ԿարևորՔաղաքական

Հայաստանի 4-րդ հանրապետության համար պայքարը նոր է սկսվում․ քաղաքագետը՝ սպասվող զարգացումների մասին

188 կողմ, 3 դեմ ձայնով Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ բանաձև։ Ադրբեջանը,  ինչպես և սպասվում էր,  հետ է կանչել Ֆրանսիայում իր  դեսպանին։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարևորում է Ֆրանսիայում Արցախի ճանաչման հարցի քննարկումը,  քանի որ համոզված է, որ այն արցախյան խնդիրը ռուս–թուրքական տիրույթից տեղափոխում է միջազգային ասպարեզ։

«Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի ԱԺ–ի ընդունած բանաձևը դուրս կբերի արցախյան խնդիրը ռուս–թուրքական եղբայրության տիրույթից դեպի միջազգային քաղաքականության  ասպարեզ, եթե գործընթացի արդյունքում Արցախը ճանաչվի Ֆրանսիայի կողմից»,– վերլուծելով նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որը հաջորդեց Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին, ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից բանաձևի ընդունումը հակակշիռ է ռուս-թուրքական գործողություններին՝ ասում է։

«ՀՀ կշիռն այնքան մեծ չէ, որ մեր ճանաչումից միջազգային ասպարեզում որևէ բան փոխվի, սակայն Ֆրանսիայի ճանաչումը  կարևոր նշանակություն ունի միջազգային հարթակում»։

Հայաստանի  ԱԳՆ–ն ողջունել է Ֆրանսիայի կողմից բանաձևի ընդունումը։

«Այն ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն է ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,– ասված է հայտարարության մեջ։ Հայաստանի արտգործնախարարությունը կարևորում է միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը, Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը։

Քաղաքագետ Շիրինյանը կարծում է, որ պետք է ձգձգել բանակցությունները մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, քանի որ բացի համանախագահող Ֆրանսիայից ԱՄՆ–ն նույնպես գոհ չէ թուրք–ռուսական պայմանավորվածությունից։ Իսկ եթե ավելի խորը նայենք հարցին, ապա, ըստ նրա, կտեսնենք, որ պանթուրքիզմի գաղափարը վտանգ է հենց նույն Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի համար։ Ի՞նչ անել այս պայմաններում։ Դիվանագիտության և միջազգային իրավունքի  պայքարը նոր ճանապարհ պետք է հարթի։ Զուգահեռ արագ գործի պետք է անցնեն աշխարհագրագետներն ու գեոդեզիստները և թույլ չտան սահմանների կամայական գծագրումներ։

«1936 թվականի Անդրկովկասի քարտեզը պետք է հիմք ընդունել»։

Հաշվի պետք է առնել, որ բանակը, հայ զինվորն իրեն պարտված չի համարում, այն ինչ կատարվեց, թշնամուն  նվիրած հաղթանակ էր։ Պայքարը դեռ առջևում է՝ համոզված է քաղաքագետը․ թշնամին չհամակերպվեց իրադրությանը և 25 տարի անց լուծեց հարցը, հերթը մերն է՝ պետք է վերահաստատենք մեր իրավունքը։ Բանակի վերակազմավորում է պետք և շատ արագ՝ հուշում է քաղաքագետը՝ նշելով   առաջնահերթ խնդիրները։

«Չթողնենք, որ պարտվածի հոգեբանությունը տարածեն, քանի որ հարկադրանքով է վերջացել այս պատերազմը, բայց իրական պայքարը դեռ առջևում է։ Խաղաղապահ կասեք թե օկուպացիոն ուժեր, ձեր գործն է, բայց մտեք ֆեյսբուք ու տեսեք, որ խելագարություն է տիրում, հոգեբանական պատերազմ է։ Ապաշրջափակման մասը հայտարարությունում, որոշ պնդումների կարիք ունի, օրինակ եթե ապաշրջափակման մասին է խոսվում, ապա չպետք է թողնենք, որ Քարվաճառի հարցը լուծեն ոնց ուզում են։ Այդպես է՝ հաղթողը վերցնում է ինչ ուզում է և պարտվողին թողնում է այնքան, որքան կարծում է, որ նրան հասնում է»։

Մենք պետք է Հայաստանի չորրորդ հանրապետության ստեղծման ուղղությամբ աշխատենք քրտնաջան, օր ու գիշեր՝ եզրափակում է Լևոն Շիրինյանը։

Back to top button