ԿարևորՔաղաքական

Վարչապետի միասնական թեկնածու, բանակցություններ խորհրդարանում․ նոր զարգացումներ

ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում այսօր որոշում կայացվեց, որը փոխեց ոչ միայն ընդդիմադիրների պայքարի ձևն ու ձևաչափը, այլև պատասխանեց հարցին, թե ում են ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի փոխարեն առաջարկում վարչապետի պաշտոնում։ Առաջիկայում՝ դեկտեմբերի 5–ին, հանրահավաք լինելու է, բայց ընդդիմադիրների պայքարի ուղղությունը արդեն տեղափոխվում է խորհրդարան։ Նրանք քայլերի հերթականություն են ներկայացնում և խոսում ժամանակավոր կառավարության մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության համար պայքարող 17 կուսակցությունների ձևաչափն այսօր փոխվեց։ Այն վերածվեց «Հայրենիքի փրկության խորհուրդ»– ի, որին միացան նաև պայքարի դուրս եկած հանրային գործիչներն ու մտավորականները։ Հավաքը, քննարկումները և որոշումը կայացվեց Դաշնակցության Գերագույն մարմնի գրասենյակում։ Որոշեցին վարչապետի միասնական թեկնածուին և քայլերի հաջորդականությունը, որոնք, պատկերավոր ասած, «դրսից» տեղափոխվում են «ներս»՝ ԱԺ։

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան:

«Ճանապարհը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ քննարկվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։ Երկու ճանապարհ կա կամ ինքնակամ գիտակցի, հեռանա, կամ ԱԺ–ն քննարկի իր պաշտոնանկության հարցը և ընտրի նոր` ժամանակավոր վարչապետի թեկնածու»։

Ընդդիմադիրների միասնական թեկնածուն ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն է։ Մի քանի գործոն կա, որոնք հաշվի են առնվել նրա թեկնածությունն ընտրելիս։ Այդ գործչի ունեցած փորձը, կարծում են, կօգնի նրան բանակցությունների սեղանին նստելու համար, իսկ հետագա քաղաքական ամբիցիաների առումով պատասխանները կարելի է գտնել տարածված հաղորդագրության մեջ։ Ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում Վազգեն Մանուկյանը պարտավորվում է դադարեցնել իր քաղաքական գործունեությունը, իսկ 1 տարվա մեջ կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոչ միայն չի մասնակցելու, այլև չի սատարելու որևէ քաղաքական ուժի։ «Հայրենիքի փրկության խորհուրդ»–ի քաղաքական հատվածը՝ թե «Հայրենիք» կուսակցությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» չեն թաքցնում, որ ապագա քաղաքական պայքարում զգալի դեր են խաղալու։ Դրա մասին խոսում են թե Արթուր Վանեցյանը, թե Իվետա Տոնոյանը։

Արթուր Վանեցյան . «Ոչ թե ենթադրում եմ, անպայման մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ձգտելու ենք այդ ընտրություններում հավաքել մեծամասնություն»։

Իվետա Տոնոյան.  «Այստեղ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր կուսակցությունները, որոնք նախորդող ժամանակահատվածում լծված են այս պայքարի գործին, բնականաբար բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն և իրենց պատկերացումները, որ իրենց քաղաքական ուժից կոնկրետ ով կարող է ճգնաժամային այս իրավիճակում ստանձնել այդ պատասխանատվությունը։ Սակայն բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական ամբիացիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, թե հակաճգնաժամային գործընթացներում նրա կարողունակությունը»։

Միասնական ընդդիմությունը այս դեպքում հաշվի չի առնում Ռուսաստանից եկող ազդակները։ Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց դժվարին պայմաններում Հայաստանի վարչապետին աջակցելու մասին։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հստակեցնում է՝ իրենց պայքարի համար դա նշանակություն չունի։

«Եկեք սարքենք ավանդույթ և պայմանավորվենք, որ ներքին քաղաքական հարցերը լուծվում են բացառապես ներքին լսարանում ու ներքին քաղաքական ուժերի համաձայնությամբ։ Այո, ՌԴ–ն մեր ռազմավարական կարևորագույն  գործընկերն է, բայց կարծում եմ, որ Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծեն ՀՀ քաղաքացիները և ՀՀ հասարակական–քաղաքական շրջանակները»։

Ռուսաստանից եկող ազդակներից մեկն էլ այն էր, որ նոյեմբերի 9–ին ստորագրված փաստաթղթից հրաժարվելը կործանարար կլինի Հայաստանի համար։ Այդ հայտարարությունը ևս արել էր Վլադիմիր Պուտինը։ Այս դեպքում ինչ է լինելու այն փաստաթղթի հետ, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջի պատճառ դարձավ․

«Մենք որևէ պարագայում չենք հայտարարել, որ մենք չեղարկելու ենք հայտարարությունը։ Այդ ամեն ինչի մասին անպայման անդրադարձ կլինի և կասենք առաջիկայում»։  

Իսկ առաջիկայում դեկտեմբերի 5–ի հանրահավաքն է, որտեղ նախատեսվում է Վազգեն Մանուկյանի խոսքը որպես վարչապետի միասնական թեկնածու։ Ենթադրվում է, որ ներկայացնելու է առաջիկա քայլերի հաջորդականությունը՝ աշխատանքային քարտեզը։

Ինչ վերաբերում է Աժ–ում իրադարձությունների զարգացմանը, ապա եթե խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան»–ի դիրքորոշումը պարզ է, նույնը չի կարելի ասել խորհրդարանական մյուս երկու ուժի մասին։ Անգամ եթե «լուսավորականների» հետ հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, այդ դեպքում դեռ մնում է «Իմ քայլ»–ից պատգամավորների լրացուցիչ աջակցության հարցը։ Հենց այնպես ձայները չեն բավականացնի ԱԺ–ում վարչապետ փոխելու համար։ Այս հարցով Իշխան Սաղաթելյանը բանակցությունների մեջ արդեն եղել է։

«Խորհրդարանական խմբակցություններից ԲՀԿ–ն այս պրոցեսի կենտրոնական ուժերից մեկն է, ԼՀԿ–ի հետ ես երեկ հանդիպում ունեցել եմ և մեր առաջարկությունն իրենց փոխանցել եմ։ Կարծիքը հարցրեք «Լուսավոր Հայաստան»–ից, իրենք թող ձեզ պատասխանեն։ Ես վստահ եմ` ձայների անհրաժեշտ քանակությունը առաջիկայում կապահովվի, որովհետև նաև վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունը այդ գիտակցությունն ունի և կկատարի այդ քվեարկությունը՝ դրանով կփրկեն իրենք իրենց ու նաև մեր երկիրը»։

Անկախ ստացված առաջարկից` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արդեն առանձին նախաձեռնությամբ է հանդես եկել։ Դեկտեմբեր 7-ին խորհրդարանական լսումներ են կազմակերպելու Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը քննարկելու և սահմանելու համար։

Back to top button