ԿարևորՀասարակություն

Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի 6 ավտոմեքենա

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետությունում գործող Celise care հասարակական կազմակերպության տնօրեն Ժան-Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին՝ հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից:

«Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա՝ 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապօգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:

Կարեն Սարգսյանը նաև նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Ժան-Լուի Մեսսաժերն իր հերթին նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին: Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը՝ հնարավորության սահմաններում աջակցելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրությունում:

Back to top button