Արդյո՞ք այս օրենքն ամբողջությամբ ապահովում է բուհերի ինքնավարությունը․ իհարկե՝ ոչ, ասում է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, և ավելացնում՝ եթե համեմատենք գործող օրենքի հետ, ապա կան մի շարք դրույթներ, որոնք  քայլ առ քայլ տանում են դեպի ակադեմիական ու բուհական ինքնավարություն։

«Կան մի շարք ուղեցույցներ, որոնցով գնահատվում է բուհերի ինքնավարությունը։ Ցուցիչներից մեկը ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու իրավասությունն է։ Արդյո՞ք այս օրենքը հնարավորություն տալիս է դա անելու՝ այո։ Ուսանողներին ընտրելու իրավունք բուհը ունի՞, թե՞ ոչ․․․ Այս նախագծով այդ հնարավորությունը ևս տրվում է բուհերին»,– պարզաբանում է Ռոբերտ Սուքիասյանը։

Քննարկումների առիթ տված օրենքի նախագծին անդրադարձել էր նաև ԵՊՀ ուսանողական խորհուրդը` մասնավորապես ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայացվող նախագծով էականորեն սահմանափակվում է գլխավոր շահառուների՝ ուսանողների մասնակցությունը բուհերի կառավարմանը։ Նախատեսվում է, որ Հոգաբարձուների 12 հոգուց բաղկացած խորհրդում  ուսանողները ունենալու են ընդամենը 1  ներկայացուցիչ՝  ներկայիս 32 անդամից 8 անդամի փոխարեն, ինչը ուսանողների ներգրավվածությունը, ըստ ԵՊՀ ուսանողական խորհրդի, դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։ «Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում»,– ասված է նրանց հայտարարության մեջ։ Ի պատասխան Սամվել Կարիբեկյանն ասում է․

«Շատ երկրներում ուսանողի նկատմամբ մի հստակ սահմանափակում է գործում․ նրանք կադրային հարցերում (ռեկտորի ընտրություն և այլն) ունենում են խորհրդակցական ձայնի իրավունք։ Սա, կարծում եմ, այնքան ակնհայտ է, որ պետք էլ չէ պարզաբանել, թե ինչու»։

Սամվել Կարիբեկյանը, ամփոփելով Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծի վերաբերյալ իր դիտարկումները և պատասխանելով այն պնդումներին, որ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ չեն եղել, հիշում է՝ այդպիսի քննարկումների անձամբ է մասնակցել, իսկ ընդդիմախոսների ելույթներում շատ դեպքերում նույնիսկ մասնագիտական փաստարկներ չի տեսել։ Իր կարծիքով` հնչող մտահոգությունները առնվազն գերչափազանցված են։

Back to top button