ԿարևորՀասարակություն

Առաջիկայում որոնողական աշխատանքները կսկսվեն Ջաբրայիլում․ պայմանավորվածությունը կա

Ռազմական գործածությունների ընթացքում զոհված ու անհետ կորած  զինծառայողների  որոնողափրկարարական աշխատանքներն այսօր կշարունակվեն Հադրութում և Ֆիզուլիում, «Ռադիոլուրին» տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա, լեյտենանտ Հունան Թադեւոսյանը։ Նա նաև հայտնել է, որ որոնողական աշխատանքներին զուգահեռ նաև ենթակառուցվածքների  վերականգնման աշխատանքներ են իրականացվում։

ԱՀ  արտակարգ իրավիճակների պետական  ծառայության  փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման  խմբերը մի քանի ջոկատներով շարունակում են պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության    եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի սպա, լեյտենանտ Հունան Թադեւոսյանի տեղեկացմամբ` Շուշիում, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալի ու Մատաղիս գյուղերում աշխատանքներն ավարտվել են։ Մարմինների որոնողական աշխատանքները  սկսվել  են Հադրութում ու  Ֆիզուլիի որոշ հատվածներում

«Երեկվա դրությամբ  38 մարմին փոխանցվել է հայկական կողմին։ Նախորդ օրը՝ 19 մարմին էր դուրս բերվել Հադրութից։ Այսօր աշխատանքները շարունակվում են Հադրութ, Ֆիզուլի հատվածներում։ Պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերվել, և առաջիկայում որոնողափրակարարական աշխատանքները կշարունակվեն Ջաբրայիլում ու Կուբաթլուում»։

Մարմինները փնտրում են զինծառայողների հարազատների մատնանշած տեղեկությունների հիման վրա կազմած ուղեցույցների օգնությամբ։ Տեսանյութերում տեսել ու մտահոգվել են՝ շրջափակման մեջ գտնվող ողջ զինծառայողներ կան, սակայն հայ փրկարարներին ուղեկցում են ադրբեջանցիները։ Նրանց   աշխատած  ուղղություններում  դեռ որևէ մեկին չեն հանդիպել։

Ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո Արցախում ակտիվ են հատկապես սակրավորները։ Հայ սակրավորներին Արցախում միացել  է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ Արցախ ժամանած սակրավորների խումբը։  Նրանք շարունակում են ականների, չպայթած ռումբերի հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության    եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադեւոսյանի տեղեկացմամբ, Ստեփանակերտում աշխատանքները 98 տոկոսով ավարտված են։

«Այժմ փրկարարները շրջաններ են տեղափոխվել։ Արդեն մաքրվում են անտառային գոտիները»»։

 Ռուս գործընկերների հետ միասին փորձում են Արցախում   թոթափել պատերազմի հետքերը։  ՌԴ–ից  շինանյութը ստացել են, վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած արցախցիներին հումանիտար օգնություն են հասցրել փրկարարները։ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի տեղեկացմամբ, բացի հիմնական աշխատանքներից նաև Հայաստանում գտնվող մարդասիրական օգնությունն են տեսակավորել, հասցրել Արցախ, ինչպես նաև  Հայաստանում գտնվող արցախցիներին։ Փրկարարները նաեւ սնունդ են մատակարարել ապաստարաններում գտնվողներին, ռմբակոծությունից հետո էլ  գործընկերներին  օգնել են հետևանքների վերացման ուղղությամբ.

«ԱԻՆ աշխատակիցները գործուղվել են Արցախ, նրանք տեղում օգնել են ապաստարաններում գտնվող մեր հայրենակիցներին սննդի մատակարարման հարցում։ Նաև օգնել են  մարել հրդեհները, ռմբակոծության հետևանքները»։

 Արցախում վերականգնված է լուսավորությունը, գազամատակարարման հետ կապված խնդիրներ կային՝ կայանները հրթիռակոծվել էին։ Այժմ այս ուղղությամբ են աշխատանքներ կատարվում։

Ցուցադրել ավելի
Back to top button