ԿարևորՀասարակություն

Ինչպես կյանքի, այնպես էլ հավերժի ճամփան եղբայրները միասին անցան

Պատերազմի զոհված հերոսների հերթական ցուցակն է հրապարակվում։  Ու  քեզ թվում, թե բոլորի անունները ծանոթ են։ Անտեսանելի հարազատություն զգացում ես ունենում։ Բայց նրանք և ծանոթ են, և անծանոթ։ Ցուցակում նկատում եմ երկու եղբայրների անուններ՝  Դավիթ և Սպարտակ Մարտիրոսյաններ։

Եղբայրները Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից են։ Արցունքը քարանում է կոկորդումս։ Մի ընտանիքից երկու  հոգի։ Բայց որքան էլ դժվար լինի, զգացմունքներս կառավարելով որոշում եմ այցելել Սարդարապատ ու զրուցել  տղաների  հարազատների  հետ բոլորին պատմել նրանց հերոսության մասին։

Սարդարապատի դպրոցի մի անկյունում տղաների լուսանկարներ  են, դիմացը` խոնհարված  ծաղիկներ։ Դասղեկ  Էվելիան Կնյազյանի հետ բարձրանում  ենք այն դասարանը,  որտեղ սովորել է Դավիթը։  Նա նստում էր երրորոդ շարքում։

«Դավիթը բավականին լավ էր սովորում, նպատակներ ուներ։ Ուզում էր բուհ ընդունվել․․․ Իսկ  իրենց տունը ընկերների հավաքատեղին էր դարձել․․․այնքան ջերմություն կար իրենց տանը»։

Կնյազյանն ասում է, որ չնայած եղբորը` Սպարտակին, դաս չի տվել, բայց նա եղբորից անբաժան էր։ Դասարանի բոլոր հավաքույթներին ներկա էր։

«Մենք սիրում ենք ամեն ինչի մեջ խորհրդանիշներ փնտրել։ Ոնց անբաժան էին կյանքում, էնպես էլ անբաժան անմահացան»։

Դասարանից դուրս ենք գալիս,  դասղեկը պատմում է, որ վերջին զանգին միտք են հղացել, որ   դասարանը  պետք է  վերանորոգեն։ Դավիթը ակտիվ մասնակիցներց էր։

Արդեն  հուշ–անկյան կողքին Դավիթի  դասընկերներն են։ Նրանք խոսում են նաեւ Սպարտակի մասին։

Քայլերս ուղղում եմ տղաների տուն։ Պատին երեք մեծադիր նկար է` տղաներինը և նրանց մայրիկինը։ Ինձ դիմավորում են տատիկն  ու պապիկը։

«Է՜ աղջիկ ջան, խելք չի մնացել գլխներիս։ Իմ հրաշք թոռները․․․ Ինչ տղաներ էին։ Նրանք կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն ազգի ․․․Մի անգամ չտրտնջացին ու չբողոքեցին զինվորական կյանքից»։

Եղբայրները մեկ տարվա տարբերությամբ նույն օրը` հուլիսի 9 –ին, են զորակոչվել Հայոց  ազգային բանակ, ու զոհվել են նույն  օրը՝   հոկտեմբերի 18–ին։  Վերջին անգամ  տղաների հետ խոսել են  հոկտեմբերի 16-ին․

«Սպարտակս հետախույզ էր, իսկ Դավիթս` տանկիստ։  Մի քանի հարյուր կմ հեռավորության վրա էին։ Դավիթս, որ իմանում է եղբոր  մասին, հրամանատարին խնդրում է գնալ եղբորը տեսնել։ Հրամանատարը չի մերժում, գնում է հասնում է տեղ ու մեկ ժամ հետո այդ դեպքը տեղի է ունենում»։

Տատիկին խնդրում եմ  ցույց տալ տղաների լուսանկարները, ուղեկցում է նրանց սենյակ։ Լուսանկարների մոտ տեսնում եմ Դավիթի ծխախոտը, կրակայրիչը և երկուսի զինգրքույկները։

«Դավիթս երբ ծնվեց, փոթորիկ էր ուժեղ… Երբեք չբողոքեցին, ինչ հարցնում էինք, ասում էին ամեն ինչ շատ լավ ա, չոտկի, դուք ձեզանից ասեք» ։

Տղաների տնից դուրս եմ գալիս, բայց մտքումս պապիկի  խոսքերն են․ իմ հերոս տղաներն    ընկան հանուն հայրենիքի․․․

Back to top button