ԿարևորՀասարակություն

Սահմանային ճշտումնե՞ր, թե՞ սահմանազատումներ․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին

Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից  հետո հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով ընթանում են  սահմանների կամ  դիրքերի ժամանակավոր  տեղակայման աշխատանքներ, այլ ոչ սահմանազատումներ, քանի որ սահմանազատումները դրանք տևական գործընթացներ են , որոնք իրականացվում են միջպետական հանձնաժողովների մակարդակով, «Ռադիոլուրի» հետ զրույցում սահմանին կատարվող  աշխատանքները  բացատրեց  քարտեզագրող Շահեն Շահինյանը։

Սակայն սահմանի տեղակայման ներկա աշխատանքներն ինչ քարտեզների հիման վրա են կատարվում և ինչ թույլատրելի շեղումներ ունեն, անհայտ է։ Քարտեզագիրը բացատրում է` սահմանային ճշտման աշխատանքներում նախ պետք է ներգրաված լիներ կադաստրի պետական կոմիտեն, որի  մասնակցության մասին, մեր զրուցակիցը տեղեկություն չուներ, կարևոր պայման է դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի ձեւավորումը, որի մասին ևս տեղեկություններ չկան։  Այս պայմաններում, ըստ Շահեն Շահինյանին, նախաձեռնողականությունը ադրբեջանական ու ռուսական կողմերում է։ Այսինքն` հայկական կողմի տարածքային կորուստները չի կարելի բացառել։

«Եթե պարզ լեզվով ենք խոսում, եթե ադրբեջանցին,  իր ձեռքում ունենալով  քարտեզ, իր սարքավորումներում ունենալով կոորդինատներ, ապա ինչն է իրեն խանգառում, որ մի քանի մետր գա առաջ։  Տարբեր տեղեկություններ են պտտվում մամուլում, չկա պաշտոնական հաստատում՝ որ թվականի քարտեզով են արվում՝ 1989, 1967, 1975, թե՞ 1923-29, դրանք կարիք ունեն հստակեցման»։

Ըստ քարտեզագրողի՝ հայկական կողմը  պետք է ուսումնասիրեր արխիվային բոլոր հասանելի տվյալները, հնարավորության   դեպքում նյութեր խնդրեր նաև դաշնակից պետություններից։ Դրանք համադրեր և արդյունքում Հայաստանի համար ընտրվեր ընդունելի տարբերակ, որով էլ պետք է հայկական բանակը դուրս գար տեղանք։

«Դուրս գայինք տեղանք և   բանակցեինք տեղում։ Կամ եթե բանակցություն չէինք անում, գոնե մեր ռազմական ուժի ներկայացուցիչներին,  մեր պաշտպանության  նախարարության ներկայացուցիչներին ուղղություն տայինք, օգնեինք իրենց»։

Օգնության առաջարկություն  չի ստացել, ինքն է, այսպես ասենք, ինքնառաջադրվել, երբ մամուլից իմացել է, որ Արցախի տարածքում արդեն իսկ կան  վիճահարույց հատվածներ և հայ գյուղացին ինքն է  դեմ հանդիման կանգնում ջի փի էս սարքը ձեռքին ադրբեջանցուն։ Նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին, հայտնել, որ պատրաստ է անձնական միջոցներով  ու սարքավորումներով  մասնակցել սահմանի դիրքերի տեղակայման աշխատանքներին, որպեսզի հայ գյուղացու կողքին պաշտպանի հայկական շահը, սակայն  դրական պատասխան չի ստացել։ Զրույցի ընթացքում քարտեզագիրը հիշեց վարչապետի՝   սահմանները  ջի փի էս կոորդինատներով  չափելու  հայտարարությունը, որի մեջ մեծ ռիսկեր է տեսնում։ Սահմանային հատվածը որոշակի  ռազմականացված և այնտեղ կարող են գործել խոչընդոտող  ռազմական սարքավորումներ։

«Եվ առաջնայինը պետք էր համոզվել, արդյոք դրանք չեն ազդում մեր  ջի փի էս սարքավորումների  վրա։  Արդյոք  նրանք չեն գործում այնպես, որ մեր  ջի փի էս սարքավորումը  չափում կատարի ի վնաս մեզ։  Իհարկե,  այդ սարքավորումների օգտագործումն անհրաժեշտ է»։

Ադրբեջանն այսօր օգտագործում է սարքավորումներ, որոնք կարող է օգտագործել  հօգուտ իրեն, ասում է Շահեն Շահինյանը։ Սարքավորումն ինքն իրեն սահման չի որոշում, սարքավորման աշխատանքը կարգավորում է մասնագետը։ Այսինքն՝ մասնագետն ինչ ելակետեր  տվեց գործիքին, այդ ելակետի հիման վրա էլ հաշվելու է սահմանի տեղը։  

«Կորդինատներն իրենցից ներկայացնում են թվեր և, եթե դու ինչ- որ մի նիշի փոփոխություն մտցնես այդ կորդինատի  մեջ և տաս  գործիքին, գործիքը քեզ չի ասելու, որ դու այստեղ  փոփոխություն ես մտցրել։ Գործիքը չափելու է քո տված թիվը։ Այսինքն, վստահել ադրբեջանցիներին… գեոդեզիայի կարևոր սկզբունքներից մեկն է , որ ցանկացած աշխատանք պետք է ստուգվի։

Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` հայկական կողմը  պետք է Ադրբեջանին հանձներ երեք շրջան։ Զրուցակիցս հռետորական հարց է  տալիս՝ արդյոք հնարավոր չէ՞ր մինչև այդ շրջանները հանձնելը մեր զորքերը տեղակայվեին  շահավետ բնագծերում։ Ադրբեջանական կողմն առանց դելիմիտացիոն և դեմարկացիոն  հանձնաժողովի  չէր կարողանա  մեզ ապացուցել, որ  մենք 200-300 մետր առաջ կամ հետ ենք կանգնել։

«Մեզ պետք էր, որ առաջինը հայ սահմանապահը կանգներ այդ սահմանին։ Առաջինը դիրքեր ստեղծեր և հայ գյուղացին առաջինը տեսներ հայ սահմանապահին, հետո նոր ադրբեջանցի սահմանապահին և ռուս սահմանապահին։ Այսինքն՝ մենք պետք է կատարեինք  կանխարգելիչ  քայլեր։ Եվ հիմա էլ կարծում եմ ուշ չէ։ Այն հատվածներում, որտեղ  չեն հայտնվել ադրբեջանցի մասնագետներ, պետք է շտապել  և գնան ռազմական ուժերը»։   

 Նման փորձ մենք ունեցանք  Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում, որն այսօր 60 կմ սահամնագիծ ունի Ադրբեջանի հետ, և ադրբեջանցիներն այսօր գծում են իրենց ԶՈՒ տեղակայման քարտեզը, «Ռադիոլուրին» ասել է   համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Վերջինս մանրամասնել  է, որ  ադրբեջանցիները քարտեզները ձեռքներին եկել են,  փորձել ճշտումներ անել՝ թե ո՞ր հատվածը ում է պատկանում և իր հրամանով   տղաները կանգնած դիրքերից մի թիզ անգամ հետ չեն եկել։

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքներն իրականացվում են միայն  միջպետական համաձայնագրերի կամ պայմանագրերի  հիման վրա, սակայն մենք նման փաստաթուղթ Ադրբեջանի հետ կնքած չունենք, ասում է քարտեզագիր զրուցակիցս ու  մեկ անգամ ևս հորդորում, մինչև նման  փաստաթղթղերի ստորագրումը մեր զորքերը կարող են և պետք է տեղակայվեն  մեզ համար  բարենպաստ բնագծերում։

Back to top button