ԿարևորՀասարակություն

Չարեքթարը չհանձնած Աշոտ Սևյանը

Չարեքթարցի Աշոտ Սևյանը մեկ գիշերում դարձավ ճանաչված: Նրա տեսանյութը ունեցավ մոտ մեկ միլիոն դիտում: Իսկ տեսանյութում Աշոտը ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերին պարզապես պատմում էր, որ չի պատրաստվում դուրս գալ Չարեքթարից, չնայած նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության  համաձայն՝ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղը անցնում էր Ադրբեջանին:

Արդեն «Ռադիոլուրի» հետ զրույցում Աշոտը պատմեց, որ գյուղ այցելած լրագրողներին, ռուս խաղապահներին իր պատասխանները զարմացրել են։ Նրանք այդպես էլ չկարողացան հասկանալ, որ պարզապես իմ տունն ու արժանապատվությունն եմ պահում՝ ասաց: 

Պատերազմի առաջին օրվանից Չարեքթարի կամավորական ջոկատը եղել է առաջնագծում: Երբ նոյեմբերի 25-ին գյուղ են վերադարձել,  հետևյալ պատկերն են ականատես եղել:

«Մինչև վերջին օրը Եղնիկներում էինք: Արդեն ամսի 25-ին, երբ հրամանը եկավ, որ Շահումյանը հանձնվում է, մենք իջել ենք ու տեսել գյուղը այդ վիճակում: Գյուղում քաոս էր, մարդիկ գնացել  էին, ժողովուրդ  չկար։ Չգիտես ինչո՞ւ ռուսներն արդեն գյուղում էին։ Մեզ դեմ էին տալիս Փաշինյանի ստորագրությունը, մենք էլ ասում էինք, որ ԽՍՀՄ տարիներին Չարեքտարը եղել է Մարտակերտի շրջանի վերջին գյուղը: Բայց դժբախտաբար մեզ լսող չկար: Եվ եթե չլիներ գյուղի կամավորական ջոկատը՝ գյուղապետի գլխավորությամբ,  ապա գյուղը դարձյալ կտրվեր Ադրբեջանին»:

Չարեքտար գյուղն ադրբեջանական կողմին չանցավ։ Դեկտեմբերի 3-ից, ինչպես գյուղապետ Կամո Ցականյանն է ասել, որ գյուղում սկսվելու են վնասված տների վերակառուցման աշխատանքները: Աշոտն ասում է, որ մինչ օրս ոչ մի պատկան մարմին իրենց չբացատրեց,  թե ինչու նման կերպ վարվեցին:

«Մեր գյուղապետը հիմա Ստեփանակետում է, երեկ իր զանգից հասկացանք, որ գյուղն ուզում են վերաբնակեցնել։ Չարեքտարի հարևան՝  Ադրբեջանին անցած գյուղերի այն բնակիչները, որոնք ցանկություն ունեն,  կարող են տեղափոխել ու վերաբնակնակվել  Չարեքտարում: Բայց ես ինքս չեմ պատրաստովում ընտանքիս տանել, քանի որ իմ տնից 600 մետր այն կողմ Ադրբեջանն է: Եվ ինձ որևէ պաշտոնյա չի կարող որևէ անվտանգության երաշխքի տալ: Ո՞նց են անվտանգությունը ապահովելու: Ապահովել  էին ՝ Չարեքտարը տալով Ադրբեջանին: Մոռացել էին ուղղակի, որ գյուղում կայինք մենք: Ես ինքս գնալու եմ, բայց՝ առանց ընտանիքի»:

Աշոտ Սևայանը երեք պատերազմի մասնակից է, վիրավորել է երեք անգամ։ Մարտական ընկերները  նրան Կոբրա անունով են կնքել:

«Փակագծերը շատ չբացեմ, 90-ականներին իմ դիրքի տղաներն են  էդպես անվանել։ Ուղղակի ասեմ, որ  եթե ինչ-որ մի բան ինձ դուր չի գալիս,  բոլորին խայթում եմ։ Բայց վերջնական այդ անունը կնքվեց մի օր, երբ պատերազմի ժամանակ ուղղաթիռը փորձեց հարձակվել մեր դիրքի վրա: Ես ծառայել եմ Գերմանիայում, ու այդ ձայնը ինձ ծանոթ էր: Փորձում եմ ասել՝ տղերք կոբրան ա հարձակվում, ոչ ոք չի հավատում… Էդպես անունս մնաց Կոբրա»:

Զրուցակցիս խնդրում եմ համեմատել նախորդ ու այս պատերազմները: Նշում է, որ համեմատելու  եզրեր չկան և խոսում է Շուշիի մասին։

«Մեզ համար անակնկալ էր Շուշիի հանձնումը, կային ուժեր, որոնք կարող  էին պահել, մենք էլ պատրաստ էինք Եղնիկներից իջնել Շուշի, բայց մեզ չթողեցին»:

Երեք պատերազմների մասնակիցը նկատում է, որ այսօր փորձում են մեղքը  բարդել բանակի վրա: Բայց ոչ բանակն է  պարտվել, ոչ էլ կամավորները, պարտվել է քաղաքական իշխանությունը՝ ասում է։

«Ես 50 տարեկան տղամարդ  եմ, ու դիրքերում փոխանակ ես 18 տարեկանին  դուխ տայի, իրենք էին ասում՝ հոպար արխային քնի, մեջքներս պինդ պահի։ Իսկ նման բանակին նման արտահայտություն  կարող  է անել միայն այն մարդը, որը բանակ չի տեսել ու բանակի մասին պատկերացում չունի»:

Աշոտին հարցնում եմ՝ արդյո՞ք պարգևների արժանացել է: Ժպտում է ու ասում՝ երկու մեդալ ունի մարտական ծառայության  համար:  Նա անընդունելի  է  համարում ամեն քայլափոխի պարգևներ  ու հերոսի կոչումներ  շռայլելը: Ասում է, երբ հուլիսյան դեպքերին 72 հոգու Մարտական խաչ շնորհվեց, արժեզրկվեց հենց Մարտական խաչ պարգևը:

«Ես գիտեմ մի քանի Ազգային հերոսի, որոնք չեն արել մեր զինվորի 0,1 տոկոսը: Այս մարդիկ ստեղծեցին նոր հերոսներ, նոր գեներալներ, որոնք մարտի դաշտը տեսնում էին 7 կմ հեռավորությունից: Ինձ դուր չէր գալիս մարդկանց վարկաբեկումը, հերոսից իջեցնելն ու դավաճանի պիտակ կպցնելը: Ես սպասում էի, որ մի օր էլ ինձ կասեն, որ Աշոտը ոչ թե պատերազմում է առողջությունը և ոտքերը կորցրել, այլ չգիտեմ որտեղ»: 

Աշոտի հետ զրույցը երկար շարունակվում է, բայց ՝արդեն առանց ձայնագրիչի: Հրաժեշտ տալիս պայմանավորովում ենք, որ  հաջորդ հարցազրույցը լինելու  է  Չարեքտարի իրենց տանը  ու այդ տան  այն բակում,  որտեղ Հայաստանի բոլոր բնակավայերից, Արցախի ամեն գյուղից ու քաղաքից քարեր Աշոտը  քարեր է բերել:

Back to top button