ԿարևորՔաղաքական

Մեկ վարչապետ և երկու թեկնածու․ իշխանության «տերերը» շատանում են

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ներքաղաքական խմորումները շարունակվելու են և հետագա պայքարի համար հստակեցումներ մտցվեն։

Թեև չկա վարչապետի հրաժարական, բայց կան արդեն թեկնածուների հրապարակված անուններ, առաջիկա օրերին համար կան նաև տարբեր միջոցառումներ, որոնք ըստ էության՝ կճշտեն զարգացումների հետագա ընթացքը։

Ընդդիմադիրների քայլերը երկու ուղղությամբ են՝ հանրահավաքային և խորհրդարանական։ Իշխանական ուժն այդ ամենին պատասխանում է խորհրդարանում՝ պատրաստվելով հերթական քառօրյային։

Մեկ գործող վարչապետ և վարչապետի երկու թեկնածու․ իշխանությունն ու ընդդիմությունն առայժմ ներքաղաքական առանձին օրակարգերով են հանդես գալիս։ Ընդդիմադիրներների դաշտում միասնություն առայժմ ձևավորվել է մեկ հարցի՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հեռանալու շուրջ։ Մնացած քայլերը տարբեր ուժերը տարբեր կերպ են պատկերացնում։

Խորհրդարանական ուժերից «Բարգավաճ Հայաստանը»՝ պայքարի դուրս եկած արտախորհրդարանական 16 ուժերի հետ՝ «Հայրենիքի փրկության խորհուրդ»– ի ձևաչափով ժամանակավոր կառավարության ղեկավար է առաջարկում ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին։ Խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Լուսավոր Հայաստան»–ը, չի շտապում դուրս գալ փողոց։ Պայքարը պատկերացնում է խորհրդարանական լծակներով, առանց այլ ուժերի քաղաքականության սպասարկման՝ սեփական քաղաքական շահերով և վարչապետի սեփական թեկնածուով։

«Լուսավորական» թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Ընդդիմադիրների երկու թևն էլ խնդրի լուծումը տեսնում են խորհրդարանում․ ինքնակամ հրաժարականի կամ խորհրդարանում անվստահության հայտնելուց հետո պետք է ընտրվի վարչապետ՝ անցումային շրջանի համար։ Վազգեն Մանուկյանին առաջադրած ուժերը վաղը հավաքվելու են հանրահավաքի և ներկայացնեն քայլերի հերթականությունը, իսկ «Լուսավոր Հայաստան»–ը երկուշաբթի կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ լուծումներ գտնելու համար։

Խորհրդարանական երրորդ ուժը՝ մեծամասնությունը, այսօր հավաքվել էր խմբակցության նիստի։ Բայց «Իմ քայլ»–ը պատրաստվում է ԱԺ հերթական քառօրյայի, որը կսկսվի երեքշաբթի։ Ընդդիմադիրների տարբեր նախաձեռնություններին նրանք չեն պատասխանում։ «Իմքայլական» պատգամավոր Վահե Ղալումյանի համոզմամբ՝ պատերազմում տարած պարտությունը բավարար չէ իրենց հեռացման համար։

«Մենք պարտվել ենք միասին, ընդդիմությունն էլ է մեր հետ եղել։ Մեր հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու կարծիքը մեզ համար հետաքրքիր է, փորձենք հասկանալ՝ խնդիրը ինչումն է, իսկ ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա։ Լուրջ չեմ համարում։ Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից։ Մենք, երկրի շահը դիտարկելով, երկրի կայունությունը, անվտանգությունը դիտարկելով, գտնում ենք, որ ՀՀ վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Պետք է իշխանությունը պահել՝ ժողովրդի իշխանությունը, օրակարգային հարցերը լուծել, 6 ամիս հետո իրավիճակը գնահատել և որոշել հետագա անելիքները։ Այսօր մեր երկրին պետք է կայունություն և անվտանգություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»։

Այս ամենի կողքին կան նաև քաղաքական ուժեր, որոնք չեն միացել որևէ բևեռին, բայց նույնպես աշխատում են և փորձում լուծումներ գտնել։ Այդ ուժերից է օրինակ  «Ազգային ժողովրդավարական բևեռ»–ը։ Նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի թաքցնում՝ լուծումների ուղղությամբ իրենք ամեն օր աշխատում են, թեև այդ աշխատանքը չի երևում կամ ցույց չեն տալիս։ Այս թևում պահանջներին ավելացնում են մի քանիսը։ Առանցքային է համարվում արտահերթ ընտրություններից առաջ Սահմանադրության փոփոխությունը՝ թեկուզ միաժամանակյա հանրաքվեով։   

«Անշուշտ մենք պետք է գնանք դեպի անցումային, ժամանակավոր կառավարություն և շատ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը հենց ինքը՝ Փաշինյանը նախաձեռներ, որ հնարավորինս անցնցում այս ճգնաժամից մենք դուրս գայինք։ Եթե ոչ՝ վստահ եմ, որ մենք որպես ժողովուրդ գտնելու ենք մեր մեջ ուժ և ինչ–որ ձևաչափ այդ ամեն ինչը կյանքի կոչելու։ Ժամանակավոր կառավարության կազմը, այո, կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է ժամանակավոր կառավարության բովանդակությունը, ծրագիրը։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին քաղաքական շրջանակներում պետք է տեղի ունենա երկխոսություն և պետք է կարողանանք վերջապես, գոնե այս նեղ օրերին գիտակցելով պահի լրջությունը, անցյալի բոլոր տարաձայնությունները և ներքաղաքական հակամարտությունները առայժմ սառեցվեն։ Հներ, նորեր հասկացողությունը պետք է մի կողմ դրվի, շատերը իրենք պետք է գիտակցեն՝ եթե իրենց կերպարները մեր ժողովրդի կողմից ընդունելի չի, թող լինեն այդ ամեն ինչի մեջ, սակայն, օժանդակողի դերում և իրոք փորձենք ձևավորել ժամանակավոր կառավարությունը` նվիրյալներով»։  

Ներքաղաքական դիրքորոշումները հստակեցվում են նաև տարբեր հայտարարություններով։ Օրինակ՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որի հիմնադիր նախագահը պատգամավոր Արման Բաբաջանյանն է, հայտարարությամբ դիմել է ուժային և պետական մարմիններին։ Հայտարարության մեջ հիշեցում կա, որ տարբեր կոչեր հնչեցնող քաղաքական գործիչներից շատերը ոչ վաղ կամ վաղ անցյալում զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ և լավ են պատկերացնում հայտարարությունների հետևանքը պետականության քայքայման և ի վերջո կործանման համար, բայց դրված նպատակին հասնելու համար ոչնչի առջև չեն կանգնում։

Իսկ ահա նախկին 10 դեսպանները և հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը առանձին հայտարարություններով միացել են անարյուն իշխանափոխության և սկզբունքորեն նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button