ԿարևորՀասարակություն

Դասին խալաթով նստելը հարմար է, բայց ոչ արդյունավետ. հեռավարից՝ առկա

Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ շրջաբերական է ուղարկել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։

Ըստ հաղորդագրության, որոշումը կայացվել է առողջապահության նախարարության հետ համատեղ։ Յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։

«Ես Մերին եմ, սովորում եմ 8-րդ դասարանում։ Ուրախ եմ, որ վերադառնում ենք առկա դասերին, քանի որ հեռավար կրթությունը լիարժեք չէր կարող փոխարինել առկա կրթությանը։ Ես Հովհաննեսն եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Ճիշտ է, սովորել էինք տնից աշխատելուն, բայց իմ կարծիքով դպրոցում ավելի ճիշտ կլինի։ Ես Անժելան եմ, սովորում եմ Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում ։ Դժվար կլինի վերադառնալ հին գրաֆիկին, որովհետև սովորել էինք տանը խալաթով ու հաց ուտելով դաս անելուն»։

Տանը հարմար է՞ր։ Միգուցե։ Արդյունավե՞տ։ Ոչ այնքան։ Սոցիալական մանկավարժ Աննա Հովհաննիսյանը, իհարկե, կողմ է առկա ուսուցմանը, միայն թե չի հասկանում՝ ինչու տարեվերջին նման որոշում կայացվեց։ Ճիշտ կլիներ, որ գոնե 2-րդ կիսամյակից վերադառնայինք առկա ուսուցմանը, ասում է «Ռադիոլուրի» հետ զրույցում։

«Լավ կլիներ, որ հունվարից անցնեինք առկա կրթության ոչ թե դեկտեմբերի 7-ից՝ ընդամենը 3 շաբաթով։ Կարծում եմ, այդ անցումային շրջանը ժամանակ է պահանջում, որ աշակերտներն ադապտացվեն և հունի մեջ ընկնեն»։

Ինչ վերաբերում է համավարակի պայմաններում առկա, թե հեռավար կրթությանը, միանշանակ առկա, պնդում է զրուցակիցս։ Ավելի արդյունավետ է` ասում է։   

«Կողմ եմ առկա ուսուցմանը, քանի որ տեխնիկական պատճառներով ևս երեխաները զրկվում են կրթությունից, կամ էլ անտեսում են ու չեն մասնակցում դասին։ Նաև առկա ուսուցման ժամանակ շատ կարևոր է ուսուցչի դերն ու շփումը երեխաների հետ»։

Աննա Հովհաննիսյանի հետ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համամիտ չէ։ Իր համար նախընտրելի տարբերակը հեռավարն է։ Սխալ է նաև մեկ հեռավարին, մեկ առկա ուսուցմանը անցնելը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակում ճիշտը հեռավարն է։ Մենք Հայաստանում բավականին ծանր վիճակ ունենք, վարակվածության ու մահացության բարձր ցուցանիշ։ Կարծում եմ, այս իրավիճակում նման քայլը կշռադատված չէ»։ 

Առավել ևս անիմաստ է առկա ուսուցմանը վերադառնալ ու նման ռիսկի դիմել ընդամենը 9 օրվա համար, նկատում է զրուցակիցս։

Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները  ևս կանցնեն առկա ուսուցման։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշումը կայացրել է առողջապահության նախարարության հետ համատեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button