ԿարևորՀասարակություն

Վճարովի քոլե՞ջ, թե՞ անվճար ավագ դպրոց

Հիմնական դպրոցն ավարտելուց առաջ աշակերտը ընտրության առջև է կանգնում՝ դիմել ավագ դպրո՞ց, թե՞ որևէ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Իրականում՝ ընտրությունը մեծ է, իսկ ընտրություն կատարելը` բարդ։

Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, որոնք մեկնարկեցին ավելի քան տասը տարի առաջ, ծնողներից շատերի ու փորձագետների կարծիքով, չկարողացան արդարացնել սպասումները։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ավագ դպրոցներն այնքան էլ մեծ ահանջարկ չեն վայելում։

Շրջանավարտները նախընտրում են մասնագիտական կրթություն ստանալ քոլեջնում, քան ժամանակը վատնել ավագ դպրոցում։ Ու քանի որ քոլեջ դիմողները շատ էին, իսկ տեղերը սահմանափակ, այս տարի ընդունելության կարգի  փոփոխություն է կատարվել նաև միջին  մասնագիտական կրթական համակարգում։ Ավելացող պահանջարկին գուգահեռ` կառավարության որոշմամբ` պետական քոլեջներում ավելացվել են տեղերը, բայց արդեն վճարովի։ Որքան էլ զարմանալի է, բայց անգամ այս պարագայում ծնողները նախընտրում են վճարովի կրթություն քոլեջում, քան անվճարը ավագ դպրոցում։

«Տղաս այս տարի ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Կուզեի, որ ուսուցումը լիներ անվճար, բայց նախընտրում եմ վճարովի որակյալ, քան անվճար ու անհասկանալի կրթություն։ Ավագ դպրոցին ընդհանրապես չեմ վստահում։  Ժամանակի վատնում եմ համարում»,-ասաց ծնողներից մեկը։

Եվ իսկապես՝ կոնկրետ Ինֆորմատիկայի պետական քոլեջը վերջին տարիներին դիմորդների մեծ բանակ ունի։ Տարիներ շարունակ դիմորդների թիվը 2-3 անգամ ավելի է եղել պետպատվերի տեղերից։ Վճարովի տեղեր չլինելու պատճառով` շատերը դուրս են մնացել մրցույթից։ Այս տարի արդեն վճարով տեղերի շնորհիվ բավականին ավելացել է նաև ընդունվողների թիվը, «Ռադիոլորին» հայտնեց քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը։

«Մեծամասնությունը հնարավորություն չունենալով ընդունվել անվճար համակարգ՝ ընդունվել է վճարովի համակարգ։ Մեկ ուսումնական տարվա համար վարձը կազմում է 218 000 դրամ»,-նշեց Աբրահամյանը։

Քոլեջ այս տարի ընդունված 420 ուսանողներից 180-ը վճարովի համակարգում են սովորում։ Ուսանողների 60 տոկոսն էլ անվճար համակարգում է սովորում։ Քոլեջների անվճար տեղերը հատկացվել են առավել շատ մարզային քոլեջներին  ու պետպատվերի  տեղերը տրամադրել են հատկապես այն մասնագիտությունների գծով, որոնք աշխատաշուկայում ավելի հեռանկարային են, «Ռադիոլուրին» հայտնեց ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։

 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տուրիզմ և սպասարկման ոլորտ և  այս ուղղություններով մասնագիտությունների պետպատվերի տեղերն ավելացրել ենք: Այն մասնագիտությունները, որոնք այդքան էլ պահանջարկված չեն, և ուսանողը քոլեջն ընկալում է բուհ անցնելու համար միջոց, այդտեղ պետպատվերի տեղերը նվազել են, ավելացել են վճարովի տեղերը»,-հայտնեց ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը։

Իսկ ուր մնաց ավագ դպրոցը։ Ովքեր են ավագ դպրոցի շահառուները։ Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝

«Ավագ դպրոց են գնում այն շրջանավարտները, որոնք որևէ բուհ ավարտելու մտադրություն չունեն  կամ իրենց պարզապես թեթև գիտելիքներ են անհրաժեշտ։ Արդյունքում` քոլեջները դարձել են բավականին պահանջված»,-ասաց Խաչատրյանը։

Բայց չէ՞ որ շրջանավարտներ էլ ունենք, որոնք ցանկանում են ընդունվել բուհ, բայց բարձր մրցույթի պատճառով քոլեջների անվճար տեղերից դուրս են մնում, ֆինանսական հնարավորություններն էլ բավարար չեն ճարովի համակարգում սովորելու համար։ Ստիպված ավագ դպրոց են գնում՝ գիտակցելով, որ չեն ստանալու այն գիտելիքը, որն անհրաժեշտ է սեփական ուժերով բուհ ընդունվելու համար։

«Ռադիոլուրի» այս դիտարկմանը համամիտ է Սերոբ Խաչատրյանը։  Համակարգն այնքան էլ լավ չի աշխատում` ասում է։ Նախևառաջ, նախարարությունը պետք է հստակեցնի, թե ինչի համար է պետք ավագ դպրոցը, ինչի համար քոլեջը ու դրանով առաջնորդվելով պետք է համակարգը նպատակին ծառայեցնի։

Ցուցադրել ավելի
Back to top button